Ագրոարդյունաբերական համալիր

Ագրոարդյունաբերական համալիր, ժողովրդատնտեսական առումով՝ գյուղատնտեսության նյութատեխնիկական մատակարարումը, գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, փոխադրումը, վերամշակումն ու իրացումն իրականացնող տնտեսության ճյուղերի ամբողջություն։ Ընդգրկում է երեք հիմնական օղակ.

  • Առաջինը ներառում է գյուղատնտեսությանը՝ մեքենաներ, գործիքներ, թունաքիմիկատներ, շինանյութ, պարարտանյութ, կեր և արդյունաբերական այլ ապրանքներ մատակարարող ճյուղերը։ Դրանց աշխատանքը տեխնոլոգիապես նախորդում է գյուղատնտեսական արտադրության պրոցեսին։
  • Երկրորդը գյուղատնտեսությունն է, բուսաբուծության և անասնապահության կազմակերպումըː
  • Երրորդը ներառում է գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերությունը (թեթև և սննդի), նաև տրանսպորտն ու առևտուրը, որոնց հիմնական խնդիրը պատրաստի արտադրանքի մթերումը, փոխադրումն ու իրացումն է։
  • Չորրորդը տեխնոլոգիապես և տնտեսապես եզրափակում է գյուղատնտեսական արտադրության պրոցեսը։

Այս օղակների տնտեսական ամբողջացումը գիտատեխնիկական առաջընթացի արագացման և աշխատանքի հասարակական բաժանման խորացման արդյունք է։ Մի կողմից, գյուղատնտեսությունից անջատվում և արդյունաբերությանն են փոխանցվում գյուղատնտեսական ավանդական պրոցեսները (արտադրանքի վերամշակում, պահպանում), որով ավելի է մեծանում նրա ընդհանուր արդյունքի ապրանքային մասը, մյուս կողմից, զուգահեռաբար, գյուղատնտեսության ինդուստրացման և ինտենսիվացման շնորհիվ ուժեղանում է այդ ճյուղի կախվածությունը արդյունաբերությունից։ Հետևաբար, ընդլայնվում են գյուղատնտեսության միջճյուղային կապերը, ակտիվանում ագրոարդյունաբերական համալիրի բոլոր օղակների փոխազդեցությունը։ Կարևոր է նաև գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի մյուս ճյուղերի, ամենից առաջ արդյունաբերության միջև որոշակի համամասնությունների ստեղծումն ու զարգացումը։ Ագրոարդյունաբերական համալիրը, ճյուղային առումով, տեխնոլոգիական և տնտեսական կապերի ձև է, որի միջոցով կազմակերպվում է արդյունաբերական հիմունքներով գյուղատնտեսության առանձին արտադրատեսակների թողարկումը։ Այս ձևով մասնավորապես, կազմակերպվում են անասնապահական (խոզաբուծական, թռչնաբուծական) մասնագիտացված համալիրներ։ Դրա ստեղծմամբ բարձրանում է սպառման ապրանքների արտադրությանն ու բաշխմանը մասնակցող ճյուղերի գործունեության տնտեսական արդյունավետությունը, արտադրության շահութաբերությունը, ընդլայնվում արտադրանքի տեսականին, կրճատվում արտադրության սեզոնայնությունը։

Գիտատեխնիկական առաջընթացի, ագրոարդյունաբերական ինտեգրացման պրոցեսների հետագա խորացման հետևանքով գյուղատնտեսության մեջ զբաղվածների թիվը կրճատվում, իսկ մյուս մյուս օղակներում աշխատողներինը մեծանում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 88