Ալեն Բոսկե

ֆրանսիացի գրող

Ալեն Բոսկե (ֆր.՝ Alain Bosquet, ծնյալ Անատոլի Ալեքսանդրի Բիսկ, մարտի 28, 1919(1919-03-28)[1][2][3][…], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ[4] - մարտի 17, 1998(1998-03-17)[5][4][6], Փարիզի 8-րդ շրջան, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գրող։

Ալեն Բոսկե
Ծննդյան անունռուս.՝ Анато́лий Александрович Биск
Ծնվել էմարտի 28, 1919(1919-03-28)[1][2][3][…]
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ[4]
Վախճանվել էմարտի 17, 1998(1998-03-17)[5][4][6] (78 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 8-րդ շրջան, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան և Բրյուսելի ազատ համալսարան
ԱնդամակցությունԲելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[7]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ալեն Բոսկեն (Անատոլի Բիսկը) ծնվել է Ալեքսանդր Ակիմի Բիսկի ընտանիքում, 1919 թվականի մարտի 28-ին։ Տղան վեց տարեկան էր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։ Հենց այստեղ էլ նա հաճախեց դպրոց, որն ավարտելուց հետո՝ 1938 թվականին ընդունվեց Բրյուսելի Ազատ համալսարանը։ Ընդ որում՝ ապագա գրողը բարձրագույն կրթություն ստանալու հետ մեկտեղ սերտորեն աշխատակցում էր տարատեսակ պարբերական հրատարակությունների։

Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, նա զինվորական ծառայության անցավ բելգիական բանակում, բայց այն բանից հետո, երբ վերջինս զենքերը վայր դրեց ֆաշիստական Գերմանիայի առջև, Բոսկեն մեկնեց Ֆրանսիա և ծառայության մտավ ֆրանսիական զինված ուժերում։

1942 թվականին տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ սկսեց աշխատել որպես «Ազատ Ֆրանսիա» և «Ֆրանսիայի ձայնը» ամսագրերի խմբագիր։ Այստեղ Բոսկեն ծանոթացավ եվրոպացի բազմաթիվ գրողների հետ, ովքեր ռազմական գործողությունների պատճառով ստիպված էին եղել հեռանալ հայրենի, հարազատ վայրերից։ Նոր ծանոթների մեջ էին Մորիս Մետեռլինկը, Ժյուլ Ռոմենը, Թոմաս Մանը, որոնց հետ նա մտերմիկ հարաբերություններ հաստատեց։

1944 թվականին Բոսկեն ամերիկյան զորքի կազմում մասնակցել է ֆրանսիական Նորմանդիայում Դաշնակիցների մեծաքանակ դեսանտի ափհանման գործողություններին, որոնց ղեկավարումն իրականացնում էր Դ. Էյզենհաուերը։

1945 թվականին գրողը՝ որպես խորհրդական, աշխատանքի է անցել Դաշնակիցների բեռլինյան Վերահսկիչ խորհրդում, ուր պաշտոնավարել է մինչև 1951 թվականը։

1947 թվականին Ալեքսանդր Կովալի և Էդուարդ Ռոդիտիի հետ մեկտեղ հիմնել է գերմանալեզու Das Lot («Հնչեղ տող») գրական ամսագիրը, որից շուրջ հինգ տարվա ընթացքում լույս է ընծայվել վեց համար։

1951 թվականին, վերադառնալով Փարիզ, Բոսկեն շարունակել է ուսումը Սորբոնի համալսարանում։

1958 թվականին ֆրանսիական գրականության պատմություն է դասանանդել Բրանդիսի համալսարանում, այնուհետև՝ 1959-1960 թվականներին՝ ամերիկյան գրականության պատմություն՝ Լիոնի համալսարանում։ Միաժամանակ, որպես արտահաստիքային գրաքննադատ, թղթակցել է ֆրանսիական հղինակավոր Le Mond, Le Figaro պարբերականներին։

Ալեն Բոսկեն ղեկավարել է բանաստեղծների, գրողների Մալարմե ակադեմիան, գլխավորել Մաքս Ժակոբի անվան գրական մրցանակները շնորհող հանձնախումբը, ընտրվել բելգիական թագավորական ակադեմիայի անդամ։

Մահացել է 79 տարեկան հասակում, Փարիզում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել