Անանկե (դիցաբանություն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անանկե (այլ կիրառումներ)
Անա՛նկե, Անա՛նկա (հին հուն․՝ Ἀνάγκη՝ «անհրաժեշտություն», «բախտ»), հունական դիցաբանության մեջ անխուսափելիությունն անձնավորող աստվածուհի[1]։ Ընդգրկված է եղել մի շարք հին մտածողների փիլիսոփայական և կրոնական համակարգերի մեջ։ Պլատոնը նրան համարում էր Մոյրաների մայրը։
Ժողովրդական պատկերացմամբ Անանկեն եղել է մահվան աստվածություն (մեռնելու անհրաժեշտություն, անխուսափելիություն)։ Ողբերգակ բանաստեղծների մոտ գերագույն ուժի անձնավորում է, որին ենթարկվում են մինչև անգամ աստվածները։ Անանկեի պաշտամունքը տարածվել է նախ Կորնթոսում, որտեղ նրա համար աստվածուհի Բիայի հետ ընդհանուր սրբավայր էր կառուցվել։ Հռոմում Անանկեի անալոգը Նեցեսսիտատա (լատ.՝ Necessitas՝ անհրաժեշտություն) անվամբ պաշտամունք չունեցավ, այլ դարձավ զուտ գրական կերպար[2]։