Ավետիք Բաբասյան
Ավետիք Կարապետի Բաբասյան (1908, Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):
Ավետիք Բաբասյան | |
---|---|
Ծնվել է | 1908 |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ավետիք Բաբասյանը ծնվել է 1908 թվականին, Կամո քաղաքում։ 1927-1928 թվականներին ավարտել է տեղի մանկավարժական թեքումով միջնակարգ դպրոցը և աշխատանքի նշանակվել Սևանի 7-ամյա դպրոցում, դասավանդել է քիմիա և կենսաբանություն։ 1931 թվականին Բաբասյանը ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիակենսաբանական ֆակուլտետը, որն ավարտելուց հետո նշանակվել է մայրաքաղաքի 26 կոմիսարների անվան միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ[1]։
Գերմանա-խորհրդային պատերազմը սկսվելուն պես Բաբասյանը զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայությունն սկսել է հայկական փառապանծ 89-րդ հրաձգային դիվիզիայի 141-րդ հակատանկային դիվիզիոնում։ Մասնակցել է Կուբանի, Թամանի թերակղզու և Ղրիմի ազատագրման մարտերին։ Նա Կերչի նեղուցով լաստային լողանցման դեսանտային գործի կազմակերպմանը մասնակցելու համար պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ Կերչի ազատագրման ծանր մարտերի օրերին, 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը 1944 թվականին Բաբասյանը ռազմաճակատում ծանր հիվանդացել է, բուժվելուց հետո զորացրվել է բանակից[1]։
Զորացրվելուց հետո Բաբասյանը 10 տարի աշխատել է մայրաքաղաքի Կիրովյան շրջանի ժողկրթության բաժնի վարիչ։ Տարբեր ժամանակներում եղել է Երևանի մի քանի դպրոցների տնօրեն, ուսմասվար։ 50 տարի անբասիր աշխատանք է կատարել մատաղ սերնդի կրթության ու կոմունիստական դաստիարակության ասպարեզում։ 1977 թվականին Բաբասյանը անցել է կենսաթոշակի, միաժամանակ կենսաբանություն է դասավանդել Երևանի № 59 միջնակարգ դպրոցում[1]։