Ազատ աշխարհ (անգլ.՝ Free World), Սառը պատերազմի ժամանակների եզրույթ, որով անվանել են Առաջին աշխարհը։ Սրանք այն երկրներն էին, որոնք դեմ էին սոցիալիստական ճամբարին։ Ընդունված է համարել, որ «Ազատ աշխարհը» առաջնորդել է Միացյալ Նահանգները։ Դրա կազմում եղել են նաև Եվրոպական տնտեսական համագործակցության երկրները, այդ թվում Միացյալ Թագավորությունը, Իտալիան ու Ֆրանսիան, Կանադան, Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունը, Ավստրալիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները։ «Ազատ աշխարհին» հարել են նաև Ազգերի համագործակցության երկրները, Ճապոնիան, Իսրայելը և Հնդկաստանը։

2015 թվականի դրությամբ աշխարհի ամենաազատ երկրների վարկանիշը՝ ըստ Freedom House կազմակերպության[1]։
     Ազատ (86)      Մասամբ ազատ (59)      Ոչ ազատ (50)

Եզրույթի ծագում խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դաշնակիցները իրենց բնորոշում էին որպես ֆաշիստական և նացիստական երկրներին («Առանցքի ուժեր») հակակշիռ։ Դաշնակիցներն իրենց անվանում էին «ազատ»՝ այդպիսով «ազատ աշխարհի» ցանկում ներառելով Հակահիտլերյան դաշինքի բոլոր ուժերին, այդ թվում ԽՍՀՄ-ին[2]։ Պատերազմի ընթացքում «ազատներ» սկսեցին անվանել միայն արևմտյան դաշնակից երկրներին, իսկ պատերազմի վերջում՝ հակակոմունիստական տրամադրություններ ունեցող կապիտալիստական բոլոր երկրներին (նույնիսկ նրանց, որոնք ուղղակիորեն չեն մասնակցել պատերազմին)։ Ըստ արևմտյան տեսաբանների՝ դրանք այն երկրներն էին, որոնք ունեին խոսքի, մամուլի, հավաքների և զանգվածային միջոցառումների ազատություն։ Սառը պատերազմի տարիներին «ազատ աշխարհ» սկսեցին անվանել Միացյալ Նահանգներին ու նրա բոլոր դաշնակիցներին։ Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի, այնպես էլ Սառը պատերազմի ժամանակ եզրույթն ունեցել է քարոզչական բնույթ։

Ժամանակակից կիրառում խմբագրել

«Ազատ աշխարհ» եզրույթը կիրառվում է նաև ներկայումս՝ արդեն Սառը պատերազմի ավարտից հետո[3]։ Սեմյուել Հանթինգթոնն իր «Քաղաքակրթությունների բախում» աշխատության մեջ գրել է, որ «ազատ աշխարհ» արտահայտության փոխարեն հաճախ կիրառում են «միջազգային հանրություն» եզրույթը, որպեսզի թաքցնեն ԱՄՆ շահերը՝ աշխարհի բոլոր երկրների շահերի անվան տակ.

«Միջազգային հանրություն» տերմինն ինքնին վերածվել է մեղմասության (էվֆեմիզմ)՝ փոխարինելով «ազատ աշխարհ» արտահայտությանը։ Այն կոչված է համաշխարհային լեգիտիմություն հաղորդել ԱՄՆ-ի և արեւմտյան մյուս երկրների շահերն արտացոլող գործողություններին[4]։

Ամեն տարի որոշ կազմակերպություններ, որոնք հետազոտում են տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությունն ու հիմնական քաղաքական ազատությունները (ինչպես օրինակ Freedom House-ը), կազմում են զեկույցներ՝ երկրներին բաժանելով երեք հիմնական կատեգորիաներում. «ազատ», «մասամբ ազատ» և «ոչ ազատ»։ 2013 թվականին այդ կատեգորիաներում, համապատասխանաբար, ներառված էին 90, 58 և 47 երկրներ, իսկ 2014 թվականին՝ 89, 55 և 51։ 2014 թվականից Ռուսաստանը «ոչ ազատ» երկրների ցանկում է։

Քննադատություն խմբագրել

Երրորդ աշխարհի երկրները, հատկապես Չմիացած երկրների շարժման անդամները, և չեզոք երկրները, Սառը պատերազմի տարիներին, ոչ պակաս քննադատում էին «ազատ աշխարհ» եզրույթը, քան սոցիալիստական ճամբարի երկրները։ Երրորդ աշխարհի տեսանկյունից՝ ԱՄՆ առաջնորդությունը չէր համապատասխանում «ժողովրդավարություն» երևույթին, լեգիտիմ չէր ու բնորոշում էր ևս մեկ տոտալիտար վարչակարգ[5]։ Մեր օրերում «ազատ աշխարհ» արտահայտությունը կիրառվում է հեգնական կամ սարկաստիկ ենթատեքստով՝ ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի երկրների և/կամ էլ ՆԱՏՕ-ի անդամների հասցեին բացասական իմաստով։ Այն կիրառում են կոմունիստական ու ազգայնական շարժումների կողմնակիցների կողմից։ Այն երբեմն կիրառում են նաև ամերիկագետները։ Արտահայտությունը հեգնական իմաստով, հատկապես, կիրառվում է այն ժամանակ, երբ ի նկատի է առնվում Միացյալ Նահանգների համագործակցությունը «ոչ ազատ երկրների» հետ, ինչպես օրինակ Չինաստանի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի։ Վերջինս, հատկապես, ԱՄՆ ավանդական դաշնակիցներից է, սակայն համարվում է «ոչ ազատ երկիր»։

Առաջիններից մեկը, ով օգտագործել է այդ եզրույթը, եղել է ռեժիսոր Ֆրենկ Կապրան, որն այն օգտագործել է իր «Ինչու ենք մենք կռվում» վավերագրական ֆիլմաշարում։ «Պատերազմի նախերգանք» ֆիլմում նա «ազատ աշխարհը» ցույց է տալիս սպիտակ մոլորակի տեսքով (Արևմտյան Եվրոպայի երկրներն ու ԱՄՆ-ն, այսինքն Արևմտյան կիսագունդը), իսկ «ստրկական աշխարհը»՝ սև մոլորակի տեսքով (Արևելյան կիսագունդ, որտեղ գերիշխում են Նացիստական Գերմանիան և Ճապոնական կայսրությունը

Ազատ աշխարհի առաջնորդ խմբագրել

«Ազատ աշխարհ» եզրույթից առաջացած մեկ այլ արտահայտություն է «ազատ աշխարհի առաջնորդ» եզրույթը, որի տակ ի նկատի ունեն ԱՄՆ-ին կամ այդ երկրի նախագահին։ Միացյալ Նահանգները համարվում է ժողովրդավարական գլխավոր գերտերությունը և, մի շարք պրոպագանդիստների կարծիքով, այն երկիրը, որը «ազատ աշխարհի» առաջնորդ երկիրն է։ Եվ տրամաբանական է, որ ԱՄՆ նախագահը «ազատ աշխարհի» գլխավոր առաջնորդն էր։ Եզրույթն ի հայտ է եկել 1940-ական թվականների վերջին և սկսել կիրառվել 1950-ական թվականներին։ Ընդհուպ մինչև Սառը պատերազմի վերջը եզրույթը կիրառվել է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո այդ արտահայտությունը սկսեց կիրառվել նաև բացասական իմաստով՝ հակաամերիկյան քարոզչության շրջանակներում[6]։

Զանգվածային մշակույթում խմբագրել

  • 1989 թվականին կանադացի երգիչ Նիլ Յանգը թողարկեց իր «Rockin' in the Free World» երգը, որտեղ քննադատում էր ԱՄՆ-ում և ողջ «ազատ աշխարհում» իրերի դրությունը։ Երգը բարձրացնում էր աղքատության, ահաբեկչության դեմ պայքարի և շրջակա միջավայրի աղտոտման հարցերը՝ դառնալով 1980ьական թվականների վերջին հասարակական-քաղաքական կարևորագույն օրհներգերից մեկը[7]։
  • 2005 թվականին բրիտանական Elbow ալտերնատիվ ռոք խումբը թողարկեց «Leaders of the Free World» ալբոմը և համանուն սինգլը։ Սինգլում խումբը քննադատում էր «ազատ աշխարհի» երկրների առաջնորդներին, այդ թվում և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freedom in the World 2016 Արխիվացված է Փետրվար 5, 2016 Wayback Machine-ի միջոցով:, Freedom House. Retrieved 29 January 2016.
  2. Masur, Salim (2010 թ․ մայիսի 29). «Churchill's lessons for a modern world». Toronto Sun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  3. «Left Alone by Its Owner, Reddit Soars». The New York Times. 2012 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. «If the leader of the free world stops by to answer questions from your users, you're probably doing O.K.»
  4. Хантингтон С. Третья волна. Демократизация в конце XX века. — М.: РОССПЭН, 2003
  5. Wills, Garry Bully of the Free World (und) // Foreign Affairs. — Т. 78. — № 2. — С. 50—59. — doi:10.2307/20049208
  6. To Lead the Free World. — University of North Carolina Press, 2000. |страницы=130 |isbn=0-8078-2525-5 |ссылка=https://books.google.com/books?id=qGGGt-ui9sgC&pg=PA130%7Cязык=und |автор=John Fousek }} Արխիվացված 2017-06-24 Wayback Machine
  7. «Rockin' In The Free World». Thrasher's Wheat - Neil Young Archives. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել