Անձնական դերանուն, անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու, արտահայտում են դիմային հարաբերություններ։ Անձնական դերանուններն ունեն դեմքի, թվի և հոլովի քրեականական կարգ և լինում են երեք դեմքի՝ առաջին, երկրորդ և երրորդ, եզակի կամ հոգնակի թվով[1]։

Խոսքի մեջ խոսողը առաջին դեմքն է, խոսակիցը` երկրորդ, իսկ այն անձը կամ առարկան, որի մասին խոսվում է` երրորդ։ Առաջին դեմքի են` ես, ինքս, մենք, ինքներս դերանունները։ Այս դերանունների միջոցով խոսողն իրեն է անվանում։

  • Օրինակ՝

Ես հարցրի, թե ինչպե՞ս է այդ մարդը հայտնվել այս հեռու ձորերում։ Ամեն ինչ ինքս եմ պատրաստել։ Մենք խաղում էինք այնքան, մինչև մութն ընկեր, ինքներս էլ չզգալով, որ արդեն հոգնել ենք։

Երկրորդ դեմքի են՝ դու, ինքդ, դուք, ինքներդ դերանունները, որոնցով խոսողը անվանում է խոսակցին։

  • Օրինակ՝

Դու այն ժամանակ դեռ փոքրիկ էիր։ Դուք շատ սիրալիր եղաք իմ նկատմամբ։ Ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես ուզում։ Դուք ինքներդ պիտի բերեք ձեր բեմական հագուստները։

Երրորդ դեմքի են՝ նա, ինքը, նրանք, իրենք դերանունները, որոնցով խոսողը անվանում է ո՛չ իրեն, ո՛չ էլ իր խոսակցին, այլ մի ուրիշ անձի։

  • Օրինակ՝

Նայում էր նա ցանկապատի հետևից ու ժպտում։ Տները ցրվելուց առաջ նրանք հազար ու մի ենթադրություն արեցին։ Մեզ դիմավորեց ինքը՝ տանտերը։ Իրենք մի քիչ դժգոհեցին, բայց հարմարվեցին։

Անձնական դերանունների ընդհանուր պատկեր խմբագրել

Անձնական դերանունը կարող է բայից առաջ կրճատվել, որովհետև բայի վերջավորությունը բավական է դերանունը ցույց տալու, այն լեզուների մեջ սակայն, ուր բայի խոնարհման մեջ միշտ միևնույն ձևն ունի, անհրաժեշտ է դնել դերանուն[2]։

Դերանունը հայերենի մեջ պարտադիր է այն դեպքում, երբ՝

  1. մի քանի ենթակա միասին են օրինակ՝ Ես ու եղբայրս գնացինք։ Դուք և ձեր հարևանը չկայիք։
  2. Դերանունը դնել պարտադիր է, երբ կան տարբեր նախադասություններ տարբեր ենթականերով՝ Ես դպրոց եմ գնում, իսկ նա տուն է գնում։
  3. Երբ դերանունը տարբեր բառերի լրացուցիչ ունի՝ Ես, խեղճս մենակ եմ մնացել։ Դու, որ մինչև երկինք էիր բարձրացել, այժմ ընկար։
  4. Երբ շեշտված է՝ Ե՛ս եմ ուզում։
Անձնական դերանուններ
Դեմք Եզակի թիվ Հոգնակի թիվ
I ես, ինքս մենք, ինքներս
II դու, ինքդ դուք, ինքներդ
III նա, ինքը նրանք, իրենք

Ես ինքս, դու ինքդ, նա ինքը զույգերը հաճախ գործածվում են միասին՝ շեշտելով դեմքի գաղափարը։ Ես ինքս, դու ինքդ, նա ինքը դերանունները գրվում են անջատ և կետադրական որևէ նշանով չեն բաժանվում։

  • Օրինակ՝

Ես ինքս ասացի։

Քաղաքավարության համար դու-ի փոխարեն գործածվում է նրա հոգնակին, որը գրվում է մեծատառով։

  • Օրինակ՝

Նա հարցրեց ուսուցչին.

-Դուք ինձ կանչե՞լ եք։

Անձնական դերանվան հոլովում խմբագրել

Անձնական դերանունները, ի տարբերություն անվանական հոլովումների, որոնք թեք հոլովաձևերում ստանում են համապատասխան հոլովիչներ, հոլովվում են դերանվան հոլովմամբ և ունեն հետևյալ առանձնահատկությունները[1]։

  1. Ի տարբերություն անվանական հոլովման, երբ հոլովիչ են ստանում, անձնական դերանունները թեք հոլովաձևերում փոխում են իրենց արմատը, հոլովվում տարահիմք ձևով (ինչպես՝ ես–իմ–ինձ–դու–քո–քեզ և այլն)։
  2. Դերանվանական հոլոման դեպքում սեռական և տրական հոլովները ձևաբանորեն տարբերակված են, ստանում են տարբեր հոլովաձևեր, ինչպես՝ ես–իմ–ինձ, դու–քո–քեզ, նա–նրա–նրան, ինքը–իր–իրեն և այլն։
  3. Դերանվան հոլովման դեպքում բացառական, գործիական, ներգոյական հոլովները կազմում են տրական հոլովաձևով, նմանվում է տրականին։

Անձնական դերանունները, նաև մի քանի այլ դերանուններ հոլովվում են գոյականից տարբեր ձևով։ Սրանք սեռական հոլովում հոլովական վերջավորություն չեն ստանում, այլ ունենում են մի ուրիշ հիմք։

Դա կոչվում է դերանվանական հոլովում։

Դերանվանական հոլովման են ենթարկվում ես, դու, նա, մենք, դուք, նա, ինքը դերանունները։

Նրանք և իրենք դերանունները ենթարկվում են գոյականական ց հոլովման։ Եզակի թվի անձնական դերանունների սեռական և տրական հոլովները ձևով իրարից տարբերվում են, տրական և հայցական հոլովները ձևով նույնն են։

Անձնական դերանունների հոլովումը այսպիսին է՝

Հոլով Եզակի թիվ Հոգնակի թիվ
Դեմք առաջին դեմք երկրորդ դեմք երրորդ դեմք առաջին դեմք երկրորդ դեմք երրորդ դեմք
Ուղղ․ ես, ինքս դու, ինքդ նա, ինքը մենք, ինքներս դուք, ինքներդ նրանք, իրենք
Սեռ. իմ քո նրա, իր մեր ձեր նրանց, իրենց
Տր. ինձ քեզ նրան, իրեն մեզ ձեզ նրանց, իրենց
Հայց. ինձ քեզ նրան, իրեն մեզ ձեզ նրանց, իրենց
Բաց․ ինձնից, ինձանից քեզնից, քեզանից նրանից, իրենից մեզնից, մեզանից ձեզնից, ձեզանից նրանցից, իրենցից
Գործ. ինձնով, ինձանով քեզնով, քեզանով նրանով, իրենով մեզնով, մեզանով ձեզնով, ձեզանով նրանցով, իրենցով
Ներգ․ ինձնում, ինձանում քեզնում, քեզանում նրանում, իրենում մեզնում, մեզանում ձեզնում, ձեզանում նրանցում, իրենցում

Անձնական դերանունները նախադասության մեջ լինում են՝

Նա հարցնում էր ինձ հեռու քաղաքների մասին։

Արդեն մեկ ժամ է՝ քեզ եմ սպասում։

Օրինակ՝ Օրերն իրենց խաղաղ ընթացքը երբեմն փոխում էին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Եզեկյան, Լևոն (2007). Հայոց լեզու. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 260–261. ISBN 5-8084-0688-9.
  2. Աճառյան, Հրաչյա (2005). Լիակատար քերականություն հայոց լեզվի. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 290. ISBN 5-80884-0697-8. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)

Աղբյուրներ խմբագրել

  • Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, Երևանի 2005, 1987, էջ 290
  • Լևոն Եզեկյան Հայոց լեզու, Երևան 2007 էջ 260-261