Ալքիմիան Հայաստանում տարածվել է դեռևս ալիքիմիայի ծագման շրջանում։ Ինչպես վկայում են մեզ հասած ձեռագրերը, հայկական ալքիմիան կանգնած էր ավելի ռեալիստական հիմքերի վրա և շատ դեպքերում զերծ էր ալքիմիային հատուկ խորհրդամոլությունից։ Հայ ալքիմիկոսներից շատերը նույնիսկ օտար աղբյուրներից օգտվելիս վերցնում էին գործնական նշանակություն ունեցող փաստերը[1]։

Մետաղագործության, ոսկերչության, ապակու հալման, խեցեգործության, գինեգործության, ներկերի և դեղանյութերի ստացման ասպարեզում հայ ալքիմիկոսները հաճախ հասել են հիանալի արդյունքների։ Հայտնի են հայկական բարձրորակ մագաղաթները, ներկերը, թանաքները, հոտավետ յուղերը, օճառները և այլն։ Գործնական ալքիմիան Հայաստանում հենվում էր բնափիլիսոփայական տեսական ուսմունքի վրա[2]։

Պատմություն խմբագրել

Հայաստանում ալքիմիայի ծագման վերաբերյալ տեսակետները միանշանակ չեն։ Ըստ Ղաֆադարյանի՝ ալիքիմիան Հայաստան է թափանցել Արաբական արշավանքների ժամանակ, բայց Ղազանչյանը հակառակ կարծիքին է, որ արաբներն իրենց արշավանքների ժամանակ Հայաստանից քաղել են ալքիմիական որոշ գիտելիքներ, իսկ Հայաստան ալքիմիան թափանցել է շատ ավելի վաղ։

Ալիքիմիան Հայաստանում դասվել է «ծածուկ արվեստների» շարքին։ Նրանով զբաղվող անձիք անվանվել են «աքսիր շինողներ» (15-րդ դար), քիմիականք (16-րդ դար)։ Ալքիմիական ձեռագրերը կոչվել են «Վկայական գիրք», «Աքսիրի գիրք» և «Քիմիական գիրք»։ Տեխնոլոգիան շատ գաղտնի էր պահվում և սովորաբար գիտելիքը փոխանցվում էր ժառանգաբար[2]։

Հայկական ալքիմիան ոչ միայն կրել է հարևան երկրների ալքիմիայի ազդեցությունը, այլև իր ազդեցությունն է թողել նրանց վրա։ Ժամանակի առաջադեմ երկրների հետ հայերի տնտեսական և մշակութային կապերը պայմաններ էին ստեղծել նման փոխազդեցության համար։ Ոսկերչական իրերի, գորգերի, ներկերի, աղերի և ալքիմիական սարքերի ու հարմարանքների արտահանման հետ միասին Հայաստանից արևելյան և արևմտյան երկրներ են փոխանցվել նաև ալքիմիական գիտելիքներ։

Այդ մասին են վկայում բազմայլալեզու և հայերեն ձեռագրեր, որտեղ «փիլիսոփայական քար», «փիլիսոփայական ձու» արտահայտությունների կողքին հանդիպում ենք նաև «հայկական քար», «հայկական ձու» արտահայտություններին։ Արմտյան Եվրոպայում, որոշ ալքիմիական պարագաներ, օրինակ՝ կլորահատակ կոլբան անվանվում էր «հայկական ձու»[1]։

Մարսելին Պիեռ Բերթելոն գրում է, որ որոշ ալքիմիկոսներին տալիս էին պայմանական տիտղոսներ, այդ թվում օրինակ՝ հայոց արքայի կոչումը, որը կարելի է տեսնել Տիբերիոս Փեթազիոսի որոշ աշխատությունների տակ[3], նրանց հեղինակությունը բարձրացնելու համար։

Դեպի Ռուսիա քիմիագործնական գիտելիքների թափանցման համար շատ կարևոր էին «Կովկասյան դարպասները», որոնց միջոցով Արևելքից Կիև, Մոսկվա և ապա Եվրոպայի այլ քաղաքներ էին թափանցում քիմիայի մասին գործնական գիտելիքները։ Այս գիտելիքների փոխանցման մեջ շատ կարևոր էր Հին Հայաստանի դերը, որտեղից բժիշկները և քիմիայով զբաղվող մասնագետները գնում էին Ռուսիա և այլ երկրներ[4]։

Ջաբիրի, Վալենտինիուսի, Իսահակ Հոլանդի և այլոց աշխատություններում և հայկական ձեռագրերում կա «հայկական աղ» արտահայտությունը, որը համարվում էր «փիլիսոփաների արևը», այն նուրբ ոգին, առանց որի անհնար է «էլիքսիր» պատրաստել։ «Հայկական աղ» ասելով հաճախ հասկանում էին նաև որևէ իրական նյութ։ Տարբեր հեղինակներ այդպես են անվանել մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը, անուշադրը և այլն, որոնք հավանորեն արտահանվում էին Հայաստանից։ Հայկական ալքիմիական ձեռագրերը դեռևս վատ են ուսումնասիրված։ Այդ է պատճառը, որ մեծաթիվ չեն մեզ հայտնի հայ ալքիմիկոսների անունները։ Չի վերծանված նրանց թողած դեղագրերի մեծ մասը։ Միայն մասամբ են ուսումնասիրված Ստեփանոս Իմաստասերի, Դանել Աբեղայի, Օհան Թոխաթցու, Ղազար Եպիսկոպոսի, Տեր–Հարություն Էրզրումցու և այլոց գործերը։

Հայկական ալքիմիայի պատմության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Ամիրդովլաթ Ամասիացու դեղագիտական աշխատությունները։

Հետազոտություններ խմբագրել

Հայկական ալիքիմիան դեռևս լավ ուսումնասիրված չէ։ Հիմնական աշխատություններից են Կարո Ղաֆադարյանի «Ալքիմիան պատմական Հայաստանում» գիրքը[5] և Տիրան Ղազանչյանի «Քիմիան և նրա զարգացման ուղիները Հայաստանում»[6] աշխատությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Казанджян, Т. Т. (1955). Очерки по истории химии в Армении. Ереванский государственный университет. Ереван: Изд-во Ерев. ун-та. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 9-ին.
  2. 2,0 2,1 Ղաֆադարյան, Կարո Գրիգորի (1940). Հարությունյան, Հ; Տոնոյան, Ռ; Մանուկյան, Վ (eds.). Ալքիմիան պատմական Հայաստանում, Алхимия в Армении в историческом прошлом. Պատմության և նյութական կուլտուրայի հայկական ֆիլիալ ՍՍՌՄ ԳԱ, ԱրմՖԱՆ. Երևան: Տպարան Արմֆանի հրատարակչության.
  3. Taylor, F. Sherwood (1930). «A Survey of Greek Alchemy». The Journal of Hellenic Studies. 50: 109–139. doi:10.2307/626167. ISSN 0075-4269.
  4. Советская энциклопедия (1949). Большая советская энциклопедия (Russian).{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Ղաֆադարյան, Կարո. «Ալիքիման Պատմական Հայաստանում».
  6. Ղազանչյան, Տիրան Տիգրանի (1949). Քիմիան և նրա զարգացման ուղիները Հայաստանում։ Դոկտորային դիսերտացիայի ավտորեֆ. Երևան: Պետ. համալս. հրատ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ալքիմիա» հոդվածից (հ․ 1, էջ 193 ) (հեղինակ — Ա. Հարությունյան, Լ. Գրիգորյան)։