Անտիոքի ժառանգության համար պատերազմ
Անտիոքի ժառանգության համար պատերազմ կամ Կիլիկիա-անտիոքյան ռազմաքաղաքական ճգնաժամ, զինված հակամարտությունների շղթա, որի սանձազերծման շարժառիթն էր Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ի վիճարկելի իրավահաջորդությունը։ Ռազմական գործողությունները մեծապես տեղի էին ունենում Դաշտային Կիլիկիայում և Հյուսիսային Սիրիայում 1201-1219 թվականներին։
Անտիոքի ժառանգության համար պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաչակրաց արշավանքներ | |||||||||||
Կիլիկյան զորքերի մուտքն Անտիոք | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Ռուբեն-Ռայմոնդի ուժեր Կիլիկիայի հայոց թագավորություն Հիվանդախնամ միաբանություն |
Անտիոքի դքսություն Տրիպոլիի կոմսություն Տաճարականների միաբանություն Այյուբյան սուլթանություն Երուսաղեմի թագավորություն Իկոնիայի սուլթանություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Լևոն Մեծագործ Ռուբեն-Ռայմոնդ |
Բոհեմունդ IV |
Անտիոքի դքսությունը 12-րդ դարում ազդեցիկ դեր ուներ տարածաշրջանի քրիստոնեախաչակրաց պետությունների շրջանում և ցանկանում էր իր ազդեցության ոլորտում տեսնել նաև Կիլիկիայի հայոց թագավորությանը։ Այնուամենայնիվ, հայ-անտիոքյան հակամարտությունները սկզբնավորվման պատճառը թերևս Կիլիկիայի արքա Լևոն Բ Մեծագործի կողմից Ձորալանջի դժվարամատույց լեռան վրա կառուցված, ամրակուռ ու բարձր պարիսպներով շրջափակված Բաղրասի բերդի նվաճումն էր, որը մինչ այդ պատկանում էր Անտիոքին։ Բացի այդ, Կիլիկիայի նախորդ իշխանները ևս հավակնություններ ունեին Անտիոքի նկատմամբ։
1197 թվականին մահանում է արքայազն Ռայմունդը՝ Անտիոքի գահը թողնելով իր և Ռուբեն Գ-ի դուստր Ալիսի որդուն՝ Ռուբեն-Ռայմոնդին։ Այնուամենայնիվ, Անտիոքի ավագանին դեմ էր վերջինիս իշխանավարմանը և որպես այդ երկրի գահի հավակնորդ տեսնում էր Բոհեմունդ III-ի կրտսեր որդուն՝ Ռուբեն-Ռայմոնդի հորեղբորը։ Վերջինս նախկինում զբաղեցնում էր Տրիպոլիի կոմսի պաշտոնը։ 1201 թվականին ավագանու որոշմամբ Անտիոքի գահն անցնում է Բոհեմունդ IV-ին։ Այս որոշումից դժգոհ բազում անտիոքցի ազնվականներ լքում են դքսությունը՝ քաղաքական ապաստան խնդրելով Լևոն Ռուբինյանից։ Նույն տարում կիլիկյան հայոց զորքերը ներխուժում են Անտիոք և մինչև 1208 թվականն ամբողջությամբ գրավում դքսությունը։ Իրադրությունը փոխվում է այն ժամանակ, երբ Անտիոքի պաշտպանությամբ սկսում են հանդես գալ Այյուբյաններն ու Իկոնիայի սելջուկները և ներխուժել Կիլիկիա։ Այս կապակցությամբ Լևոնը ստիպված է լինում թողնել նվաճյալ տարածքներն ու մեկնել երկրի սահմանները պաշտպանելու։ Ի սկզբանե այս հակամարտությունում պապականությունը պաշտպանում էր Կիլիկիայի շահերը, սակայն վերջիններիս հարաբերությունները սրվում են, երբ հայոց զորքերն առճակատվում են Բաղրասը նվաճել ցանկացող Տաճարականների միաբանության ասպետների հետ։ 1216 թվականին Ռուբենի կողմից Ռուբեն-Ռայմոնդի իրավունքները վերականգնելու հերթական փորձը ձախողվում է, որին էլ հաջորդում է սելջուկյան նոր արշավանքը։ 1201-1219 թվականների կիլիա-անտիոքյան ճգնաժամը հանգեցնում է տարածաշրջանի քրիստոնեական երկրների թուլացմանը։
Նախապատմություն
խմբագրելԵգիպտոսի սուլթան Սալահ ալ-Դինի զորքերի կողմից Երուսաղեմի նվաճելուց հետո Անտիոքի դքսությունը դառնում է ամենաազդեցիկը խաչակրաց պետությունների շրջանում։ Ռազմաքաղաքական առումով Անտիոքի գլխավոր մրցակիցը Կիլիկյան Հայաստանի թագավորությունն էր, որը ո՛չ ռազմաքաղաքական ներուժով և ո՛չ էլ արտաքին հեղինակությամբ չէր զիջում խաչակիրներին։ 1191 թվականին Լևոն Բ-ն գրավում և վերակառուցում է Բաղրաս բերդը։ Ձորալանջի դժվարամատույց լեռան վրա կառուցված, ամրակուռ ու բարձր պարիսպներով շրջափակված այդ բերդը, մոտակա Դարպսակ ամրոցի հետ, պաշտպանական կարևոր նշանակություն ուներ Ամանոսյան լեռներում։ Պաշտպանական ամրությունը նախկինում պատկանում էր Տաճարականների միաբանության ասպետներին, սակայն Սալահ ալ-Դինի կողմից վերջինիս նվաճումից ու ավերումից հետո այն լքվել էր։ Բերդի վերակառուցումից շատ չանցած Անտիոքի դուքս Բոհեմունդը բանագնացների միջոցով Լևոնից պահանջում է Բաղրասը՝ գրավյալ հարակից տարածքներով հանդերձ հանձնել խաչակիրներին։ Լևոնը սակայն հրաժարվում է կատարել դքսի պահանջը՝ ընդգծելով այդ նվաճման իրավաչափությունն ու օրինականությունը։ Շուտով երկու հարևան քրիստոնյա երկրների միջև ծագում է նոր խնդիր՝ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանների հետ կապված։ Սահմանային վեճերը լուծելու պատրվակով Բոհեմունդ III-ը Լևոնին հրավիրում է Անտիոք՝ իրականում նպատակ ունենալով ձերբակալել Կիլիկիայի արքային։ Իմանալով այս մասին՝ Լևոնն ինքն է նշանակում հանդիպման վայրը ւ ձերբակալում վերջինիս։
1194 թվականին Լևոն Բ-ի և Բոհեմունդ Գ-ի միջև իշխանանիստ Սիսում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Անտիոքը ճանաչում էր Կիլիկիայի իշխանապետության փաստացի սահմանները, ներառյալ՝ Բաղրասն ու շրջակայքը։ Երկու երկրների միջև բարեկամության հաստատման համար կողմերը որոշում են Բոհեմունդի ավագ որդուն՝ արքայազն Ռայմոնդին ամուսնացնել Լևոնի եղբայր Ռուբենի դստեր՝ Ալիսի հետ։ Ծնված արու զավակը պետք է ժառանգեր Անտիոքի և Կիլիկիայի գահը։ Անտիոքի և Կիլիկիայի միավորմամբ Լևոնը փորձում էր ստեղծել հզոր քրիստոնեական պետություն։