Ալեքսանդր Նևսկի (Պրոկոֆև)

«Ալեքսանդր Նևսկի»՝ op. 78 կանտատի հեղինակն է 20-րդ դարի ականավոր կոմպեզիտոր Սերգեյ Պրոկոֆևը։ Այն հերոսական-էպիկական մոնումենտալ ստեղծագործություն է, որը փառաբանում է ռուս ժողովրդի հերոսական անցյալը, նրա պայքարը օտարերկրյա զավթիչների դեմ՝ ազատության համար։ Կանտատը գրված է երգչախմբի, մեներգող մեցցո-սոպրանոյի և նվագախմբի համար։

Ալեքսանդր Նևսկի (Պրոկոֆև)
Նիկոլայ Չերկասով ՝ Ալեքսանդր Նևսկու դերում

Ստեղծագործության տեքստի հեղինակներն են Պրոկոֆևն ու ռուս գրող Վ․Լուգովսկին։

Կանտատը ստեղծվել է 1938-1939 թվականներին, համանուն ֆիլմի համար գրված երաժշտության հիման վրա, որը կոմպոզիտորը գրել է թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Էյզենշտեյնի առաջարկով։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայի Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում (Մեծ թատրոն) 1938 թվականի նոյեմբերի 23-ին[1]։

«Ալեքսանդր Նևսկին» երրորդ ստեղծագործությունն է, որ Պրոկոֆևը գրել է ֆիլմի համար։ Առաջինը Լեյտենանտ Կիժե նվագախմբային սուիտն է ( 1934), երկրորդը՝ Պիկովայա Դաման (1936)[2]։

Կանտատի պրեմիերան տեղի է ունեցել 1939 թվականի մայիս 7-ին, հեղինակի ղեկավարությամբ, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Մեցցո-սոպրանոյի մեներգը կատարել է Վարվարա Գագարինան[3]։

Պատմություն խմբագրել

 
Սերգեյ Պրոկոֆև

«Ալեքսանդր Նևսկի» կանտատում ներկայացվում է 1240-1242 թվականներին տեղի ունեցած դեպքերը, այդ թվում ՝ 1242 թվականի ապրիլի 5-ի վճռական մարտը, որտեղ ռուսական բանակը Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ, պարտության է մատնում գերմանական խաչակիր ասպետներին Չուդ լճի սառույցի վրա։ Ճակատամարտը հայտնի է Սառցաջարդ անունով։

Կոմպոզիտորն արվեստագետին հատուկ խորաթափանցությամբ և գեղարվեստական մեծ ուժով է ներկայացրել պատմական անցյալից վերցրած դեպքերը։ Նա օգտագործել է տարբեր երաժշտական արտահայտչամիջոցներ՝ ռուս ժողովրդին և նրա թշնամիներին բնութագրելու համար։

Ռուս հայրենասեր հերոսներին բնութագրել է ժողովրդական երգերին մոտ մեղեդիներով, որոնք հնչում են լարային գործիքների, երգչախմբի և մեներգի կատարմամբ[4] , իսկ Տևտոնացի ասպետներին՝ կոշտ, մռայլ երաժշտությամբ, օգտագործելով լարված դիսոնանս հնչողություններ, պղնձյա փողային և հարվածային գործիքների տեմբրեր, եկեղեցական երգչախմբի անկենդան հնչերանգներ[5]։

Կառուցվածք խմբագրել

Երգ ալեքսանդր Նևսկու մասին, Սուրբ Մատթեոսի երգչախումբ, դիրիժոր՝ Դուն Սլուտեր, տևողություն՝ 2 րոպե 54 վ․

Կանտատը բաղկացած է յոթ մասից․

1․ «Ռուսիան մոնղոլական լծի տակ» (նվագախումբ)

2․ «Երգ Ալեքսանդր Նևսկու մասին» (երգչախումբ և նվագախումբ)

3․ «Խաչակիրները Պսկովում» (երգչախումբ և նվագախումբ)

4․ «Ելեք, ռուս մարդիկ» (երգչախումբ և նվագախումբ)

5․ «Սառցաջարդ» (նվագախումբ, երգչախումբ)

6․ «Մեռյալ դաշտ» (մեցցո-սոպրանո, նվագախումբ)

7․ «Ալեքսանդր Նևսկու մուտքը Պսկով» (երգչախումբ և նվագախումբ)

Կանտատի տևողությունը 40 րոպե է։

№2 «Երգ Ալեքսանդր Նևսկու մասին» խմբագրել

Այս մասում երգչախումբը ներկայացնում է, թե ինչպես է Ալեքսանդրը հաղթել շվեդներին Նևայի գետաբերանում, և ջախջախել ու փախուստի մատնել նրանց։ Երգում լսվում են հետևյալ տողերը․ «Ով կգա Ռուսիա, մահացու հարված կստանա», «Չենք զիջի մենք հողը ռուսական»։

Այստեղ երաժշտությունը պատմողական և էպիկական բնույթ ունի։

Խմբերգը եռամասանի կառուցվածք ունի։ Նրա առաջին և վերջին բաժիններում երգչախումբը միաձայն է երգում։ Միջին մասն ավելի շարժուն բնույթ ունի։ Այստեղ տարբեր ձայների մոտ հնչող ֆրազները երգչախմբային գույների հակադրություն են ստեղծում։

Երաժշտության էպիկական շունչը, հարմոնիկ պլագալ դարձվածքները, փոփոխական չափը (2/4, 3/4) ընգծում են կապը ռուսական ժողովրդական և դասական երաժշտության հետ։ Այս մասում կոմպոզիտորն արտահայտել է Ռուսաստանի հզորությունն ու անհաղթահարելի ուժը։

№4 «Ելեք ռուս մարդիկ» խմբագրել

Կանտատի այս մասում կոմպոզիտորը կոչ է անում ռուս հայրենասերերին ոտքի ելնել հանուն հայրենիքի պաշտպանության։ Այս խմբերգը մարտական և հերոսական բնույթ ունի։ Այն եռամասանի է։ Առաջին և վերջին բաժինների մեղեդին հագեցած է հատու՛կ կոչ անող ինտոնացիաներով։ Միջին մասը հակադրություն է մտցնում երաժշտության մեջ և մեղեդին մարմնավորում է հաղթանակած հայրենիքի վեհ կերպարը․ «Հարազատ Ռուսիայում, մեծ Ռուսիայում չի լինի թշնամին»։

№5 «Սառցաջարդ» խմբագրել

Կանտատի այս մասը իրենից մի ծավալուն սիմֆոնիկ պատկեր է ներկայացնում, որտեղ նկարագրված է ռուսների և գերմանացի ասպետների բախումը։ Սիմֆոնիկ երաժշտության միջոցով Պրոկոֆևը վարպետորեն վերարտադրել է մարտի ընթացքը Չուդ լճի ափին․ թշնամիների գրոհը, ռուս հերոսների հակահարվածը, թշնամիների պարտությունը։

Տարբեր սիմֆոնիկ էպիզոդների հաջորդականությունն այս մասը մոտեցնում է ռոնդոյի կառուցվածքն։ Այն սկսվում է ցուրտ առավոտյան խաղաղ պատկերի վերարտադրությամբ, որն անհանգիստ սպասումի պահ է արտահայտում։ Այնուհետև հնչում է խաչակիրների հարձակման ազդանշանը, նրանց հանդիպումը, ռուս զորքի անհաղթելի ուժը։

Այս մասի վերջին բաժինը ռեպրիզայի դեր է կատարում։ Միաժամանակ հնչում են նաև տարբեր թեմաների զուգորդումները։

Երաժշտական գործիքներ, գործիքավորում խմբագրել

Լարային գործիքներ

Փայտյա փողային երաժշտական գործիքներ

Պղնձյա փողային գործիքներ

Հարվածային գործիքներ

Այլ ՝ 2 տավիղ, դաշնամուր

Նվագախումբ՝ 2 գալարափող, 2 շեփոր, տենոր շեփոր

Գրականություն խմբագրել

  • Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — С. 28. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0
  • Երաժշտական գրականություն, Սուսաննա Ամատունի, «Սովետական գրող»հրատ․, Երևան-1981

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Prokofiev: Werkverzeichnis (2015: p. 28)
  2. González Cueto, Irene (2016 թ․ մայիսի 23). «Warhol, Prokofiev, Eisenstein y la música - Cultural Resuena». Cultural Resuena (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. Нестьев И. В. "Александр Невский" Прокофьева. — М.: Советский композитор, 1968. — 50 с.
  4. Herbert Glass. «About the piece: Cantata, Alexander Nevsky, Op. 78». LA Phil. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. The score of Alexander Nevsky is published by Schirmer, 0-634-03481-2

Արտաքին հղումներ խմբագրել

Михеева Л. (2011 թ․ հունվարի 12). «Прокофьев. Кантата «Александр Невский»». Belcanto.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.