Արաբական բառարանագիտություն

Արաբական բառարանագիտություն, արաբական լեզվաբանության (արաբ․՝ علم اللغة‎‎, 'իլմ ալ-լուղա) ուսումնասիրման առարկա, որը նաև ներառում է բառարանագրությունը։ Արաբ բանասերները դեռ վաղ էին զգացել նախաիսլամական պոեզիայի, Ղուրանում և հադիսներում հնչողությամբ և գրությամբ տարբեր, սակայն իմաստով նման բառերի առկայությունը։ Այս փաստը նրանց դրդեց ուսումնասիրել հոմանիշ, հականիշ, բարբառային բառերը և արտահայտությունները, հավաքագրել դրանք։ Այդպես սկսեցին ստեղծվել առաջին բառարանները։

Արաբական բառարանագրական ավանդույթի կարևոր մասն են հանդիսանում բազմաթիվ թեմատիկ «բառարանիկները», որոնք խմբավորել են բառացանկերը թեմատիկ կամ բառաիմաստաբանական սկզբունքի։ Նրանցում խմբավորված էր արտասովոր՝(արաբ․՝ غريب‎‎` ղարիբ) , բարբառային՝ (արաբ․՝ لغات‎‎` լուղաթ) , Ղուրանի և հադիսների, և հազվադեպ, քիչ օգտագործվող բառաձևերը (արաբ․՝ نوادر‎‎` նաուադիր)։ Բառապաշարի այսպիսի հավաքագրողները սկզբնական շրջանում քերականագետներն էին, իսկ առաջին բառարանագրական աշխատությունները անբաժան էին քերականությունից։

Ղուրանը և բառարանագիտությունը խմբագրել

Արաբական բառանագրության առաջացումից ի վեր ուշադրությունը առաջին հերթին կենտրոնացավ նախաիսլամական պոեզիայի(արաբ․՝ شعر الجاهلي‎‎՝ շի'ր ալ-ջահիլի) վրա։ Ղուրանում և հադիսներում հանդիպող բառերի և արտահայտությունների առանձին դասակարգերը նույնպես դիտարկվում էին բանաստեղծական բառապաշարի հետ։ Մասնավորապես Ալ-Խալիլ իբն Ահմադի «Քիթաբ ալ-Այնի» (արաբ․՝ كتاب العين‎‎) ստեղծման դրդապատճառները անկասկած վերաբերում են ինչպես նախաիսլամական, այնպես ալ-Խալիլի ժամանակվա պոեզիային։ Պատահական չէ, որ բառարանի նախաբանի մեջ ասվում է, որ Ալ-Խալիլը ցանկացել է «ճանաչել, թե ինչպիսիք են արաբները իրենց բանաստեղծությունների, ասացվածքների և ճառերի մեջ»։

 
Ղուրան

8-րդ դարից սկսած շատ են սկսում գրել աշխատություններ «Արտասովոր բառերը Ղուրանում» խորագրով (արաբ․՝ غريب القرآن‎‎ «Ղարիբ ալ-Կուր'ան»)։ Այդպիսի առաջին աշխատությունը վերագրվում է Աբդալլահ իբն Աբբասին, ալ-'Իջլին և ուրիշներին։ 9-րդ դարում մի շարք հեղինակներ շարունակում են նմանատիպ աշխատություններ գրել։ Դրանցից ամենահայտնին 144 էջ ունեցող Իբն-Քութեյբայի գիրքը։ Այն սկսվում է Ալլահի կոչումների բացատրությամբ (արաբ․՝ الأسماء الحسنة‎‎ , ալ-ասմա ալ-հուսնա)։ Այնուհետև բացատրվում են բառերը, որոնք Ղուրանում առավել հաճախ են հանդիպում և դրանից հետո նոր բացատրվում է Ղուրանի արտասովոր բառապաշարը։ 10-րդ դարում ալ-Սիջիստանին նույնպես ստեղծում է նմանատիպ աշխատություն, որը կոչվում էր «Սրտերի զբոսանք Ղուրանի բառերով»(արաբ․՝ نزهة القلوب في غريب القرآن‎‎՝ նուզհաթ ալ-կուլուբ ֆի ղարիբ ալ-Կուր'ան)։ Աշխատությունը 230 էջ է, բառերն այստեղ հակիրճ են բացատրվում, առանց հղումների բանասիրական հեղինակությունների։ Նրանում նա դասավորեց արտասովոր ղուրանական բառերը ըստ առաջին արմատական տառի, այդ տառերը ձևավորում են մասեր։ Ամեն մի մաս բաժանվում է գլուխների.

  • Ա հարաքայով (արաբ․՝ فتحة‎‎՝ ֆաթհա) բառեր առաջին արմատականների մոտ
  • Ու հնչույթով (արաբ․՝ ضمة‎‎՝ դամմա) բառեր առաջին արմատականների մոտ
  • Ի հնչույթով (արաբ․՝ كسرة‎‎՝ քասրա) բառեր առաջին արմատականներ մոտ

11-րդ դարում ալ-Իսֆահանին գրում է «Ղուրանի եզրույթներ» (արաբ․՝ مفردات في غريب القرآن‎‎ , «Մուֆրադաթ ֆի ղարիբ ալ-Կուր'ան» կամ արաբ․՝ مفردات الألفاظ القرآن‎‎ , «Մուֆրադաթ ալֆազ ալ-Կուր'ան»)։ Աշխատության նախաբանում հեղինակը նշում է, որ սկզբում շարադրում են այն ինչ սկսվում է ա հարֆով (արաբ․՝ ألف‎‎՝ ալիֆ), այնուհետև բ (արաբ․՝ باء‎‎՝ բա) և այսպես՝ այբբենական հաջորդականությամբ։ Ուշադրության են արժանաում միայն սկզբի արմատական տառերը։

13-րդ դարում ալ-Ռազին գրում է «Ճշմարիտ ընտրանին» (արաբ․՝ مختار الصحيح‎‎՝ մուխթար աս-Սահիհ)։ 15-րդ դարում հայտնի էր ալ-'Իրակիի «Հազարամատյան»-ը (արաբ․՝ الألفية في غريب القرآن‎‎՝ ալ-Ալֆիյա ֆի ղարիբ ալ-Կուր'ան)։

Հադիսները և բառարանագիտությունը խմբագրել

 
Ղարիբ ալ-Հադիս

«Ղարիբ ալ-Կուր'ան»-ի ստեղծագործություններից ավելի ուշ ի հայտ են գալիս հադիսների արտասովոր բառապաշարին վերաբերող հավաքածուներ (արաբ․՝ غريب الحديث‎‎՝ ղարիբ ալ-հադիս)։ Այդպիսի առաջին աշխատությունները վերագրվում են ալ-Մուսաննային (8-րդ դար) և նրա ուսուցիչ Աբդ ալ-Ա'լային, այս աշխատությունները մեզ չեն հասել։ Միայն 12-րդ դարի առաջին անգամ ղարիբ ալ-հադիսում Մուհամմադ իբն Աբի Ջարադան է փորձ արել դասակարգել բառային միավորները ըստ արմատական տառերի այբբենական կարգի։ Այս դասի առավել նշանավոր աշխատություններից է համարվում ալ-Զամախշարիի «Գերազանցող հադիսային իմաստաբանության» (արաբ․՝ الفائق في غريب الحديث‎‎՝ ալ-ֆա'իկ ֆի ղարիբ ալ-հադիս)։ Կառուցվածքային առումով այն բաժանվում է մասերի (արաբ․՝ كتب‎‎՝ քութուբ), այբբենական տառերով, որոնք համարվում են առաջին արմատական։ Այնուհետև մասերը բաղկացած են գլուխներից (արաբ․՝ باب‎‎՝ բաբ), որտեղ հաշվի են առնվում երկրորդ արմատականները։

«Ղարիբ ալ-հադիս» աշխատություններն իրենց գագաթնակետին են հասնում 13-րդ դարում, այնուհետև Իբն ալ-Ասիրի «Հադիսային իմաստաբանության գագաթնակետ» աշխատությունը (արաբ․՝ النهاية في غريب الحديث‎‎՝ ան-նիհայա ֆի ղարիբ ալ-հադիս) աշխատությունից հետո, այս տիպի աշխատություններն անկում են ապրում։ Ի տարբերություն «Ղարիբ ալ-Կուր'անի» «Ղարիբ ալ-հադիս»-ում ավելի թույլ է պահպանվում բառային տառերի այբեննական հերթականությունը։ Արմատական տառերին հաճախ կցվում են նաև մասնիկներ։ Որոշ բանասերներ փորձել են այս 2 դասերը համախմբել «Ղարիբների երկու գրքեր» (արաբ․՝ كتب الغربين‎‎՝ քութուբ ալ-ղարբեյն) դասի մեջ։

Բարբառները և բառարանագիտությունը խմբագրել

Ղուրանի և հադիսների բառապաշարից բացի բանասերները վաղ շրջանում նաև ստեղծել էին այնպիսի աշխատություններ, որոնք վերաբերում էին բարբառային բառերին (արաբ․՝ لغات‎‎՝ լուղաթ)։ Ստեղծվեցին, ինչպես Ղուրանի սահմաններում բարբառներին նվիրված աշխատություններ (արաբ․՝ لغات القرآن ‎‎, «Լուղաթ ալ-Կուր'ան»), այնպես էլ տարբեր ցեղերի բարբառներին վերաբերող (արաբ․՝ لغات القبائل‎‎՝ լուղաթ ալ- կաբա'իլ»)։ Առաջին բարբառային բառարանների ստեղծումը վերագրվում է Յունուս իբն-Հաբիբին և Աբու Ամր ալ-Շայբանիին։ Ալ-Շայբանին համարվում է «Քիթաբ ալ-Ջիմ» (արաբ․՝ كتاب الجيم‎‎) մեծ բառարանի հեղինակը, որը հայտնի է նաև Բարբառի գիրք (արաբ․՝ كتاب اللغات ‎‎՝ քիթաբ ալ-լուղաթ) անվանումով։ Հեղինակը գործ ունի զգալի թվով ցեղային բարբառների հետ։ Բառագործածության հիմնական ապացույցները նա բերում է բանաստեղծություններից, որոնց մեծ քանակը դարձնում է բառարանը տարբեր ցեղերի յուրօրինակ բանաստեղծային ժողովածու։ Ալ-Շայբանիի բառարանում բառապաշարը դասակարգված է միայն ըստ առաջին տառի։ Բարբառային բառապաշարի առավել հայտնի աշխատություն է համարվում Իբն աս-Սիկկիտի «Տրամաբանության բարելավում»-ը (արաբ․՝ إصلاح المنطق‎‎՝ իսլահ ալ-մանտիկ), Իբն Դուրեյդայի «Ընտրանի»-ն (արաբ․՝ المخصص‎‎՝ ալ-մուխասսաս)։

 
ալ-Խալիլ իբն Ահմադ

Բառարանագրության աշխատությունների մեջ առանձին ճյուղ էին կազմում փոխառված բառերը՝ «արաբացված» (արաբ․՝ معرّب‎‎՝ մու'արրաբ) և ներմուծված (արաբ․՝ داخل‎‎՝ դախիլ)։ Դա սկզբում վերաբերում էր միայն Ղուրանում, ապա նաև՝ գիտություններում ու կենցաղում պարսկերենից, լատիներենից, հունարենից, արամեերենից, նաբատեերենից, սանսկրիտից և մի քանի այլ լեզուներից ներմուծված բառերին։ Հայտնի է ալ-Ջավալիկիի (արաբ․՝ المعرب من الكلم العجمي‎‎՝ ալ-մու'արրաբ մին ալ քալամ ալ-աջամի), ալ-Բիշբիշիի (արաբ․՝ التحذيب والتكميل لما أستُعمل من أللفظ الداخل‎‎՝ աթ-թահզիբ ուա աթ-թաքմիլ լի–մա ուսթու'միլա մին ալ-լաֆզ ադ-դախիլ), Իբն Քամալ Փաշայի (արաբ․՝ رسالة في تعريب الألفاظ العربية‎‎՝Ռիսալա ֆի թա'րիբ ալ-ալֆազ ալ-արաբիա) աշպատությունները։ Վերջինը, օրինակ, բաժանված է 4 մասի կախված փոխանցված բառապաշարի «արաբականացման» աստիճանի հետ։ Առաջին խմբի մեջ են մտնում բառերը, որոնք փոփոխություններ են կրել և արաբական հոլովումներին են ենթարկվել, երկրորդ՝ բառեր, որոնք փոփոխություններ չեն կրել և արաբական բառակազմական մոդելներին չեն ենթարկվել, երրորդը՝ բառեր, որոնք փոփոխություններ չեն ենթարկվել, սակայն արաբական բառակազմական մոդելներին են ենթարկվել և չորրորդը՝ բառեր, որոնք փոփոխություններ են կրել, չենթարկվելով արաբական հոլովվային համակարգին։

Ալ-Խալիլ իբն Ահմադի «Քիթաբ ալ-'Այն»-ի (արաբ․՝ كتاب العين‎‎) ստեղծումից քիչ առաջ ալ-Ասնա'ին գրել է «Գիրք մարդկանց մարմնի կառուցվածքի մասին» (արաբ․՝ كتاب خلق الإنسان‎‎՝ քիթաբ խալկ ալ-ինսան), ինչպես նաև՝ աշխատություններ կենդանական աշխարհի մասին։ Ալ-Արաբին և ալ-Սիջիստանին ստեղծել էին «Գիրք միջատների մասին» (արաբ․՝ كتاب الحسرات‎‎՝ քիթաբ ալ-հասարաթ)։ Բառարանագետներին ուշադրությանն է արժանացել նաև «բուսական» բառապաշարը։ Նշված բառարաններում բառարանագետները ելնում էին ոչ թե բառի կազմության սկզբունքից, այլ բառի իմաստի։

8-րդ դարից սկսած սկսվում են ի հայտ գալ հազվադեպ բառերի բառարանները (արաբ․՝ كتاب النوادر‎‎՝ քիթաբ ան-նաուադիր), որոնց ամենահայտնին ալ-Անսարիինն է։ Պահպանվել է նաև Ալ-Արաբիի «Ան-Նաուադիր»-ը։ Ժողովածուի ձևով գրված ամենահայտնի աշխատություններ գրել են Աբու Ուբեյդան (արաբ․՝ الغريب المثنّف‎‎՝ ալ-ղարիբ ալ-մուսաննաֆ) և Իբն Սիդան (արաբ․՝ المخصص في اللغة‎‎՝ ալ-Մուխասսաս ֆի ալ-լուղա)։

Վերլուծաձևաբանական սկզբունք խմբագրել

Բառապաշարի՝ ըստ ձևաբանական կամ վերլուծաձևաբանական սկզբունքի դասակարգման, խմբավորման համար մեթոդաբանական հիմք է հանդիսացել քերականագետների աշխատանքները։ Նրանց ընդհանուր հատկանիշը համարվում էր բայերի, անունների ու մասդարների հոլովման և խոնարհման աղյուսակների մանրակրկիտ մշակված համակարգը։ Նման յուրաքանչյուր մոդելը (օրինակ ուղիղ անունների համար. Fa’l, fa’la, fa’li, fu’l, fu’la և այլն) բառարանագիրների համար համարվում էր այն «բջիջը», այն առանցքային տարրը, որի շուրջ նրանք խմբավորում էին բառացանկեր՝ նրանց հոլովառական շրջանակի հետ խիստ համահունչ։ Այս բառարանները կազմված են ըստ կաղապարների /wazn/։

Պահպանվածներից հայտնի են աս-Սիջիստանիի և ազ-Զաջաջի «Fa’altu wa-af’altu» աշխատությունները։ Ալ-Զաջաջին ձգտում է իր բառարանը բաժանում է 4 մասի (aqsam). 1) նույն իմաստով օգտագործվող fa’altu և af’altu բայերը 2) նույնն ուղղակի տարբեր նշանակություններով 3) միայն fa’altu ձևով բառեր 4) միայն af’altu ձևով բառեր։ Իսկ այդ մասերն էլ իրենց հերթին բաժանվում են գլուխների (bab) ըստ առաջին տառերի սովորական այբբենական կարգով։

Նմանատիպ աշխատության հեղինակ է նաև ալ-Ջավալիկին «ma ja’a ‘ala fa’altu wa-af’altu bi-ma’na wahid mu’allaf ‘ala huruf al-mu’jam» (կրճատ Ma ja’a), որտեղ 1-ին և 4-րդ ձևերի բառաձևերը նույնպես համակարգված են գլուխներում ըստ առաջին արմատականի ըստ այբբենական կարգի։ Իսպանացի բառարանագիր Իբն Քութիայի աշխատությանը կոչվում է «al-Af’al as-sulasiya wa-r-ruba’iya», սակայն «ruba’iya» ասելով հեղինակը հասկանում է եռահարֆ բայի af’ala վազնը։ Բառերը դասավորված են ըստ փոփոխված հնչյունաբանական այբբուբենի դեռ ալ-Խալիլից եկող։ Եթե դիտարկված աշխատությունները ներառում էին միայն 2 բայական ձևեր ապա շուտով շրջանառության մեջ են մտնում նաև այլ տեսակներ ինչպես որ դա նկատվում է Աս-Սարակուստիի «al-Af’al» բառարանում։

Ստեղծվում են նաև kutub al-masadir բառարաններ, այսինքն վերլուծաձևաբանական սկզբունքի վրա ստեղծված բառարաններ, որոնցում հավաքագրվում էին մասդարներ։ Մասդարների մասին աշխատության առավել վաղ հեղինակ է ալ-Քիսաիին, որից հետո նման բառարաններ են ստեղծում Աբու Ուբեյդան, ալ-Ասմա'ին և ուրիշներ իսկ ահա ալ-Ֆարրայի և ալ-Յազիդիի աշխատությունները քննարկում են միայն մասդարների այն ձևերը, որ հանդիպում են Ղուրանում։ Մասդարների մասին բազմաթիվ գլուխներ է պարունակում Իբն Սիդայի «al-Muhassas’» աշխատությունը։

Ինչ վերաբերում է անվանական ձևերին ապա նրանց վերաբերյալ առանձին աշխատությունները հազվադեպ են աղբյուրների հիշատակություններում, գրեթե ցոչ մեկ չի պահպանվել։ Հավանաբար դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ անվանական բառակազմական մոդելները առավել բազմատեսակ են, իսկ դրանցում ձևի և իմաստի փոխհարաբերությունը քիչ կանոնավոր է և դժվարությամբ է ենթարկվում կանոնակարգված նկարագրման։ Համեմատաբար ավելի հայտնի են Աբու Ուբեյդայի «al-Ղarib al-Musannaf», աս-Սիկկիտիի «Իսլահ ալ-Մանտիկ», Իբն Քութեյբայի «Adab al-katib» և այլ աշխատություններ։ Մասդարային, բայական և անվանական ձևերի անջատ նյութը միավորելու և մեկ միասնական մշակված համակարգով ներկայացնելու միտքը առաջին անգամ եղել է ալ-Ֆարաբիի մոտ, ով «Diwan al-adab» բառարանի հեղինակն է։

Բառարանների այս ձևի ստեղծումը մեծ քայլ առաջ էր արաբական բառարանագրության մեջ։ Սակայն ՎՁՍ-ն դեռևս զգալիորեն զիջում է բառը ըստ արմատային կառուցվածքի դասակարգման միջոցին, այս բառարաններից օգտվելն ավելի դժվար էր, քան բուն արմատական, երբ պետք էր գտնել բառի արմատը, իսկ սրանց դեպքում՝ կաղապարը։