Ակունք (ազգագրական համույթ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Ակունք» ազգագրական համույթ»՝ ձևավորված 1974 թվականին։
Ակունք | |
---|---|
Հայաստանի Ակունք ազգագրական համույթի համերգը, 2024թ․ | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | ազգագրություն |
Գործունեություն | 1974 |
Կայք | folkmusicdance.am |
Akunk folk ensemble Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել«Ակունք» ազգագրական համույթ» ստեղծվել է 1974 թվականին Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանի կողմից։ Խմբում ընդգրկված էին Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն, Շատախ և այլ բնակավայրերից 1915 թվականին տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։ 1977 թվականի նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում կայացավ խմբի առաջին պաշտոնական ելույթը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Դրանից հետո սկսվում են համերգները Հայաստանի գյուղերում ու քաղաքներում։
Գործունեություն
խմբագրել1979 թվականին խումբը հրավիրվում է Էստոնիա՝ մասնակցելու միջազգային ազգագրական փառատոնին և մեծ հաջողություն է ունենում։ 1981 թվականին այն պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։ Սկսվում են նկարահանումները և ձայնագրությունները։ Մոսկվան, ի դեմս կենտրոնական հեռուստատեսության, մշտապես անդրադառնալով խմբի գործունեությանը, հրավիրում է նրան հաղորդաշարերի, նրա մասնակցությամբ նկարահանում վավերագրական ֆիլմեր։ Համույթի երգացանկի հիման վրա և նրա մասնակցությամբ նկարահանվում են «Երգի ակունքներում», «Տարոն Աշխարհ» և «Երգի վերադարձը» երաժշտական ֆիլմերը։ Վերջինս երաժշտական ֆիլմերի համամիութենական փառատոնում արժանանում է մրցանակի։ Սկսվում են ակտիվ համերգային շրջագայությունները։ Խումբը հրավիրվում է բազմաթիվ երկրներ Խորհրդային Միության տարածքով մեկ, նաև՝ արտասահմանյան երկրներ՝ ամենուրեք հնչեցնելով հայ երգը (1979 թ.-Էստոնիա, 1981 թ.- Արևմտյան Գերմանիա, 1982 թ. – Ալմա-Աթա, 1982 թ. – Կիև, 1983 թ. -Մոսկվա, 1984 թ. – Ռոստով, 1987 թ. – ԱՄՆ և Կանադա, 1988 թ. – Վրաստան, 1988 թ. – Մոսկվա, 1991 թ. -Իտալիա, 1996 թ. – Սիցիլիա, 2000 թ. – Թուրքմենստան, 2001 թ. – Հնդկաստան, 2002 թ. – Բելգիա, Գերմանիա, 2009 թ. – Սիրիա, Թուրքիա, 2010 թ., 2011 թ. – Արևմտյան Հայաստան /Թուրքիա/) 2017թ.- Եգիպտոս,2022թ. - Մոսկվա, 2023թ.- Սանկտ-Պետերբուրգ, Սոչի։
Արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հիմնած «Ներսես Մեծ» հիմնադրամի միջոցով համույթն իրականացրել է երեք խոշոր ներկայացումներ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմերում՝ «Սուրբ Կարապետ», «Վարագա սուրբ խաչ», «Կարոս խաչ»։ Հետագայում նաև նկարահանվել է «Սուրբ Կարապետ» երաժշտական ֆիլմը՝ «Ակունք»-ի մասնակցությամբ[1]։
Խմբի ծրագրերում ընդգրկված են Պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ, որոնք ներկայացնում են ամենատարբեր ժամանակաշրջանները՝ սկսած հեթանոսական շրջանից մինչև մեր օրերը։
2007 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Ակունք»-ն արժանացել է «Տարվա լավագույն ազգագրական համույթ» մրցանակին։
2016 թվականին համույթն ստացել է պետական կարգավիճակ՝ հավատարմորեն իրականացնելով հայ ազգային երաժշտական ու ծիսական մշակութային արժեքավոր ավանդույթները պահպանողի ու զարգացնողի առաքելությունը, իսկ համույթի գեղարվեստական ղեկավար է նշանակվել կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, ով առաջին երկու տարում «Ակունք»-ին սովորեցրեց 150-ից ավելի նոր երգեր, այդ թվում՝ Կոմիտասի գրառած, բայց դեռևս չհնչած երգերը։ Այսպիսով, համույթի երգացանկը համալրվելով, փաստորեն ներառել է Արևելյան և Արևմտյան պատմական Հայաստանի գրեթե բոլոր շրջանների երգերը՝ հարսանեկան, տոների (Ծաղկի տոն, Ամանոր, Վարդավառ, Բարեկենդան), աշխատանքային (սանդի, խնոցու, իլիկ մանելու, ճախարակի, հացի արարման բոլոր փուլերի և այլն) երգեր, օրորոցայիններ, կատակերգեր, մանկական երգեր, սիրերգեր, պարերգեր, էպոսի, պատմական, հայրենասիրական, քնարական երգեր և այլն[1]։
Այսօր էլ ավագ, միջին և երիտասարդ սերնդի շուրջ երկու տասնյակ երգիչ-երգչուհիներ համույթի կազմում շարունակում են հայ երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի գործը՝ արթուն պահելով նրա «հայ մնալ ու հայ ապրել» հորդոր-խնդրանքը։
2023 թվականին համույթը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում։ Համույթի երաժշտական ղեկավարն է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը[1]։
Մրցանակներ
խմբագրել- «Տարվա լավագույն ազգագրական համույթ», Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, 2007 թվական
Պատկերասրահ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքէջ
- Ակունք ազգագրական համույթի ելույթներից-Աշխատանքային երգեր
- Ակունք ազգագրական համույթի ելույթներից-Փափուռի
- Ակունք ազգագրական համույթի ելույթներից-Հադիգոյ
- ↑ 1,0 1,1 1,2 «Zarkfoundation - Հայաստանի Ակունք ազգագրական համույթ». zarkfoundation.com.