Ադոլֆո Բալոնչերի (իտալ.՝ Adolfo Baloncieri, հուլիսի 27, 1897(1897-07-27) կամ ապրիլի 27, 1897(1897-04-27)[3], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - հուլիսի 23, 1986(1986-07-23)[1], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել մի շարք իտալական ակումբներում[4], ինչպես նաև մարզել է Միլան, Ռոմա, Նապոլի և այլ իտալական ֆուտբոլային ակումբներ։ Երկար ժամանակ եղել է Իտալիայի ազգային հավաքականի ավագը[5]։ Ադոլֆոն Իտալիայի հավաքականի պատմության մեջ 100-րդ գոլի հեղինակն է[6]։ 1928 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
Ադոլֆո Բալոնչերին եղել է Ալեսսանդրիա ակումբի սան։ 1919 թվականից սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում, որպես կիսապաշտպան։ Նրա առաջին խաղը Ալեսսանդրիայի հիմնական կազմում եղել է 1919 թվականի հոկտեմբերի 12-ին Նովարայի դեմ, որտեղ Բալոնչերիի թիմը հաղթանակ տարավ նվազագույն՝ 1։ 0 հաշվով[7]։
1925 թվականին Ադոլֆոն լքեց Ալեսսանդրիան և տեղափոխվեց Տորինո, վերջինս ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարեց 70.000 լիրա[8]։ Թուրինյան ակումբի հետ Ադոլֆոն հասավ որոշ հաջողությունների՝ 2 անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունը, որից մեկը հետագայում չեղյալ համարվեց։ Տորինոյում Բալոնչերին Խուլիո Լիբոնատտիի և Ջինո Ռոզետտիի հետ միասին կազմում էր թիմի հարձակման գիծը, նրանց հաճախ անվանում էին «հրաշալի եռյակ», այն բանի համար, որ 1928/29 մրցաշրջանում երեքով 33 խաղում դարձան 117 գոլի հեղինակ։
Ադոլֆոն ֆուտբոլային կարիերան ավարտեց 1933 թվականին Կոմենզե ակումբում։
Իտալիայի ազգային հավաքականի կազմում Բալոնչերին իր անդրանիկ հանդիպումը անցկացրեց 1920 թվականի մայիսի 13-ին Հոլանդիայի հավաքականի դեմ խաղում, որը ավարտվեց ոչ ոքի՝ 1։ 1 հաշվով[9]։ Ադոլֆոն հավաքականի կազմում մասնակցել է 3 օլիմպիադաներին՝ 1920 թվականին 3 անցկացրած խաղերում դարձավ 1 գոլի հեղինակ, նույնը իտալացին կրկնեց 1924-ին, իսկ ահա 1928 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ 5 խաղում դարձավ 6 գոլի հեղինակ[10], այդ ցուցանիշով նա ճանաչվեց Իտալիայի հավաքականի լավագույն ռմբարկուն, իսկ առաջնության ռմբարկուների ցանկում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Ընդհանուր առմամբ Բալոնչելին օլիմպիական խաղերում 11 անցկացրած հանդիպումներում դարձավ 8 գոլի հեղինակ[11]։ Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում Ադոլֆոն մասնակցեց 47 հանդիպման[12], որից 28-ը հավաքականին դուրս բերեց խաղադաշտ որպես թիմի ավագ[8]։