Անգլո-եթովպիական համաձայնագիր (1942)

Անգլո-եթովպիական համաձայնագիր՝ ստորագրվել է 1942 թվականի հունվարի 31-ին Ադիս Աբեբայում, երկու տարի ժամկետով և սկիզբ է դրել Մեծ Բրիտանիայի և Եթովպիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։ Սա ազատագրված Եթովպիայի կողմից կնքված առաջին միջազգային պայմանագիրն է։

Անգլո-եթովպիական համաձայնագիր (1942)
Պայմանագրի տիպ Համաձայնագիր
Ստորագրվել է
— վայր
1942 թվականի հունվարի 31
Ադիս Աբեբա, Եթովպիական կայսրություն
Ստորագրել են Ֆիլիպ Միտչել
Եթովպիայի նեգուս Հայլե Սելասիե
Կողմեր Մեծ Բրիտանիա
Եթովպիական կայսրություն
Լեզու անգլերեն, ամհարերեն

Բանակցություններ և համաձայնագրի կնքում խմբագրել

Պայմանագրի կնքումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ 1941 թվականին բրիտանական բանակը Արևելյան Աֆրիկայում ոչնչացրել է իտալական զորքերը և կայսր Հայլե Սելասիեն 1941 թվականի մայիսի 5-ին վերադարձել է Ադիս Աբեբա[1]։ Համաձայնագրին նախորդել է անգլո-եթովպիական հակամարտությունը, որն առաջացել էր առանց Մեծ Բրիտանիայի հետ հաշվի նստելու եթովպացի կայսեր՝ երկիր վերադառնալուց անմիջապես հետո կառավարչական գործողություններով։ 1941 թվականի մարտին Եթովպիայում հաստատվել էր բրիտանական օկուպացիոն վարչակազմի ռեժիմը, որին կայսրը պետք է ենթարկվեր[2]։ Սակայն 1941 թվականի մայիսի 11-ին Հայլե Սելասիեն, առանց բրիտանացի զինվորականների հետ նախնական համաձայնության, հայտարարել էր Եթովպիայի կառավարություն ձևավորելու և Եթովպիայի մայրաքաղաքային շրջան՝ Շոայի նահանգապետի նշանակման մասին։ Մեծ Բրիտանիայի ճնշման տակ եթովպական կողմը ստիպված էր նահանջել՝ համաձայնելով, որ կայսեր նշանակած նախարարները հանդես կգան որպես բրիտանական վարչակազմի շտաբին առընթեր խորհրդականներ[3]։ Այդպիսով Եթովպիայում կայսերական կառավարությունը ճանաչվել է լեգիտիմ և իրավասու՝ երկիրը կառավարելու գործում[2]։

Կառավարության նշանակումների մասին կայսեր հրամանագիրը և դրա կապակցությամբ բրիտանական դեմարշը նպաստել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ անգլո-եթովպիական բանակցությունների մեկնարկին[2]։ Համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեն տարածքային պահանջներ է առաջադրել․ թեպետ Իտալական Սոմալիի՝ Եթովպիային միանալու պահանջը կարող էր լինել միայն բանակցային տակտիկական քայլ, այնուամենայնիվ նա լրջորեն էր վերաբերվում Օգադենում եթովպական տարածքների վերադարձին և Էրիթրեայի անեքսիային։ Այդ խնդրանքները անտեսվել են բրիտանացիների կողմից, որոնք հանդես էին գալիս Էրիթրեայի անկախության օգտին և ցանկանում էին «մեծ Սոմալի»–ում միավորել Օգադենը, Իտալական Սոմալին և բրիտանական Սոմալիլենդը[4]։

Բրիտանական և եթովպական կառավարությունների միջև ամիսներ տևած լարված բանավեճերն ավարտվել են 1942 թվականի հունվարի 31-ին համաձայնագրի և դրան կից ռազմական կոնվենցիայի ստորագրմամբ[2]։ Եթովպիայի անունից 1942 թվականի համաձայնագիրը ստորագրել է կայսր Հայլե Սելասիեն, Մեծ Բրիտանիայից՝ գեներալ–մայոր սըր Ֆիլիպ Միտչելը՝ Մեծ Բրիտանիայի արևելաաֆրիկական ուժերի բարձրագույն հրամանատարության գլխավոր քաղաքական աշխատակիցը[5]։

Պայմաններ խմբագրել

 
Территория Огадена

1942 թվականի անգլո-եթովպիական համաձայնագրով պաշտոնապես չեղյալ հայտարարվեցին արտատարածքային արտոնությունները, որոնք Մեծ Բրիտանիայի հպատակները Եթովպիայում ունեին դեռևս 1849 թվականից, սակայն միևնույն ժամանակ ամրապնդվեց Եթովպիայում անգլիացիների արտոնյալ դիրքը։ Երկրի արևելյան մասը, որն իր մեջ ներառում է Օգադեն նահանգը՝ Հաուդ սարահարթով, և ֆրանսիական Սոմալիին հարող գոտին («Պահեստային գոտիներ») անցնում էր բրիտանական օկուպացիայի տակ[2][3], սակայն Եթովպիայի մնացած մասում վերացվում էր բրիտանական ռազմական վարչակազմի ռեժիմը, որը հաստատվել էր 1941 թվականի մարտին[2]։ 1941 թվականին Եթովպիա մտած բրիտանական զորամիավորումը մնում էին տեղում, համաձայն համաձայնագրի ձևակերպման, «ռազմավարական նկատառումներից ելնելով և իտալացի ռազմագերիների տարհանման համար», բրիտանական ռազմական առաքելությանը հանձնարարվում էր վերակազմավորել և արդիականացնել եթովպական բանակը։ Բրիտանական կառավարությունը Եթովպիայում իր դեսպանին էր նշանակելու, որը հատուկ, արտոնյալ դիրք պետք է զբաղեցներ այլ երկրների դեսպանների համեմատությամբ[2]։ Եթովպիայի Գերագույն դատարանում նշանակվեց բրիտանական իրավաբանական խորհրդական։ Մեծ Բրիտանիան Եթովպիային փոխառություն տրամադրեց և Ադիս Աբեբա ուղարկեց մի խումբ պաշտոնյաների՝ Եթովպիայի տնտեսության վերականգնման և երկրի ներքին կյանքի բարելավման, մասնավորապես ոստիկանական ուժերի կազմակերպման համար որպես վարչական, տեխնիկական և ֆինանսական խորհրդականներ աշխատելու համար[1]։ Այսպիսով, Մեծ Բրիտանիան իր ազդեցությանն էր ենթարկում Եթովպիայի ողջ տնտեսական կյանքը, մասնավորապես, բրիտանացիները սկսեցին վերահսկել երկրում դրամական շրջանառությունը (նրանց կողմից Եթովպիայում նոր արժույթ ներդրվեց ՝ արևելաաֆրիկյան շիլինգ[6]), նրա արտաքին առևտրային հարաբերությունները, քանի որ միակ եթովպական երկաթուղին՝ Ջիբութի–Ադիս Աբեբան, նույնպես անցնում էր Մեծ Բրիտանիայի կառավարմանը[3]։

Նշանակություն խմբագրել

1942 թվականի համաձայնագրի ստորագրումը, որով Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչեց Եթովպիայի անկախությունը և համաձայնեց դադարեցնել իր զորքերի օկուպացիան երկրի մեծ մասում, վկայում է Եթովպիայի դիվանագիտական հաջողության մասին։ Չնայած Մեծ Բրիտանիայի զգալի զիջումներին, 1942 թվականի համաձայնագրի շնորհիվ Եթովպիան որոշակի հնարավորություններ ստացավ իր պետականության վերականգնման, տնտեսական կյանքի հաստատման, արտաքին քաղաքական շփումների ընդլայնման և, ի վերջո, իր անկախության ամրապնդման համար ամուր ներքին և արտաքին քաղաքական հիմք ստեղծելու համար[2]։

Հետևանքներ խմբագրել

Հետագայում Մեծ Բրիտանիան և Եթովպիան նոր համաձայնագիր կնքեցին 1944 թվականին, որը սահմանափակեց Եթովպիայում բրիտանական զորքերի ներկայության ժամանակը մինչև 1946 թվականը, ինչպես նաև վերացրեց Եթովպիայում Մեծ Բրիտանիայի տնտեսական և դիվանագիտական արտոնությունները։ Սակայն բրիտանական զորակազմը Օգադենից դուրս բերվեց միայն 1955 թվականին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1   Կողմ,   Կողմ Дипломатический словарь. Итало-эфиопский договор 1942 года, 31 января. — М.: Государственное издательство политической литературы, 1948.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7   Կողմ,   Կողմ История Эфиопии в новое и новейшее время. — М.: Наука, 1989. — С. 134. — 405 с. — ISBN 5-02-016620-0
  3. 3,0 3,1 3,2 «Ethiopia: Ethiopia in World War II». Library of Congress website. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  4. Spencer, John Ethiopia at Bay: A personal account of the Haile Selassie years. — Algonac: Reference Publications, 1984. — P. 142.
  5. Haile Selassie My Life and Ethiopia's Progress Volume Two: Addis Abeba 1966 E.C. — Chicago: Frontline Distribution, 1999. — P. 176.
  6. Spencer, John Ethiopia at Bay: A personal account of the Haile Selassie years. — Algonac: Reference Publications, 1984. — P. 102.
  7. Կաղապար:СИЭ