Աղավնիճ
Աղավնիճ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Աղավնիճազգիներ (Verbenaceae) |
Ցեղ | Աղավնիճ (Verbena) L., 1753 |
Աղավնիճ (լատիներեն՝ Verbéna), աղավնիճազգիների (Verbenáceae) ընտանիքի բույսերի ցեղ, որի տեսակները միամյա, բազմամյա խոտաբույսեր և կիսաթփեր են[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայրենիքը Հարավային Ամերիկան է (Բրազիլիա, Պերու)[2]։ Առավելապես տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ ՀՀ-ում աճում է Դեղատու աղավնիճը (Verbéna officinalis), որը 30-100 սմ բարձրությամբ, խոր կտրտված և հակադիր տերևներով բազմամյա մոլախոտ է, ծաղկաբույլը՝ հասկ, ծաղիկները՝ մանր և մանուշակագույն[1]։
Օգտագործումը
խմբագրելՀիմնականում օգտագործվում է ծաղկային ձևավորումներում (ղևանդներ, միքսբորդերներ, ծաղկաթմբեր) և առանձին խմբավորումներում[2]։ Եթերային յուղ ստանալու համար մշակվում է Կիտրոնային աղավնիճ[1]։ Ն. Պ. Կրասինսկու կարծիքով, աղավնիճը կարելի է մշակել քիմիական արտադրություն ունեցող գործարանների բակերում։
Մշակումը
խմբագրելՏնկումը կատարվում է արևոտ տեղերում, սննդանյութերով հարուստ հողերում։ Ոռոգումը պետք է կատարել չափավոր։ Verbéna hybrida Hort տեսակի և Verbéna hybrida Mammouth-ի բույսերը տնկում են մեկը մյուսից 25-30 սմ հեռավորության վրա, քանի որ ունեն գետնի վրա տարածված երկար ցողուններ։ Այս տեսակներից ցածր գորգ ստանալու նպատակով անհրաժեշտ է ցողունները փայտե կարթերով ամրացնել գետնին, որի շնորհիվ դրանք անդալիսի նման արմատակալում են։ Աղավնիճ կնճռոտը (Verbéna venosa Gill et Hook), որի ծաղիկները միայն կապույտ, մանուշակագույն են, միջբուսային տարածությունը տրվում է 20-25 սմ։ Խոնավության նկատմամբ պահանջը մեծ չէ, սակայն ջրի պակասի դեպքում ծաղկումը սկսում է դադարել։ Ծաղկումը սկսում է հունիսից և տևում մինչև ուշ աշուն։ Կնճռոտ աղավնիճը նախորդների հետ համեմատած ավելի կարճատև է ծաղկում։
Ցանքը ջերմատներում կատարվում է փետրվար-մարտ ամիսներին։ 18-20° ջերմության դեպքում սերմերը ծլում են 10-14 օրվա ընթացքում։ Ցանքը կարելի է կատարել նաև բաց գրունտում։ Երևանի պայմաններում աշնանը թափված սերմերը հաջորդ տարի գարնանը ծլում են։
Բազմացումը
խմբագրելԱղավնիճը բազմանում է սերմերով և կտրոններով։ Սերմնահավաքը կատարելիս չպետք է թողնել, որ ծաղկակոթի վրա սերմնապատիճները ամբողջովին բացվեն, քանի որ մինչև վերին պատիճների մեջ եղած սերմերը հասունանան և պատիճները բացվեն, ապա ներքևիններից սերմերը կթափվեն։ Բույսը կտրոններով բազմացնելիս, որը երբեմն արվում է տարբեր գույնի ծաղիկներ ստանալու նպատակով, պահվում է ջերմատան լուսավոր մասերում, 12-15° ջերմության պայմաններում։
Սերմերը
խմբագրելՍերմերը նման են փոքրիկ փայտիկների, մոտավորապես 3 մմ երկարությամբ։ Սերմը հասուն վիճակում դեղին, բաց շականակագույն է, մեկ ծայրի հաստ մասում ունի փոքրիկ բաց գույնի ակոսիկ։ Մեկ գրամում պարունակում է մոտավորապես 350 հատիկ։ Ծլունակությունը պահպանում է 3-4 տարի[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնիճ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնիճ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 248)։ |