Ապոկրիֆ (հունարեն՝ αποκρυφος - գաղտնի, ծածուկ) եզրը առաջին անգամ կիրառել է Իրենիոս Լուգդոնացին։ Նոր Կտակարանում չընդգրկված այս գրքերը (ավետարաններ, գործքեր, թղթեր) քրիստոնեական գրականության այն գրվածքներն են, որոնք բովանդակությամբ առնչվում են Աստվածաշնչին, առաքյալներին և սուրբգրային անձերին, սակայն եկեղեցու կողմից մերժվել են և դուրս մնացել Աստվածաշնչի կանոնից։ Պարականոն գրքերի մեծ մասը գրվել է 2-4-րդ դարերում։ Քանի որ Նոր Կտակարանը բազմաթիվ բացեր ունի Քրիստոսի մանկության և պատանեկության տարիների, առաքյալների քարոզչական գործունեության, Աստվածածնի կյանքի և այլնի վերաբերյալ, մի շարք «ջերմեռանդ» քրիստոնյաներ փորձել են լրացնել այդ բացերը՝ իրենց գաղափարախոսությունը Սուրբ Գրքի տեսքով ճշմարտացի ներկայացնելու համար։ 1-4-րդ դարերի քրիստոնյա գրողների երկերում և Պողոս առաքյալի թղթերում հանդիպում են նաև առանձին քարոզներ, որոնք մեջբերվում են որպես Հիսուսի կողմից ասված խոսքեր։ Դրանք բացակայում են նորկտակարանյան Ավետարաններից։ Այդպիսի քարոզները ընդունված է անվանել ագրաֆա (չգրված)։ Կարելի է առանձնացնել Ահեղ դատաստանին վերաբերող մի ամբողջ խումբ ագրաֆաներ։ Աշխարհի վախճանի սպասումը կարմիր թելի նման անցնում է ամբողջ վաղքրիստոնեական գրականության միջով։ Զարմանալի չէ նաև, որ նորկտակարանյան գրքերի շարքում ամենավաղ թվագրումը ունի Հովհաննեսի Հայտնությունը (68-69)։

Ապոկրիֆ և պարականոն ավետարաններ խմբագրել

Ապոկրիֆ եզրը էականորեն տարբերվում է պարականոնից։ Պարականոն ոչ բոլոր գրքերն են ապոկրիֆ անվանվում։ Երբ վերջնականորեն ձևավորվել էր, Կանոնը (կանոն բառը նույնպես հունական ծագում ունի, որը մինչ քրիստոնեության կողմից յուրացվելը, հունա-հռոմեական աշխարհում ունեցել է մի շարք նշանակություններ, բայց ավելի հաճախ կիրառվել է կարգի, ստանդարտի իմաստով։ Գրականության և արվեստի ոլորտում կանոնը կատարյալ օրինակի, մոդելի իմաստ էր արտահայտում։ Գաղատացիներին ուղղած թղթում այն վարվելաձևի, բարքի նշանակություն ունի (Գաղ. Զ։15): Կանոնը ի սկզբանէ չի կիրառվել Սուրբ Գրքերի հավաքածուի իմաստով, միայն 4-րդ դարում այս եզրը սկսեցին օգտագործել կանոնական գրքերը բնորոշելու համար։ Իսկ Նոր Կտակարան Սուրբ գրքերի հավաքածուն կոչվել է միայն 2-րդ դարում)։ Կտակարանը նույնական է Աստծու հետ միության գաղափարին։ Նոր Միություն իրենց համայնքը անվանում էին կումրանյան աղանդները (հեսսեներ)` համարելով, որ Հին միությունը կորցրել է իր երբեմնի զորությունը։, դրա ցանկից դուրս մնացած որոշ գրքեր եկեղեցին թույլատրում էր հավատացյալներին կարդալ, համարելով, որ դրանք քրիստոնեական ուղղադավան վարդապետության դեմ ոչինչ չեն պարունակում և հեշտությամբ կարող էին Նոր Կտակարանի մաս կազմել, եթե ուշ ժամանակաշրջանի գրություններ չլինեին, ինչպես օրինակ` Հերմասի Հովիվը և Բառնաբասի նամակը։ Կային նաև գրքեր, որոնք, թեև ունեին գնոստիկյան ծագում, այնուամենայիվ բացահայտ չէին հակասում նորկտակարանյան ավանդույթին, նմանակում էին վերջինին՝ փորձելով լրացնել պակասը։ ('Հակոբոսի, Նիկոդիմոսի', Պետրոսի ավետարանները և Մարիամի վերափոխումը) ։ Այս գրքերի թվին կարելի է դասել նաև Հինգերորդ Ավետարան կոչվող Թովմասի Ավետարանը, որը եկեղեցու կողմից մերժվել է ոչ թէ այնտեղ գրվածի, այլ չգրվածի պատճառով. ամբողջ Ավետարանում միայն մեկ անգամ է խոսվում սիրո մասին, ոչ միայն ճշմարտության, այլև մարդկանց նկատմամբ։ Եթե Համատեսական Ավետարաններում գերիշխում են երեք սկզբունքներ՝ Աստծու իշխանությունը, Աստծու և մտերիմների նկատմամբ սերը և մեղքերի ներումը, ապա այստեղ դրան փոխարինում են միակ հոգևոր սկզբի և մարդու՝ փրկության տանող ինքնաճանաչման ուսմունքները։ Սրանք կոչվում են պարականոն կամ ոչ կանոնական ավետարաններ։ Ի տարբերություն սրանց, ապոկրիֆ գրքերը եկեղեցին կտրականապես արգելել է ընթերցել և պարբերաբար ոչնչացրել է։ Այս գրքերը մեծ վտանգ էին ներկայացնում նոր-նոր կազմավորվող եկեղեցու համար։ Ապոկրիֆ գրքերը իրենցից յուրահատուկ սինկրետիզմ էին ներկայացնում. պահպանելով քրիստոնեական ավանդույթը՝ իրենց մեջ էին ներառում հուդայական մեսսիականությունը, արևելյան, հատկապես՝ եգիպտական, պաշտամունքը, օկուլտիզմը և հունա-հռոմեական իդեալիստական փիլիսոփայությունը։ Այստեղ անհետանում էին նաև ապաշխարության և սիրո մասին գաղափարները։ Ապոկրիֆների հեղինակները քաջատեղյակ են եղել Նորկտակարանյան Ավետարաններին, և ջանք չեն գործադրել հակառակը ապացուցելու համար։ Նրանցից որևէ մեկը չի գրել ամբողջական ավետարան, որն իր մեջ կներառեր Հիսուսի կյանքը՝ ծնունդից մինչև հարություն։ Ապոկրիֆների հեղինակները միայն փորձել են լրացնել բաց թողնված հատվածները՝միաժամանակ առաջ տանելով նաև իրենց աստվածաբանական համոզմունքները։

Պարականոն ավետարանների նյութ խմբագրել

Առաջին դարերում գրված գնոստիկյան ավետարանները կամ ներկայացնում են Հիսուսի մանկության տարիները, որտեղ Հիսուսը հանդես է գալիս ոչ լավագույն կերպարով, կամ էլ խոսում են հավերժական գաղտնիքի մասին, որը սակայն որևէ ավետարանում այդպես էլ չի բացահայտվում։ Գնոստիկյան նմանատիպ ավետարանների հիմնական թերությունն այն է, որ դրանք չեն բացահայտում փրկության տանող ճանապարհները, մարդկանց խորհուրդ են տալիս ճանաչելու իրենց ներաշխարհը, բայց չեն նշում, թե ինչպես։ Չկա հնարավորություն փրկվելու անգամ բարի գործերով։ Գնոստիկյան Հիսուսը միայն Աստված է, որի մարդկային հատկանիշները միայն թվացյալ են, այնինչ հուդա-քրիստոնեական ավետարանների Հիսուսի կերպարը չի ձերբազատվում տիպիկ հրեական թագավոր-մարգարեի կաղապարից։ Փրկության տանող ճանապարհը այս ավետարաններում շատ ավելի իրական է. պահիր Օրենքը և ժառանգիր Երկնային թագավորությունը։ Տեղի է ունենում բախում երկու հակադիր ուղղվածությունների միջև, որի արդյունքում հաղթանակ է տանում ոսկե միջինը՝ ուղղադավանությունը։ Եկեղեցական պատմության ուսումնասիրման տեսանկյունից պարականոն ավետարանները մեծ արժեք են ներկայացնում։ Այս առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես ավելի ուշ ժամանակաշրջանում գրված պարականոնները, որոնց ընթերցումը հստակ պատկերացում է տալիս, թե տվյալ դարաշրջանում որ հարցերն են եղել առավել վիճահարույց (օրինակ՝ Պետրոսի, Նիկոդիմոսի, Մարիամի վերափոխման, Տիբեթյան ավեատարանները)։ Ապոկրիֆ բառը հնչում է գրավիչ ու կախարդող, որի հետևում կարծես թե թաքնված է միայն ընտրյալներին հասանելի ինչ-որ մի գաղտնիք։ Բայց դա միայն կարդալուց առաջ։ Աստվածաբանական և սուրբգրային աշխատություններին քաջատեղյակ ընթերցողներին ապոկրիֆները որպես կանոն հիասթափեցնում են։ Թեև կանոնական և ոչ կանոնական ավետարանների տարբերակման որոշակի կանոններ չեն եղել, այնուամենայնիվ, կարդալով դրանք, ակներև է դառնում, որ ապոկրիֆ գրքերը չէին կարող Սուրբ Գրքի մաս կազմել։ Անգամ այն ավետարանները, որոնք բացահայտ հերետիկոսական չեն և նույնիսկ ժամանակին եկեղեցին թույլ է տվել դրանց ընթերցումը եկեղեցուց դուրս, թվում են կեղծ և թերի։

Աղբյուրներ խմբագրել

  • Hennicke. New Testament Apocrypha (edited by Sehnecmelckher), v. 1. Phl., 1965
  • Harnack А., History of dogma, L., 2005

Արտաքին հղումներ խմբագրել