Ավետում (նկար, Գրիգոր Ծաղկող)

Ավետում, Գրիգոր Ծաղկող մանրանկարչի 1232 թվականին ստեղծված մանրանկար[1][2]։ Բացառիկ տեղ է գրավում Թարգմանչաց ավետարանի նկարազարդումների շարքում[3]։ Որևէ տեղեկություն չկա, թե որտեղ է ստեղծվել մանրանկարը, բայց դրամատիկ կոլորիտը, գործող անձանց ու պայմանական բնանկարի տագնապալից արտահայտությունները, ենթադրում են, որ ծաղկողը Անիի, Բարձր Հայքի, կամ Արցախի դպրոցներից որևէ մեկին է պատկանում[4]։

Ավետում
տեսակմանրանկարչություն
նկարիչԳրիգոր
տարի1232
բարձրություն30,1 սանտիմետր
լայնություն23,2 սանտիմետր
նյութմագաղաթ
գտնվում էԵրևան
հավաքածուՄատենադարան
Ծանոթագրություններ
 Matenadaran MS 2743 - Gospel Վիքիպահեստում

Հեղինակ և տարեթիվ խմբագրել

Մանրանկարի, ինչպես նաև Ավետարանի բոլոր տերունական նկարների հեղինակը 13-րդ դարի մանրանկարիչ Գրիգոր Ծաղկողն է, որի անունը պահպանվել է Մարկոսի ավետարանառաջի գլխազարդի ստորին գերանի վրա. «Տէր Աստուած ողորմեա Գրիգորի ծաղկողի, ամէն, ամէն» (էջ 115ա)։ Գրիգոր Ծաղկողը ավետարանի էջերից մեկի գրառումում իրեն նկարիչ է անվանում՝ «Տէր Աստուած, ողորմեա նկարիչ Գրգորի և աշխատողաց ի սմայ»[5]։ Գրիգորի ձեոքով արվել է նաև ծաղկազարդման թվականի վերաբերյալ հիշատակագրություն, գրված համաբարբառի վերջին զույգ խորանների գլխազարդերի ստորին գերանների վրա՝ «Ի թւիս ՌՁԱ (1232) ծաղկազարդեցաւ սուրբ Աւետարանս բարեխաւս առ Ք[րիստո]ս Յ[իսու]ս ի Տ[Է]ր մեր» (էջ 9բ—10ա)։ Թվականը կրկնված է նաև 311ա էջում, լուսանցազարդի շրջանակի մեջ՝ «Թիւ. ՌՋԱ (1232) ծա[ղկեցաւ]»[1]։

Նկարագրություն խմբագրել

 
Մարիամ Աստվածածին

Մանրանկարը գտնվում է Մատենադարանում պահվող Թարգմանչած ավետարանի[6] (համար 2743[7]) Ղուկասի բնագրի սկզբում (էջ 188բ)։ Նկարված է ինչպես և ձեռագրի բոլոր էջերը՝ 30,1 X 23,2 սմ չափսի մագաղաթի վրա և տերունական յոթ մանրանկարներից մեկն է[1]։ Այն ձեռագրի ամենագունեղ պատկերն է, որտեղ հեղինակը առավելագույնի է հասցրել պատկերի զգացմունքային հագեցվածությունը[2]։

Սյուժե խմբագրել

Մանրանկարում պատկերված է ավետարանական պատմություն այն մասը, որտեղ Աստծու ուղարկված Գաբրիել հրեշտակը ներկայանում է Մարիամ Աստվածածնին և ավետում անարատ հղացման լուրը, հայտնում, որ նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մարդկության փրկիչը։ «Ավետման» պատկերագրությունը հիմնվում է Ղուկասի ավետարանի պատմության (գլ. Ա, 26—28), ինչպես նաև պարականոն՝ Հակոբի նախավետարանի, Կեղծ Մատթեոսի և Կույսի ծննդյան ավետարանների հիման վրա[3]։

Կոմպոզիցիա խմբագրել

 
Գաբրիել հրեշտակ

Գրիգոր Ծաղկողը կոմպոզիցիայում պահել է մանրանկարաչական ավանդույթները, բայց իր՝ բոլորովին ինքնուրույն ոճով[8]։ Ավետման պատկերում ձախից ներկայացված է Գարրիել հրեշտակապետը՝ հագին կապույտ զգեստ և բաց վարդագույն թիկնոց։ Նկարիչն օժտել Է նրան բարձրահասակ թևավոր պատանու կերպարանքով, բայց ծերունական դիմագծերով։ Ձախ ձեռքին կարմիր գավազան է, իսկ աջը պարզել Է առաջ որպես խոսքի և օրհնության նշան։ Հրեշտակապետի կերպարանքը իշխող Է մանրանկարում, և այդ իսկ պատճառով աջում գտնվող Մարիամը ավելի փոքր Է թվում։ Վերշինս պատկերված Է նստած, կապույտ զգեստով և գլխանոց ունեցող մուգ կարմրաշագանակագույն թիկնոցով, ոտքերին՝ կարմիր կոշիկներ։ Գլխաշորր ամուր գրկել է գլուխը, որը մի փոքր թեքվել է առաջ, սրտին հպված աջը մատնում է ներքին թրթիռը, մարմնի երկայնքով ցած է ձգվում մանվածքի կարմիր թելը, ձախ ձեռքը անուժ կախվել է։

Մարիամը թեև ուշադիր և խոնարհ լսում է Գաբրիել հրեշտակապետին, բայց հուզված, շփոթված է և ներքին կասկած կա հայացքում։ Նա մի փոքր առաջ է ձգվել աթոռից։ Նա կրծքին է հպել կարմիր թելի իլիկը, ձախ ձեռքով, որ հանգչում Է ծնկին՝ բռնել է թելի ծայրը։ Աստվածամոր դիրքը և շարժումը նշանակում են, որ նա խոնարհությամբ, բայց և հոգեկան տագնապով ունկնդրում Գաբբիելի խոսքերը։ Պատկերում ընդհանուր դրամատիզմ կա։

Իրավիճակը հիշեցնում է Հովհան Ոսկեբերանին վերագրվող տողերը, երբ Մարիամին թվում է, թե Գաբրիելը եկել է իրեն գայթակղելու[3]։

  ...Մարիամը խստորեն դաոնալով խոսողին, քշում էր նրան ասելով, հեռացիր մարդ, իմ տան շեմից.․.  

Գունային լուծում խմբագրել

Գրիգոր Ծաղկողը հուզական առավելագույն տպավորության հասնելու համար երփնագրի և գծային հնարքների հետաքրքրական միջոցներ է օգտագործել, որոնք շեշտված արտահայտչականություն են հաղորդել կերպարներին։ Մարիամը և Գաբրիելը հակադրված են ընդհանուր գունային լուծումներով[9]։ Մարիամի զգեստի ծալքերի տեխնիկան անգամ ամբողջովին հակառակ է Գաբրիելի հանդերձների ներկայացման ձևին։ Մուգ շագանակագույն թիկնոցի ֆոնին տագնապալից առանձնանում է թելի և իլիկի կարմիրը։ Նրա զգեստների վրա չկա և ոչ մի լուսավոր բիծ։ Հրեշտակապետի թիկնոցն ու պատմուճանը լցված են շարժուն գծանկար ունեցող ծալքերով և սպիտակ գծերի ալիքների խաղով։ Հակադրությամբ են տրված դարսերի լուսավոր ու ստվերոտ մասերը։ Մարիամի զգեստի գույնը մուգ է։ Դա ուժեղացնում էր նրա հողեղեն Էության տպավորությունը, իսկ հրեշտակապետի բաց գույնի հանդերձանքը ընդգծում է նրա երկնային լինելը[3]։ Ընդհանուր պատկերում մութ երանգներին տեղ-տեղ հակադրվում են թանձր կապույտի և կարմիրի բոցավառումները։ Դարչնագույն և մոխրագույն երանգներին հաջորդում են վարդագույնն ու երկնագույնը[2]։

Մեծ և խորը ակնախոռոչները մուգ հիմքից առանձնացված են բաց գույներով, ինչի շնորհիվ Գրիգոր Ծաղկողը հասել է մեծ արտահայտչականության։ Երանգների նմանատիպ հակադրություններ կան նաև ուղղահայաց և հորիզոնական գծերի հատման տեղերում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Մաթևոսյան, Արտաշես (1992) Թարգմանչաց ավետարանը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԽԹ (Թ-ԺԱ). էջեր՝ 102-114» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Լիդիա Դուռնովո (1967). Հայկական մանրանկարչություն. Երևան: Հայաստան հրատարակչություն. էջեր 204–205.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չուքասզյան, Լևոն (1987). Գրիգոր Ծաղկողի ստեղծագործության ուսումնասիրման պատմություն. Երևան. էջեր 70–76.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «SacredTradition :: Library». www.sacredtradition.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  5. Ա․ Բ․ Գևորգյան. Ինչպես են նկարազարդվում ձեռագրերը. Երևան. էջեր 62–78.
  6. «Ցուցակ Զեոագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր Ա, կազմեցին Օ. Եգանյանն, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, Երևան, 1965, Էջ 866։
  7. Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԴ դար, Մասն Ա (1301-1325 թթ.) Կազմողներ՝ Լ. Խաչիկյան, Ա. Մաթևոսյան, Ա. Ղազարոսյան, «Նաիրի» հրատարակչություն, Երևան 2018
  8. Дурново, Лидия (1979). Очерки изобразительного искусства средневековой Армении. Москва: Искусство. էջ 249.
  9. Armenian Miniatures of the 13th and 14th centuries from the matenadaran collection. Leningrad: Aurora art publishers. 1984. էջեր 34–35.