Ենթակեղևային գոյացություններ
Ենթակեղևային գոյացություններ, գորշ նյութի կուտակումներ գլխուղեղի մեծ կիսագնդի հաստության մեջ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/de/Visible_Human_head_slice.jpg/220px-Visible_Human_head_slice.jpg)
Ենթակեղևային գոյացություններ են պոչավոր կորիզը (ո․ caudatus), կճեպը (putamen), դժգույն կորիզը (globus pallidus), պատնեշը (claustrum), նշաձև կորիզը (ո․ amygdale)։ Պոչավոր կորիզի և կճեպի բջջային կառուցվածքի ու ֆունկցիոնալ նմանության համար Կապերսը (1908) նրանց միավորել է և անվանել նոր զոլավոր մարմին (corpus neostriatum)։ Ներկայումս պոչավոր կորիզը, կճեպը և դժգույն կորիզը միասին անվանում են ստրիոպալիդար համակարգ։ Վերջինս բազմաթիվ առբերող թելերով կապված է տեսաթմբերի (որտեղից ստանում է զգայական և տեսողական գրգիռներ), գլխուղեղի մեծ կիսագնդերի զգայաշարժական գոտու և ուղեղիկի հետ։ Զոլավոր մարմինը արտատար թելերով կապված է դժգույն կորիզի, իսկ վերջինս՝ միջանկյալ և միջին ուղեղի շարժիչ կորիզների հետ։ Ցածրակարգ ողնաշարավոր կենդանիները գլխուղեղի կեղև չունեն, նրանց ենթակեղևային գոյացություններն են ապահովում միջավայրի պայմաններին հարմարվելը, վարքը։ Կաթնասունների և մարդու գլխուղեղի կեղևի զարգացման ու հիմնական ֆունկցիաների կեղևայնացման շնորհիվ ենթակեղևային գոյացությունները կորցրել են իրենց այդքան կարևոր ֆունկցիան և պայմանավորում են չգիտակցված, ինքնաբեր շարժումներ, ինչպես նաև պաշտպանական և հուզական-արտահայտչական որոշ գործողություններ։ Ենթակեղևային գոյացություններ ախտահարվելիս նկատվում է կամայական շարժումների սահունության և ճկունության կորուստ, շարժումները դառնում են աններդաշնակ, կոպիտ, սխեմատիկ։ Զոլավոր մարմինը դժգույն կորիզի նկատմամբ ունի արգելակող ազդեցություն։ Առաջինի մեկուսի ախտահարումից նկատվում է շարժումների աշխուժացում։ Առաջանում են աննպատակ, անկանոն շարժումներ, հատկապես ծայրանդամների հեռադիր հոդերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 515)։ ![]() |