Հալեպի թեմ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
(Վերահղված է Ազգային վարժարանից)

Հալեպի թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է Սիրիայի խոշորագույն՝ Հալեպ քաղաքի առաքելական հայության և երկրի հյուսիսարևմտյան մարզերի հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Հալեպի սրբոց Քառասնից Մանկաց տաճարն է (15-րդ դար)։ Թեմի առաջնորդն է Շահան Ա. արքեպիսկոպոս Սարգիսյանը։

սրբոց Քառասնից Մանկաց տաճար, Հալեպ

Պատմություն

խմբագրել

Հալեպի հին «Բերիա» անունով թեմը ժամանակին կոչվել է նաև «Բերիո թեմ», սակայն այդ անունն է կրում Հայ կաթողիկե եկեղեցու համանուն թեմը։

1660-ական և 1920-ական թվականներին Հալեպը եղել է Կիլիկիո կաթողիկոսության վարչական և հոգևոր կենտրոնը։ Հալեպի թեմից զատ՝ Կիլիկիո աթոռի համակարգմամբ Սիրիայում գործում է Ջեզիրեի թեմը, իսկ մնացած հայաբնակ շրջանների և Հալեպի թաղերի եկեղեցիները կառավարում են թաղական խորհուրդները։ Թեմի հնագույն եկեղեցիներից է Հալեպի Սուրբ Աստվածածինը (առաջնորդանիստ եկեղեցու տարածքում, այժմ՝ Զարեհյան թանգարան), որը եղել է ուխտատեղի ոչ միայն հայերի, այլև այլազգիների համար։

 
սուրբ Աստվածածին եկեղեցի, Հալեպ

Հալեպի թեմի հովանու տակ են գործում «Զարեհյան» գանձատունը (1991), «Արամ Մանուկյան» ժողովրդային տունը (բաղկացած է ներքնահարկի «Սպիտակ» երիտասարդական սրահից, «Լևոն Շանթ» մշակութային սրահից, «Անի» ճաշասրահից, «Դալար» սրճարանից)։ Առաջնորդանիստ եկեղեցուն կից են «Օշական» գրատունը (1989), «Արևելք» տպարանը (1946) և այլն։ Գործում են նաև ուսումնական, դատաստանական, առողջապահական, ընկերային ծառայության, կրոնական դաստիարակության, թաղական խորհուրդները, կալվածների հոգաբարձությունը, վերաքննիչ ատյանը, շինարարական խորհրդատու մարմինը, հոգաբարձական և խնամակալական կազմերը, «Հովսեփ և Անահիտ Մարգարյան» փոխատվության և «Կյանք մը փրկենք» հիմնադրամները։

Եկեղեցիներ

խմբագրել

Հալեպում գործում են սուրբ Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Վարդան, սուրբ Գևորգ, սուրբ Հակոբ, սուրբ Աստվածածին եկեղեցիները, պաշտոնավարում է 14 քահանա։

Թեմի տարածքում են գտնվում՝ Արամոյում՝ սուրբ Ստեփանոս (12-րդ դար, նորոգվել է 1958 թվականին), Լաթակիայում՝ սուրբ Աստվածածին (10-րդ դար), Կարադուրանում՝ սուրբ Աստվածածին (նորոգվել է 1960 թվականին) և սուրբ Ստեփանոս մատուռը, Յակուբիեում՝ սուրբ Հռիփսիմե (նորոգվել է 1954 թվականին) և Սուրբ Աննա ուխտատեղի-մատուռը, Ղնեմիեում՝ սուրբ Գևորգ եկեղեցին, Քեսաբում՝ սուրբ Աստվածածին (19-րդ դար) և սուրբ Աստվածածին մատուռը, ալ-Ռակկայում՝ սուրբ Աստվածածին եկեղեցին, Թել Աբյադում՝ սուրբ Խաչ եկեղեցին, Ռաս ալ-Այնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Մարքադայում՝ Սուրբ Հարություն մատուռը (1995), Քյորքյանեում՝ Սուրբ Ստեփանոս ուխտատեղին (գործել է մինչև 19-րդ դարի սկիզբը)։ Դեյր էզ Զորում գործել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (1931), որը նորոգումից հետո վերաօծվել է և վերանվանվել «սրբոց Նահատակաց» եկեղեցի (1990)։

Դպրոցներ

խմբագրել

Հալեպի թեմի ազգային առաջնորդարանը հովանավորում է հետևյալ դպրոցները.

  • Ազգային Խորենյան վարժարան, հիմնվել է 1930-1932 թվականներին, Թել Աբյադում՝ Սուրբ Խաչ եկեղեցուն կից։ Հիմնովին նորոգվել է 1974 թվականին։ Ունի մանկապարտեզ, նախակրթարան, 40 աշակերտ (2000 թվական)։
  • Ազգային ազատության վարժարան, հիմնվել է 1945 թվականին, Դերիկում։ Ունի մանկապարտեզ, նախակրթարան, 120 աշակերտ (2000)։
  • Ազգային Մեսրոպյան վարժարան, հիմնվել է 1939 թվականին, ալ-Հասաքայում՝ սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցուն կից։ Ունի մանկապարտեզ և նախակրթարան, 130 աշակերտ (2000)։
  • Ազգային նահատակաց վարժարան, հիմնվել է 1932 թվականին, Ռաս ալ-Այնում։ 1960-ական թվականներին վարժարանի շենքը հիմնովին նորոգվել է։ Ունի մանկապարտեզ, նախակրթարան, 270 աշակերտ (2000 թվական)։
  • Ազգային ուոումնասիրաց միացյալ վարժարան, հիմնվել է 1933 թվականին, Քեսաբում։ 1938-1958 թվականին եղել է 8-ամյա, 1958-1963 թվականներին՝ 7-ամյա, ապա՝ 6-ամյա։ 1961 թվականին տեղափոխվել է նոր շենք։ Ունի մանկապարտեզ, նախակրթարան, «Սարդարապատ» սրահ։ Աշակերտների թիվը՝ 167 (2001 թվական)։
  • Ազգային վարժարան, հիմնվել է 1932 թվականին, Ալ-Կամիշլիում՝ Սուրբ Հակոբ եկեղեցուն կից։ Ունեցել է մանկապարտեզ և նախակրթարան։ 1961-1962 թվականներին ուսումնական տարում նախակրթարանին տրվել է միջնակարգի կարգավիճակ։ 1965 թվականին դպրոցը տեղափոխվել է նորակառույց շենք և անվանվել Ազգային Եփրատ միջնակարգ վարժարան։ 1997 թվականին մանկապարտեզը տեղափոխվել է նորակառույց շենք։ Վարժարանում գործում են մանկապարտեզ, նախակրթարան, «Միացյալ» եռամյա միջնակարգ բաժիններ, «Արցախյան» սրահ։ Աշակերտների թիվը՝ 880 (2000 թվական)։
  • Ազգային վերածնունդ վարժարան, հիմնվել է 1929 թվականին, Յակուբիեում՝ ՀԲԸՄ հովանավորությամբ։ Սկզբնապես կոչվել է Վերածնունդ վարժարան։ Ունի մանկապարտեզ, նախակրթարան, 45 աշակերտ (2000 թվական)։
  • Սուրբ Հակոբյանց նախակրթարան, հիմնվել է 1922 թվականին, Լաթաքիայում՝ սուրբ Աստվածածին եկեղեցուն կից։ 1965 թվականին վերանվանվել է Ազգային նահատակաց վարժարան։ Բաղկացած է մանկապարտեզից, նախակրթարանից, «Գանձասար» սրահից։ Աշակերտների թիվը՝ 310 (2000)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։