Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղ 2015, թենիսի տղամարդկանց մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի հունվարի 19-ից մինչև փետրվարի 1-ը, Մելբուրնի «Melbourne Park» («Մելբուրն պարկ») համալիրում, Ավստրալիա։
Տղամարդկանց մենախաղի մրցաշարը հավաքել էր համաշխարհային վարկանիշի Թոփ 20-ի տասնութ ներկայացուցիչների։ Առաջատար թենիսիստներից չէին մասնակցում միայն Մեծ Սաղավարտի նախորդ մրցաշարի՝ ԱՄՆ բաց առաջնության, հաղթող Մարին Չիլիչը (արմունկի վնասվածք)[1] և 2008 թվականի Ավստրալիայի առաջնության եզրափակիչի մասնակից Ժո Վիլֆրեդ Ցոնգան (դաստակի վնասվածք)[2]։ Դասակարգման առաջին համար դարձել է համաշխարհային վարկանիշի առաջատար Նովակ Ջոկովիչը։ Առաջին ութ դասակարգվածներից քառորդ եզրափակիչ չի հաջողվել հասնել միայն 2-րդ դասակարգված Ռոջեր Ֆեդերերին, ով երրորդ շրջանում պարտվել է Անդրեաս Սեպիին։ Շվեյցարացին Ավստրալիայի մրցաշարի այդքան վաղ շրջանից դուրս է մնացել առաջին անգամ 2001 թվականից ի վեր։ Միակ «չդասակարգվածը», ով դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, եղել է 19-ամյա Նիկ Կիրգիոսը։ Ավստրալիացին դարձել է 1990 թվականից ի վեր քառորդ եզրափակիչի ամենաերիտասարդ մասնակիցը, երբ այդ փուլին հաջողվել էր նույն տարիքում հասնել Անդրեյ Չերկասովին և առաջին ավստրալիացին, ով հասել է այդ փուլին սկսած 2005 թվականին Լեյթոն Հյուիթի հաջողությունից հետո[3]։ Կիրգիոսը նաև դարձել է առաջին դեռահասը, ով երկրորդ անգամ դարձել է Մեծ Սաղավարտի մրցաշարերում քառորդ եզրափակիչի մասնակից՝ 2006 թվականին Ռաֆայել Նադալից հետո։ Քառորդ եզրափակիչում պարտություն է կրել ևս մեկ հավակնորդ՝ Ռաֆայել Նադալը (№ 3), ով զիջել է Տոմաշ Բերդիխին (№ 7)։
Նախորդ տարվա հաղթող Ստանիսլաս Վավրինկան դասակարգված էր 4-րդ համարի տակ և հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նրան պարտության է մատնել Նովակ Ջոկովիչը։ Սերբը ռևանշ է վերցրել նախորդ խաղարկության քառորդ եզրափակիչում կրած պարտության համար։ Եզրափակիչում նա հանդիպել է բրիտանացի թենիսիստ Էնդի Մարրեյի (№ 7) հետ։ Ջոկովիչի համար այդ եզրափակիչը դարձել է 5-րդը Ավստրալիայի առաջնություններում և նրանցում բոլորում նա հաղթանակ է տոնել (2008, 2011, 2012 և 2013 թվականներին)։ Մարրեյի համար եզրափակիչը դարձել է չորրորդը և բոլորում նա պարտություն է կրել (2010, 2011 և 2013 թվականներին)[4][5]։ Բացի այդ, այդ եզրափակիչը դարձել է երրորդ Ավստրալիայում, երբ նրանք մրցակցել են միմյանց հետ (մինչ այդ 2011 և 2013 թվականներին), ինչը դարձել է ռեկորդ մրցաշարի համար։ Ջոկովիչի 5-րդ հաղթանակը մրցաշարում նույնպես ռեկորդ էր Բաց դարաշրջանի ընթացքում։