Եգոր Առաքելյան
Եգոր Հովսեփի Առաքելյան (1919, Սարչապետ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1978): ԽՄԿԿ անդամ (1941): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Եգոր Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Սարչապետ, Հայաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԵգոր Առաքելյանը ծնվել է 1919 թվականին Կալինինոյի շրջանի Սարչապետ գյուղում։ 1938 թվականին ավարտել է Ստեփանավանի միջնակարգ դպրոցը և աշխատանքի անցել Սարչապետ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1942 թվականին մեկնել է բանակ, տեղափոխվել նոր կազմակերպվող 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 684-րդ հրաձգային գնդի հակատանկային վաշտ, որտեղ ընտրվել է կոմերիտական կազմակերպիչ։ 1942 թվականի դեկտեմբերին Առաքելյանը մարտնչել է Մոզդոկի շրջանում, այնուհետև մասնակցել՝ Կովկասի շատ բնակավայրերի ազատագրմանը[1]։
1943 թվականի հունիսին սովորել է քաղաքական աշխատողների դասընթացներում, նշանակվել է 53-րդ հրաձգային դիվիզիայի 12-րդ գնդի կոմերիտական կազմակերպիչ։ 1944 թվականի փետրվարին Կիրովոգրադի մարզի Պերվոմայսկ քաղաքի մոտ Առաքելյանը վիրավորվել է, ապաքինվելուց հետո նշանակվել է 36-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 104-րդ գնդի 2-րդ գումարտակի կուսակցական կազմակերպիչ։ 1944 թվականի օգոստոսին զորամասը գտնվել է Ռումինիայի Տուրգոն-Ֆորմոս քաղաքի արևելյան շրջանում, որտեղ էլ գրավել է 126-րդ բարձունքը։ Առաքելյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով։ Մասնակցել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի ազատագրմանը և Բալատոն լճի շրջանում տեղի ուեցած մարտերին[1]։
Պատերազմի ավարտից հետո Առաքելյանը լեյտենանտի կոչումով զորացրվել է բանակից[1]։
Որպես ուսմասվար աշխատել է Սարչապետ գյուղի միջնակարգ դպրոցում, մինչև 1979 թվականը՝ դպրոցի տնօրեն։ 1979 թվականին Առաքելյանը անցել է կենսաթոշակի և շարունակել դասավանդել նույն դպրոցում[1]։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Խաչատուր Աբովյանի անվան մեդալով, 1978 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում[1]։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1978)
- «Պատվո նշան» շքանշան
- Խ. Աբովյանի անվան մեդալ
- Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան