Բացել գլխավոր ցանկը

Կապակցություն (ռուս.՝ сочетание, сочинение), լեզվական միավորների հաջորդականության, շարակարգային հարաբերակցության, իմաստային, իմաստա-կառուցվածքային փոխհարաբերակցության արտահայտությունը։ Կարող է լինել՝ հնչյունական, բառային, դարձվածքային, ձևույթային և շարահյուսական։

Հնչյունական կապակցությունԽմբագրել

Հնչյունական կապակցությունը (ռուս.՝ звукосочетание) արտասանությամբ հարաբերակցող (նախորդող և հաջորդող) երկու և ավելի հնչյունների գծային հատվածն է. կարող է լինել բաղաձայնական կապակցություն, վանկակապակց

Mություն և այլն։ Հայերենում բաղաձայնական կապակցություններն ունեն իրենց ուղղագրական և ուղղախոսական առանձնահատկությունները։ Վանկի բաղաձայնական եզրը կարող է ներկայանալ մենաբաղաձայն հատվածով կամ բաղաձայնական կապակցությամբ, ընդ որում, մենաբաղաձայն կարող է mլինել ինչպես վանկասկիզբը, այնպես էլ վանկավերջը (դար-պաս, դան-դաղ), իսկ երկբաղաձայն կամ եռաբաղաձայն՝ միայն վանկավերջը (զարդ, գանգ, անցք)։ Կան թույլատրելի և անթույլատրելի բաղաձայնական հնչյունակապակցություններ։ Առաջին դեպքում առկա է կապակցելիություն, երկրորդ դեպքում՝ անկապակցելիություն։ Հնչյունական կապակցելիությունը դրսևորվում է մեկ վանկի սահմաններում, այլապես տեղի ունի վանկերի կապակցություն. այսպես՝ մակդիր բառում կդ-ն կապակցելի չեն, դրանց միջով անցնում է վանկաբաժան՝ մակ-դիր, իսկ, օրինակ, րդ-ն թույլատրելի կապակցություն է՝ մարդ-կային։

Վանկակապակցությունը (ռուս.՝ слоговое сочетание) նույնպես ունի իր առանձնահատկությունները։ Հնչաբառում վանկերը հանդես են գալիս որոշակի կապակցություններով. այսպես՝ երկբաց վանկին չի կարող հաջորդել այլ երկբաց վանկ, իսկ երկփակ ու վերջափակ վանկին չի կարող հաջորդել երկբաց կամ սկզբնաբաց վանկ և այլն։

Բառային կապակցությունԽմբագրել

Բառերի կապակցությունները դրսևորվում են որպես ազատ կապակցություններ կամ ազատ բառակապակցություններ, որպես կայուն կապակցություններ կամ կայուն բառակապակցություններ։ Ազատ կապակցությունները (ռուս.՝ свободные сочетания) շարահյուսական կապակցությունների խմբին են պատկանում, իսկ երբ դրանք վերաբերում են նախադասության անդամների մեջև փոխհարաբերությանը, ապա կոչվում են ազատ բառակապակցություններ (ռուս.՝ свободные словосочетания), սրանք էլ իրենց հերթին, ըստ կապակցության անդամների փոխհարաբերության բնույթի, լինում են համադասական (ռուս.՝ сочинительное, независимое сочетание) կամ համասեռ (ռուս.՝ однородное сочетание) և կախյալ (ռուս.՝ зависимое сочетание)։ Համադասական հարաբերության մեջ են, օրինակ, բազմակի անդամները, կախյալ հարաբերության մեջ են լրացումն ու լրացյալը։

Բառայնացած կապակցությունները (ռուս.՝ лексикализованные сочетания) հիմնականում հարադրական բարդություններն ու դարձվածքներն են, բառակապակցական անվանումները (հատուկ և հասարակ) և դարձվածքային կապակցությունները (ռուս.՝ идиоматические словосочетания

Ձևույթային կապակցությունԽմբագրել

Ձևույթային կապակցությունը (ռուս.՝ морфемное сочетание) բառաձևի ոլորտի գործառույթ է, պայմանավորված է ձևույթի կապակցելիությամբ, նրա դիրքային, իմաստային և այլ գործոններով։ Բոլոր մյուս տիպի կապակցությունները դրսևորվում են համադասությամբ կամ ստորադասությամբ։

Համադասությունը (ռուս.՝ сочинительная связь) քերականորեն համարժեք, համազոր միավորների կապակցության եղանակն է (նախադասության բազմակի անդամներ, բարդ համադասական նախադասության բաղադրիչ նախադասություններ և այլն)։ Համադասական կապակցությունը կարող է արտահայտվել համադասական շաղկապներով, համապատասխան հնչերանգով։

Ստորադասությունը (ռուս.՝ подчинительная связь) քերականորեն անհամարժեք, անհամազոր միավորների կապակցության եղանակն է։ Ստորադասական հարաբերության մեջ են, օրինակ, կախյալ բառակապակցության անդամները (լրացում-լրացյալ), ստորադաս նախադասությունը գերադասի հանդեպ և այլն։ Ստորադասությունը կարող է դրսևորվել համաստորադասությամբ (ռուս.՝ соподчинение) և ենթաստորադասությամբ (ռուս.՝ последовательное подчинение)։ Համաստորադասությունը կարող է լինել համասեռ (ռուս.՝ однородное соподчинение) և անհամասեռ (ռուս.՝ неоднородное соподчинение)։ Համասեռի դեպքում ստորադասվողները միաբնույթ են, կապված են նույն լրացյալի հետ և իրար նկատմամբ համադաս են։ Անհամասեռի դեպքում ստորադասվողները, եթե նույնիսկ կապված են նույն լրացյալի հետ, տարաբնույթ են։ Ենթաստորադասություն ունեն, օրինակ, ենթաստորադասական նախադասության բաղադրիչ անդամ նախադասությունները։ Բարդ ստորադասական նախադասություններում ստորադասական կապակցությունը կարող է արտահայտվել ստորադասական շաղկապներով, հարաբերական բառերով, շարադասությամբ, հնչերանգով։

Շարահյուսական կապակցությունԽմբագրել

Շարահյուսական կապակցությունները (ռուս.՝ синтаксические сочетания) արտահայտվում են ազատ բառակապակցության և նախադասության ոլորտներում, դրսևորվում են համադասությամբ և ստորադասությամբ։ Ազատ բառակապակցության մեջ բաղադրիչները նախադասության անդամներ են, որոնց կապակցությունը դրսևորվում է համաձայնությամբ, խնդրառությամբ և առդրությամբ։

Բարդ նախադասության բաղադրիչների կապակցությունը ևս կարող է լինել համադասական և ստորադասական։ Կապակցությունը համադասական է, երբ բաղադրիչ նախադասությունները միմյանց նկատմամբ համազոր են, կախյալ չեն։ Համադասական հարաբերության մեջ են նաև բարդ ստորադասական նախադասության համաստորադաս բաղադրիչները։

Կապակցությունը ստորադասական է, երբ բաղադրիչ նախադասություններից մեկը գլխավոր է, մյուսը՝ երկրորդական։ Միմյանց նկատմամբ ստորադաս կարող են լինել նաև երկրորդական նախադասությունները։

Խոսքի մեջ նախադասությունների կապակցությունը դրսևորվում է տարբեր հարաբերություններով՝ միավորական, ներհակական (հակադրական), մեկնական, տրոհական, պատճառահետևանքային, ժամանակային, տարածական և այլն։ Համադասական և ստորադասական կապակցություններն իրացնող միջոցները՝ շարահարությունը, շարադասությունը, հնչերանգը, կապակցական բառերը՝ կապերը, շաղկապները, համարժեք այլ բառեր ու բառակապակցություններ, կոչվում են կապակցական միջոցներ։ Երբ կապակցությունը դրսևորվում է նյութական արտահայտություն ունեցող կապակցական տարրերով, ապա առկա է զոդվածով կապակցություն, իսկ երբ կապակցությունը դրսևորվում է շարահարությամբ, առանց նյութականորեն արտահայտված տարրերի, ապա առկա է անշաղկապ կապակցություն։

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, էջ 295