Ավետիք Եվդոկացի
Ավետիք Եվդոկացի (Ավետիք Թոխաթցի, Ավետիք Պատրիարք, ապրիլի 1, 1657, Եվդոկիա - հուլիսի 10, 1711, Փարիզ), հայ գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ։ Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարք (1702–1706): Հակակաթոլիկական գործունեության համար աքսորվել է Ասորիք (1703), ազատվել և վերականգվել պաշտոնում (1704-1706)։
Ավետիք Եվդոկացի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1657 |
Ծննդավայր | Եվդոկիա |
Մահացել է | հուլիսի 10, 1711 (54 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Մասնագիտություն | գրիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Երուսաղեմի հայկական պատրիարքարան և Patriarch of Constantinople? |
ԿենսագրությունԽմբագրել
Ավետիք Եվդոկացին ծնվել է ապրիլի 1-ին։ Եղել է Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի պատրիարք (1702 թվականից)։ Աշակերտել է Սարգիս և Պետրոս քահանաներին, ապա՝ Հակոբ վարդապետ Պելենկցուն: 1675 թվականին Փայասում ձեռնադրվել է սարկավագ, Կապոսի վանքում՝ աբեղա, ապա՝ վարդապետ, կարգվել վանքի հոգևոր առաջնորդ: Ավետիք Եվդոկացու ջանքերով նորոգվել են Կապոսի Սուրբ Հակոբ վանքը, Տիրանաշենի Սուրբ Նշան, Երզնկայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները: Այդ առիթով անբաստանվել ու կարճ ժամանակով բանտարկվել է: Ազատվելուց հետո մեկնել է Էջմիածին, որտեղ 1691 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս: Նույն թվականին Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը նրան կարգել է Կարինի թեմի առաջնորդ, 1702 թվականի փետրվարի 24-ին սուլթանական արքունիքի հովանավորությամբ նշանակվել է Կոստանդնուպոլսի պատրիարք, իսկ հուլիսի 13-ին՝ նաև Երուսաղեմի պատրիարք: Սակայն հակակաթոլիկական գործունեության համար 1703 թվականին աքսորվել է Ասորիք, 1704 թվականին ազատվել է և վերականգնվել Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնում: Նույն թվականի նոյեմբերին, Երուսաղեմի հայոց պատրիարք Մինաս Ամդեցու մահից հետո, կրկին միավորել է Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքական աթոռները:
Ավետիք Եվդոկացին պատրիարքության շրջանում Կոստանդնուպոլսում պայքար է ծավալվել հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև: Հիսուսյան կրոնավոր Մոնիեն իր «Ուղեգրության» մեջ Ավետիք Եվդոկացուն անվանել է «ամենամեծ հալածիչ», որ երբևէ ունեցել են կաթոլիկները Արևելքում, իսկ Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի դեսպան դը Ֆերիոլը՝ «հռոմեական եկեղեցու երդվյալ թշնամի», «կաթոլիկության անդրդվելի և անողոք հալածիչ»: Ավետիք Եվդոկացին խիստ միջոցների է դիմել լատինադավան հայերի նկատմամբ և զոհ դարձել խռովարարների ու իր հակառակորդների մեքենայություններին: 1706 թվականին պատրիարքը կրկին զրկվել է աթոռից աքսորվել Թենետոս կղզի: Աքսորից վերադառնալիս դեսպան դը Ֆերիոլը, լատին կրոնավոր Հակինթոսի թելադրանքով, առևանգել է նրան, նետել Սիցիլիայի, Մարսելի բանտերը, Բենեդիկտյանների Ս. Միքայելի վանքը, ի վերջո՝ Փարիզի Բաստիլ բանտը, բռնագրավել գրքերն ու գրությունները: 1710 թվականին Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ Նոայլի առաջ հավատո խոստովանություն կորզելուց հետո միայն Ավետիք Եվդոկացուն ազատել են բանտից՝ սահմանելով հսկողություն[1]:
Վախճանվել է հուլիսի 10-ին, Փարիզում[2]։
Ստեղծագործական ուղիԽմբագրել
Զբաղվել է գրչությամբ, ընդօրինակել հայերեն ձեռագրեր։ Պատմական արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Ինքնակենսագրություն» (1709 թ.), հրատարակվել է «Մասիս»-ում, 1874 թվականին), որի լեզուն յուրօրինակ խառնուրդ է գրաբարի և խոսակցական աշխարհաբարի։ Ավետիք Եվդոկացին գրել է նաև տաղեր[3]՝ «Տաղ ի վերայ գարնան...», «Տաղ Աւետիքէ ասացեալ» (Մատենադարան, ձեռագիր՝ № 6517, 10167), «Տաղ Աստուածածնի» (Զմմառի մատենադարան, ձեռագիր՝ № 142), «Տաղ սուրբ Աստուածածնայ...» (Վիեննայի Մխիթարյանների մատենադարան, ձեռ. № 156) ևն, զբաղվել գրչագրությամբ, ընդօրինակել 6 ձեռագիր, 5-ը՝ Բաստիլի բանտում, վերջինը 1711 թվականին՝ ազատվելուց հետո, Փարիզում (Փարիզի Ազգային մատենադարան, ձեռագիր՝ № 28, 89, 155, 156, 197, 139): Պատմական արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Կենսագրությունը» (1709, «Մասիս», 1874, № 1490–1496, 1498–1500): Քնարական ջերմ շնչով է գրված նրա «Ահա եղև օրհևեալ գարուն» սկզբնատողով տաղը («Բազմավեպ», 1873, էջ 333)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ավետիք Եվդոկացի | armenianreligion.am»։ www.armenianreligion.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-18-ին։ Վերցված է 2019-04-01
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Ավետիք Եվդոկացի»։ avproduction.am։ Վերցված է 2017-04-01
- ↑ «ԱՒԵՏԻՔ ՎԱՐԴԱՊԵՏ (ԵՎԴՈԿԱՑԻ)»։ www.digilib.am (հայերեն)։ Վերցված է 2019-04-01
ԳրականությունԽմբագրել
- Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786:
- Ալպոյաճյան Ա., Պատմութիւն Եվդոկիո հայոց, Կահիրե, 1952:
- Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:
- Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 615)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |