Աղբյուր (ամսագիր, Թիֆլիս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբյուր (այլ կիրառումներ)
«Աղբյուր»[2], առաջին մանկական պատկերազարդ ամսագիրը Արևելյան Հայաստանում։ Լույս է տեսել Թիֆլիսում 1883–1918 թվականներին, հրապարակախոս–մանկագիր Տիգրան Նազարյանի խմբագրությամբ[3]։
Աղբյուր | |
---|---|
Տեսակ | մանկական ամսագիր և պատկերազարդ ամսագիր |
Լեզու | հայերեն |
Գլխավոր խմբագիր | Տիգրան Նազարյան[1] |
Հիմնադրվել է | 1883[1] |
Գրասենյակ | Թիֆլիս, Թիֆլիսի գավառ[1] |
Լուծարվել է | 1918[1] |
Ուղղվածություն խմբագրել
Ամսագիրը ձգտել է մանուկների մեջ արթնացնել պատվասիրություն, սեր դեպի մարդը, վսեմն ու ազնիվը։ Տպագրել է գրական–գեղարվեստական, բնագիտական, աշխարհագրական նյութեր, կենսագրական ակնարկներ նշանավոր մարդկանց մասին, նաև թարգմանություններ Անդերսենի, Հոֆմանի, Հյուգոյի, Գյոթեի, Պուշկինի, Տուրգենևի, Նեկրասովի և այլ գրողների մանկական երկերից։
Մեծ տեղ է տվել ժողովրդական բանահյուսությանը։ Ունեցել է ոչ պարբերաբար լույս տեսնող երկրորդ բաժին, որտեղ տպագրվել են մանկավարժական տեսական հոդվածներ, ուսումնասիրություններ, խորհուրդներ ծնողներին և դաստիարակներին։
Իբրև «Աղբյուրի» հավելված հրատարակվել են ժողովածուներ, գրքույկներ, նկարներ, «Մանկական աշխարհ» պարբերաթերթը՝ երեխաների գրվածքներով և թարգմանական նյութերով։
Ամսագրի էջերում հանդես են եկել հայ անվանի գրողներ Րաֆֆին, Պ. Պռոշյանը, Ղ. Աղայանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Թումանյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Իսահակյանը, Լեոն և ուրիշները։
Գրականություն խմբագրել
- Քսան և հինգ ամյակ «Աղբյուր» մանկական ամսագրի (1883-1908), կազմեց Նար-Դոս, Թ., 1908։
- Հակոբյան Մ. Ն., «Աղբյուր» ամսագիրը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1959, №2։
- Գյուլնազարյան Ի. Ս., Ակնարկներ հայ մանկական գրականության պատմության, Ե., 1961, էջեր 63–73։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 250.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՂԲԻՒՐ»։ Վերցված է 2022-12-13
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 250)։ |