Սկզբնաթերթ, ձեռագիր բնագրի առաջին թերթը։ Հաճախ սկզբնաթերթից առաջ լինում են գրված կամ նկարազարդ թերթեր, որոնք, սակայն, սկզբնաթերթ չեն կոչվում։ Օրինակ՝ ավետարանները սկսվում են խորաններով, տերունական նկարներով, ավետարանիչների նկարներով, որոնցից ոչ մեկը սկզբնաթերթ չէ։ Կոչվում է նաև ավետարանառաջ։ Ավետարանն ունի չորս սկզբնաթերթ՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի ավետարանների առաջին թերթերը։ Սկզբում դրանք ունեին միայն մանրատառ խորագրեր՝ «Աւետարան ըստ Մատթեոսի» և այլն։ Հետագայում ավետարանառաջները նկարազարդվել են կիսախորաններով, լուսանցազարդերով, զարդագրով, հաճախ՝ բնագրի սկզբի մեկ, մի քանի, կամ ամբողջ էջի տողերը նույնպես զարդագրվել են կամ գունավոր երկաթագրվել։ Մյուս ձեռագրերում ևս (ճաշոց, Տոնական, մեկնություններ, Հայսմավուրք, պատմագրքեր և այլն) սկզբնաթերթեր են կոչվում բնագրերի առաջին թերթերը, որոնց կարող են նախորդել ցուցակներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 439