Արշակ Տեր-Միքելյան

հայ հայագետ, աստվածաբան, պատմաբան

Արշակ Տեր-Միքելյան (փետրվարի 1, 1864(1864-02-01), Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 25, 1901(1901-06-25), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն), աստվածաբան, պատմաբան, հայագետ, մանկավարժ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1892)։ Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը (1881), Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (1888), աշակերտել Մ. Օրմանյանին, որը նրա մեջ սեր է արթնացրել աստվածաբան. գիտությունների հանդեպ։ Ուսուցչի խորհըրդով, աստվածաբան. գիտությունների մեջ կատարելագործվելու նպատակով, մեկնել է արտասահման, ավարտել Ենայի համալսարանը (1892), ուսանել հայագետ Հ. Գելցերին, աստվածաբան Ա. Հառնակին և այլոց։ Ավարտաճառը՝ «Հայաստանեայց եկեղեցին և բիւզանդեան ժողովոց պարագայք» (1892, գերմ.), թարգմանել է հայերեն, լրացրել է և 1892 թվականին հրատարակել Մոսկվայում։ Աշխատությունն արժանացել է Սահակ-Մեսրոպյան մրցանակի։ 1892 թվականին, Արիստակես եպիսկոպոսի տեսչության օրոք, ուսուցչության է հրավիրվել Գևորգյան ճեմարան։ 1894 թվականին Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հատուկ խնդրանքով մեկնել է Շուշի՝ աշխատելու թեմական դպրոցում։ Աշխատակցել է «Նոր Դար», «Լումա», «Արարատ» պարբերականներին։ Տեր-Միքելյանի գիտական երախայրիքը «Հայաստանեայց եկեղեցին և բիւզանդեան ժողովոց պարագայք» երկն է, որով ազդարարվել է հայկ. բյուզանդագիտ. դպրոցի ստեղծումը։ Հեղինակն ընդհանուր գծերով ներկայացրել է Հայ եկեղեցու պատմությունը մինչև XIII դ., անդրադարձել երկու եկեղեցիների դավան. և ծիս. վեճերի ակունքներին։ Այս թեման շարունակել է «Միջին դարերի կաթողիկոսների ձգտումները եկեղեցական խաղաղութեան համար», «Եկեղեցական աղմուկները ԺԴ դարի սկզբում», «Սսի և Ատանայի իշխանաժողովը» հոդվածաշարերում՝ հրապարակելով հայագիտությանը մինչ այդ անհայտ բազմաթիվ վավերագրեր։ Հիշատակելի է նաև Սամուել Անեցու՝ Տ-Մ-ի առաջաբանով, համեմատություններով, հավելվածներով և ծանոթագրություններով հրատարակած «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց...» (1893) երկը։ Տ-Մ. «Աստուածաբանական գիտութիւնները» (1893), «Հայաստանեայց առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցին և իւր սուրբ կարգը» (1897) աշխատություններում բացատրել է Հայ եկեղեցու ծեսի և վարդապե-տության յուրահատկությունները, գտնելով, որ պետք է գնալ դրանք եկեղեցու ողջ պատմությամբ և ավանդություններով բացատրելու, ժողովրդի կյանքում ավելի կիրառելի դարձնելու և ոչ թե դրանցից հրաժարվելու ճանապարհով։ «Հայաստանեայց սուրբ եկեղեցու քրիստոնէականը» (1900) երկում առաջին անգամ համակարգել ու դասդասել է հայ դավան. բազմադարյան փորձն ու ձեռքբերումները։

Արշակ Տեր-Միքելյան
Ծնվել էփետրվարի 1, 1864(1864-02-01)
Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 25, 1901(1901-06-25) (37 տարեկան)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան, աստվածաբան, հայագետ և ուսուցիչ
Ալմա մատերՇուշիի ռեալական ուսումնարան (1881) և Գևորգյան հոգևոր ճեմարան (1888)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Աղբյուր

խմբագրել
  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։

Արտաքին հղումներ

խմբագրել