Թարախակույտ (աբսցես), մարմնի հյուսվածքներում թարախի կուտակում[1]։ Թարախակույտի նշաններն ու ախտանիշները ներառում են կարմրություն, ցավ, տաքություն և ուռածություն (այտուց)[1]։ Աբսցեսը կարող է թողնել հեղուկով լցված պարկի տպավորություն[1]։ Կարմրության մակերեսը հաճախ դուրս է գալիս այտուցվածության շրջանից[2]։ Կարբունկուլները և ֆուրունկուլները (թարախաբշտիկներ) թարախակույտի տեսակ են, որոնք հաճախ ներառում են մազարմատները, այն տարբերությամբ, որ կարբունկուլներն ավելի մեծ են[3]։

Թարախակույտ
Տեսակվարակիչ հիվանդություն և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններկարմրություն, ցավ, այտուց և ընդհատվող տենդ
Բուժաքննությունուլտրաձայնային հետազոտություն և CT
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն, ընդհանուր վիրաբուժություն և վարակաբանություն
ՀՄԴ-9682.9 և 324.1
ՀՄԴ-10L02
 Abscesses Վիքիպահեստում

Որպես կանոն, թարախակույտի պատճառ է հանդիսանում բակտերիալ վարակը[4]։ Հաճախ դրան մասնակցում են տարբեր տեսակի մանրէներ[2]։ ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում առավել տարածված հարուցիչը մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկն է[1]։ Թարախակույտի պատճառ երբեմն կարող են հանդիսանալ նաև մակաբույծները, ինչն առավել տարածված է զարգացող երկրներում[5]։ Մաշկի թարախակույտի ախտորոշումը սովորաբար հիմնվում է միայն կլինիկական պատկերի (արտաքին տեսքի) վրա և հաստատվում դրա հատումից հետո[1]։ Այն դեպքերում, երբ ախտորոշումը հստակ չէ, կարող է օգտակար լինել ուլտրաձայնային հետազոտությունը[1]։ Հետանցքի շուրջ զարգացող աբսցեսների դեպքում համակարգչային շերտագրությունը (ՀՇ, ԿՏ) կարող է կարևոր դեր խաղալ ավելի խորանիստ վարակի հայտնաբերման գործում[5]։

Մաշկի կամ փափուկ հյուսվածքների թարախակույտերի մեծ մասի ստանդարտ բուժումը դրանց հատումն ու դատարկումն է (դրենավորում)[6]։ Ըստ երևույթին, առկա է նաև որոշակի օգուտ հակաբիոտիկների կիրառումից[7]։ Կան սակավաթիվ տվյալներ, որոնք վկայում են թարախակույտի դրենավորումից հետո առաջացած թարախախորշը չփակելու և պարբերական վիրակապությունների արդյունավետության մասին[1]։ Այդ խորշը բաց թողնելու փոխարեն անմիջապես դրենավորումից հետո փակելը կարող է արագացնել վերքի լավացումն առանց թարախակույտի կրկնման վտանգի բարձրացման[8]։ Թարախի արտածծումը ներարկչով հաճախ բավարար չի լինում[1]։

Մաշկի թարախակույտերը հաճախ են հանդիպում և վերջին տարիներին ավելի տարածված են դարձել[1]։ Ռիսկի գործոններից է թմրամիջոցների ներերակային ընդունումը. նմանատիպ մարդկանց շրջանում թարախակույտով հիվանդացությունը հասնում է 65%-ի[9]։ 2005 թվականին ԱՄՆ-ում 3,2 միլիոն մարդ դիմել է շտապ օգնության բաժանմունք թարախակույտի կապակցությամբ[10]։ Ավստրալիայում 2008 թվականին նույն խնդրով հոսպիտալացվել է շուրջ 13.000 մարդ[11]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Թարախակույտեր կարող են զարգանալ ցանկացած տեսակի փափուկ հյուսվածքում, բայց առավել հաճախակի՝ մաշկի մակերևույթին (որտեղ դրանք կարող են լինել մակերեսային թարաբշտիկներ (ֆուրունկուլներ) կամ մաշկի խորանիստ աբսցեսներ), թոքերում, գլխուղեղում, ատամնարմատի շուրջ, երիկամներում և նշիկներում։ Գլխավոր բարդությունը թարախակույտի նյութի տարածումն է դեպի հարակից կամ հեռակա հյուսվածքներ, ինչպես նաև հյուսվածքների լայնատարած մեռուկացումը (գանգրենա

Մաշկի թարախակույտի հիմնական նշաններն ու ախտանիշները համընկնում են բորբոքման դասական 5 նշանների հետ՝ կարմրություն, ջերմություն, այտուց, ցավ և ֆունկցիայի խանգարում։ Կարող է զարգանալ նաև մարմնի բարձր ջերմաստիճան (տենդ) և սարսուռ[12]։

Ներքին թարախակույտն ավելի դժվար է ախտորոշել, սակայն նշանները ներառում են ախտահարված շրջանի ցավ, բարձր ջերմաստիճան և ընդհանուր վատ ինքնազգացողություն։ Ներքին թարախակույտերը հազվադեպ են ինքնուրույն բուժվում, ուստի նմանատիպ թարախակույտի կասկածի դեպքում անհրաժեշտ է ժամանակին ցուցաբերել բուժօգնություն։

Մակերեսային թարախակույտը շոշափելիս կարող է դիտվել ֆլյուկտուացիա (ծփանք)։ Ծփանքն ալիքաձև շարժում է, որն առաջանում է թարախակույտի ներսում առկա թարախի տատանման հետևանքով[13]։ Թարախակույտը կարող է մահացու լինել՝ տեղակայումից կախված[14][15]։

Պատճառներ խմբագրել

Թարախակույտի զարգացման ռիսկի գործոններից է թմրանյութերի ներերակային ընդունումը[16]։ Մեկ այլ հնարավոր ռիսկի գործոն է հանդիսանում միջողնային սկավառակի ճողվածքի կամ ողնաշարային այլ անոմալիայի նախորդող պատմությունը[17], թեև դա չի ապացուցվել։

Թարախակույտերը հարուցվում են բակտերիալ վարակի, մակաբույծների կամ օտարածին նյութերի պատճառով։ Առավել հաճախ հանդիպող պատճառը բակտերիալ վարակն է[4]։ Հաճախ դրան մասնակցում են տարբեր տեսակի մանրէներ[2]։ ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում առավել տարածված հարուցիչը մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկն է[1]։ Ողնաշարի ենթակարծրենային (սուբդուրալ) աբսցեսների ամենատարածված հարուցիչը մեթիցիլին-զգայուն ոսկեգույն ստաֆիլոկոկն է[17]։

Թարախակույտի պատճառ երբեմն կարող են հանդիսանալ նաև մակաբույծները, ինչն առավել տարածված է զարգացող երկրներում[5]։ Այդպիսի մակաբույծներից են ռիշտան և ճանճերի թրթուրները[5]։

Հարհետանցքային թարախակույտ խմբագրել

Հետանցքի խուղակի վիրահատությունը հարհետանցքային (պերիանալ) թարախակույտը դրենավորելու նպատակով բուժում է խուղակը, նվազեցնում դրա կրկնման (ռեցիդիվի) հավանականությունը և կրկնակի միջամտության անհրաժեշտությունը[18]։ Ոչ մի ապացույց չկա, որ անկղապահությունը թարախակույտի դրենավորման այս վիրահատության հետևանք է[18]։

Հարհետանցքային թարախակույտ կարող է հանդիպել, օրինակ, աղիքային բորբոքային հիվանդությամբ (օրինակ, կրոնի հիվանդություն) կամ շաքարային դիաբետովով տառապող հիվանդների մոտ։ Հաճախ թարախակույտը կարող է սկսվել որպես ներքին վերք, որն առաջացել է խոցոտման, կոշտ կղանքի կամ ոչ բավականաչափ քսանյութի (լյուբրիկանտ) կիրառմամբ թափանցող առարկաների պատճառով։ Այս վերքը սովորաբար դառնում է վարակված, որպես ուղիղ աղիքի այս հատվածում կղանքի առկայության հետևանք, և ապա վերածվում է թարախակույտի։ Դա հաճախ դրսևորվում է հետանցքի մոտ հյուսվածքային գոյացության տեսքով, որը ժամանակի ընթացքում դառնում է ավելի մեծ ու ավելի ցավոտ։ Ինչպես և այլ թարախակույտերը, հարհետանցքային աբսցեսները կարող են պահանջել շտապ վիրահատական միջամտություն, ինչպիսիք են հատումը և վերքի վիրաբուժական մշակումը կամ պունկցիան։

Կտրվածքային թարախակույտ խմբագրել

Կտրվածքային թարախակույտը զարգանում է որպես վիրահատական կտրվածքի բարդություն։ Այն դրսևորվում է որպես կարմրություն և տաքություն կտրվածքի եզրերին՝ վերքից թարախային արտադրությամբ[19]։ Եթե ախտորոշումը հստակ չէ, վերքը պետք է արտածծել ներարկչով, և թարախի արտածծումը հաստատում է թարախակույտի ախտորոշումը՝ հնարավորություն տալով կատարել ներկում ըստ Գրամի և մանրէաբանական ցանքս[19]։

Ախտաֆիզիոլոգիա խմբագրել

Թարախակույտը հյուսվածքի պաշտպանական ռեակցիա է վարակիչ նյութերի տարածումը դեպի մարմնի այլ մասերը կանխելու նպատակով։

Օտարածին օրգանիզմները կամ մարմինները սպանում են փափուկ-հյուսվածքային բջիջներըները՝ հանգեցնելով ցիտոկինների արտազատման։ Ցիտոկինները հրահրում են բորբոքային պատասխան, ինչը տվյալ շրջան է ներգրավում մեծ թվով լեյկոցիտներ (արյան սպիտակ գնդիկներ) և ուժեղացնում շրջանային արյան հոսքը։

Թարախակույտի վերջնական կառույցը թարախակույտի պատը կամ պատիճն է, որը ձևավորվում է հարակից առողջ բջիջների հաշվին, որոնք փորձում են կանխել հարևան կառույցների վարակումը թարախով։ Սակայն նման պատիճավորումը հակում ունի կանխելու մանրէների վրա իմունային բջիջների գրոհը, կամ հարուցիչ օրգանիզմին կամ օտար մարմնին հասնելը։

Ախտորոշում խմբագրել

Մաշկի թարախակույտի սոնոգրաֆիկ պատկեր[20]
 
Կրծքագեղձի թարախակույտի սոնոգրաֆիկ պատկեր, որն ունի սնկանման մուգ (հիպոէխոգեն) հատվածի տեսք

Թարախակույտը թարախի տեղայնացված կուտակում է (թարախային բորբոքային հյուսվածք), որն առաջանում է թարախածին թաղանթով պատված հյուսվածքի, օրգանի կամ հարակից տարածության մեջ զարգացող թարախակալման հետևանքով[21]։ Շտապ օգնության բաժանմունքում ուլտրաձայնային հետազոտությունը կարող է օգնել ախտորոշման հարցում[22]։

Դասակարգում խմբագրել

Թարախակույտերը կարող են դասակարգվել որպես մաշկի թարախակույտեր կամ ներքին թարախակույտեր։ Մաշկի թարախակույտերը տարածված են։ Ներքին թարախակույտը, որպես կանոն, ավելի դժվար է ախտորոշել և ավելի լուրջ խնդիր է[12]։ Մաշկի թարախակույտերը նաև անվանում են մաշկային կամ ենթամաշկային թարախակույտեր[23]։

Թմրամիջոցների ներերակային ընդունում խմբագրել

Թմրամիջոցների ներերակային ընդունման պատմությամբ մարդկանց մոտ նախքան բուժումը խորհուրդ է տրվում կատարել ռենտգեն հետազոտություն ասեղի կտորների առկայությունը ստուգելու նպատակով[16]։ Այս մարդկանց մոտ նաև տենդի առկայության դեպքում պետք է դիտարկել վարակիչ էնդոկարդիտի հարցը[16]։

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

Թարախակույտերը պետք է տարբերակել էմպիեմաներից, որոնք թարախի կուտակում են արդեն իսկ գոյություն ունեցող, և ոչ թե նոր ձևավորված անատոմիական խոռոչում։

Գոյություն ունեն նաև այլ վիճակներ, որոնք կարող են առաջացնել նմանատիպ ախտանիշներ, այդ թվում՝ ցելյուլիտ, ֆլեգմոնա, աթերոմա և մեռուկացնող փակեղաբորբ[5]։ Ցելյուլիտը, որպես կանոն, նույնպես հանդես է գալիս էրիթեմատոզ (կարմրության) ռեակցիայով, բայց չի ուղեկցվում թարախի արտադրությամբ[19]։

Բուժում խմբագրել

Մաշկի և փափուկ հյուսվածքների չբարդացած թարախակույտի ստանդարտ բուժումը հատումը և դրենավորումն է[6]։ Շատ դեպքերում հակաբիոտիկների կիրառումը որևէ դրական ազդեցություն չի թողնում[1]։ Կան սակավաթիվ տվյալներ, որոնք վկայում են թարախակույտի դրենավորումից հետո առաջացած թարախախորշը չփակելու և պարբերական վիրակապությունների արդյունավետության մասին[1]։

Կտրվածք և դրենավորում խմբագրել

 
Թարախակույտը կտրվածքից և դրենավորումից հինգ օր անց
 
Թարախակույտ քերումից (կյուրետաժ) հետո

Թարախակույտը պետք է զննել պարզաբանելու համար՝ արդյոք պատճառն օտար մարմինն է, ինչը կարող է պահանջել դրա հեռացում։ Եթե պատճառն օտար մարմինը չէ, թարախակույտի կտրվածքն ու դրենավորումը ստանդարտ բուժում է[24]։

Կենսականորեն կարևոր շրջաններում, որտեղ վիրահատական միջամտությունը կապված է մեծ ռիսկի հետ, այն կարող է հետաձգվել կամ կիրառվել որպես վերջին միջոց։ Թոքի թարախակույտի դատարկումը կարելի է կատարել հիվանդին տալով այնպիսի դիրք, որը թույլ կտա պարունակությունը հեռացնել շնչուղիներով։ Ջերմ կոմպրեսները և վերջույթի բարձր դիրքը կարող են օգտակար լինել մաշկի թարախակույտի համար։

Հակաբիոտիկներ խմբագրել

Դեպքերի մեծամասնությունում, երբ առկա է մաշկի չբարդացած թարախակույտ, հակաբիոտիկների կիրառման կարիք չի լինում[6]։ Հակաբիոտիկների կիրառում ի լրումն ստանդարտ կտրվածքի և դրենավորման խորհուրդ է տրվում այն անձանց մոտ, ովքեր ունեն ծանր աստիճանի թարախակույտեր, վարակի բազմաթիվ օջախներ, հիվանդության արագ խորացում, ցելյուլիտ, ամբողջ մարմնով մանրէային վարակի տարածման մասին վկայող ախտանիշներ կամ իմունաճնշում հարուցող առողջական վիճակ[1]։ Մանկահասակները կամ տարեցները նույնպես կարող է հակաբիոտիկների նշանակման կարիք ունենան[1]։ Եթե թարախակույտը չի լավանում միայն կտրվածքից և դատարկումից հետո, կամ եթե թարախակույտը տեղակայված է մարմնի այնպիսի հատվածում, որը դժվար է դատարկել, ինչպիսիք են դեմքը, ձեռքերը կամ սեռական օրգանները, ապա հնարավոր է կարիք լինի նշանակել հակաբիոտիկներ[1]։

Թարախակույտի այնպիսի դեպքերում, որոնք պահանջում են հակաբիոտիկաբուժում, հիմնական հարուցիչ լինում են ոսկեգույն ստաֆիլոկոկ բակտերիաները և նշանակվում են հակաստաֆիլոկոկային այնպիսի հակաբիոտիկներ, ինչպիսիք են ֆլուկլոքսացիլինը կամ դիկլոքսացիլինը։ Ամերիկայի վարակիչ հիվանդությունների միությունը նախազգուշացնում է, որ թարախակույտի դատարկումը բավարար չէ արտահիվանդանոցային մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի (ՄԿՈՍ) վերացման համար, և նմանատիպ դեպքերում ավանդական հակաբիոտիկները կարող է անարդյունավետ լինեն[1]։ Արտահիվանդանոցային ՄԿՈՍ-ի նկատմամբ արդյունավետ այլընտրանքային հակաբիոտիկներից են կլինդամիցինը, դոքսիցիկլինըը, մինոցիկլինըը և տրիմեթոպրիմ-սուլֆամեթոքսազոլըը[1]։ Շտապ օգնության բժիշկների ամերիկյան քոլեջը նախազգուշացնում է, որ ՄԿՈՍ-հարուցված թարախակույտի տիպիկ դեպքերում հակաբիոտիկների նշանակումն ի լրումն ստանդարտ բուժման որևէ օգուտ չի տալիս[6]։

Եթե խոսքն ավելի շատ գնում է ոչ թե թարախակույտի, այլ ցելյուլիտի մասին, ապա պետք է դիտարկել ստրեպտոկոկային հարուցիչների առկայությունը, որոնք դեռևս զգայուն են ավանդական այնպիսի հակաստաֆիլոկոկային դեղամիջոցների հանդեպ, ինչպիսիք են դիկլոքսացիլինը կամ ցեֆալեքսինը՝ պենիցիլին-հանդուրժող հիվանդների մոտ։

Միայն հակաբիոտիկային բուժումն առանց թարախակույտի վիրահատական դրենավորման հազվադեպ է արդյունավետ լինում, քանի որ հակաբիոտիկները հաճախ հնարավորություն չեն ունենում ներխուժել թարախախորշ և դրանք անարդյունավետ են ցածր pH-ի պայմաններում։

Վերքի մանրէաբանական ցանքս կատարել պետք չէ, եթե կտրվածքից և դրենավորումից հետո սահմանվում է պատշաճ հետվիրահատական հսկողություն։ Դրա կարիքը չի լինում, քանի որ այն հազվադեպ է տալիս տեղեկություն, որը կարող է պիտանի լինել բուժումն ուղղորդելու համար[6]։

Տամպոնադա խմբագրել

Հյուսիսային Ամերիկայում դրենավորումից հետո հաճախ կատարում են թարախախորշի տամպոնադա՝ այն լցնելով վիրակապերով՝ վերքի լավացումն ապահովելու նպատակով։ Սակայն, անհետաձգելի բժշկության գրականության տվյալները վկայում են, որ դրենավորումից հետո վերքի տամպոնադան ցավոտ է լինում, չի նվազեցնում թարախակույտի կրկնության հաճախականությունը և չի հանգեցնում ավելի արագ լավացման կամ հիվանդանոցային այցերի նվազման[25]։

Փողակային դատարկում խմբագրել

Վերջերս մի քանի հյուսիսամերիկյան հիվանդանոցներ նախապատվությունը տալիս են ավելի նվազ ինվազիվ փողակային (դրենաժային) դատարկմանը՝ ի հակակշիռ ստանդարտ դրենավորման և վերքի տամպոնադայի։ Մի հետազոտություն, որն ուսումնասիրել է 143 երեխաների մոտ թարախակույտերի բուժման արդյունքները, ցույց է տվել, որ փողակային դատարկման խմբում անբավարար արդյունքների հաճախականությունը կազմում է 1.4%, մինչդեռ տամպոնադայի խմբում՝ 10.5% (p<0.030)[26]: Մեկ այլ հետազոտության ժամանակ անբավարար արդյունքներ արձանագրվել են փողակային դրենավորմամբ հիվանդների 5.5%-ի մոտ[27]։

Առաջնային փակում խմբագրել

Անմիջապես դրենավորումից հետո թարախակույտի փակումը կարող է արագացնել վերքի լավացումն առանց թարախակույտի կրկնման վտանգի բարձրացման[8]։ Սակայն սա կարող է կիրառելի չլինել անոռեկտալ (հետանցքուղիղաղիքային) թարախակույտերի դեպքում։ Թեև դրանք ավելի արագ են լավանում, կրկնության հաճախականությունը կարող է ավելի բարձր լինել, քան երբ դրանք բաց են թողնվում[28]։

Կանխատեսում խմբագրել

Նույնիսկ առանց բուժման մաշկի թարախակույտերը հազվադեպ են հանգեցնում մահվան, քանի որ դրանք ինքնըստինքյան բացվում և դատարկվում են մաշկի միջով[5]։

Համաճարակաբանություն խմբագրել

Մաշկի թարախակույտերը հաճախ են հանդիպում և վերջին տարիներին ավելի տարածված են դարձել[1]։ Ռիսկի գործոններից է թմրամիջոցների ներերակային ընդունումը. նմանատիպ մարդկանց շրջանում թարախակույտով հիվանդացությունը հասնում է 65%-ի[9]։ 2005 թվականին ԱՄՆ-ում 3.2 միլիոն մարդ դիմել է շտապ օգնության բաժանմունք թարախակույտի կապակցությամբ[10]։ Ավստրալիայում 2008 թվականին նույն խնդրով հոսպիտալացվել է շուրջ 13.000 մարդ[11]։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Լատիներեն բժշկական աֆորիզմն ասում է. "ubi pus, ibi evacua", ինչը թարգմանաբար նշանակում է. "որտեղ թարախ, այնտեղ դատարկի'ր": Սա արևմտյան բժշկության մշակույթի դասական խորհուրդներից է։

Հանրային առողջապահության վնասի նվազեցման ռազմավարության շրջանակներում թմրամիջոցներ ներարկվող մարդկանց շրջանում հաճախ իրագործում են ասեղների փոխանակման ծրագրեր կամ նրանց տրամադրում են թարախակույտի վարման ուղեցույցներ[29][30]։

Ստուգաբանություն խմբագրել

Թարախակույտը համեմատաբար նոր բառ է հայերենում։ Լատիներեն անվանումն է աբսցես՝ abscessus (հեռանալը կամ մեկնելը), այսինքն՝ հյուսվածքների հատվածների միմյանցից հեռացում, որպեսզի տեղ ազատվի դրանց միջև գոյացող թարախանյութի համար[31]։

Ենթադրվում է, որ կարբունկուլ (երբեմն հայերեն անվանում են կայծուռուցք կամ կայծապտուկ) բառը ծագել է լատիներեն carbunculus բառից, որն ի սկզբանե նշանակել է փոքր ածուխ, ածխիկ՝ carbo- ածուխ կամ ածխածին բառի փոքրացուցիչ տարբերակը։ Համեմատում են նաև նռնաքարի հետ, որը լատիներեն կրկին կոչվում է կարբունկուլ[32]։

Այլ տեսակներ խմբագրել

Բժշկական բառարանում թվարկված են թարախակույտի հետևյալ տեսակները[33].

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Singer, Adam J.; Talan, David A. (2014 թ․ մարտի 13). «Management of skin abscesses in the era of methicillin-resistant Staphylococcus aureus» (PDF). The New England Journal of Medicine. 370 (11): 1039–47. doi:10.1056/NEJMra1212788. PMID 24620867. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Elston, Dirk M. (2009). Infectious Diseases of the Skin. London: Manson Pub. էջ 12. ISBN 9781840765144. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. Marx, John A. Marx (2014). «Dermatologic Presentations». Rosen's emergency medicine : concepts and clinical practice (8th ed.). Philadelphia, PA: Elsevier/Saunders. էջեր Chapter 120. ISBN 1455706051.
  4. 4,0 4,1 Cox, Carol Turkington, Jeffrey S. Dover ; medical illustrations, Birck (2007). The encyclopedia of skin and skin disorders (3rd ed.). New York, NY: Facts on File. էջ 1. ISBN 9780816075096. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Marx, John A. Marx (2014). «Skin and Soft Tissue Infections». Rosen's emergency medicine : concepts and clinical practice (8th ed.). Philadelphia, PA: Elsevier/Saunders. էջեր Chapter 137. ISBN 1455706051.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 American College of Emergency Physicians, «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American College of Emergency Physicians, Արխիվացված օրիգինալից March 7, 2014-ին, Վերցված է January 24, 2014-ին
  7. Vermandere, M; Aertgeerts, B; Agoritsas, T; Liu, C; Burgers, J; Merglen, A; Okwen, PM; Lytvyn, L; Chua, S (2018 թ․ փետրվարի 6). «Antibiotics after incision and drainage for uncomplicated skin abscesses: a clinical practice guideline». BMJ (Clinical research ed.). 360: k243. PMID 29437651.
  8. 8,0 8,1 Singer, Adam J.; Thode, Henry C., Jr; Chale, Stuart; Taira, Breena R.; Lee, Christopher (May 2011). «Primary closure of cutaneous abscesses: a systematic review» (PDF). The American Journal of Emergency Medicine. 29 (4): 361–66. doi:10.1016/j.ajem.2009.10.004. PMID 20825801. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 22-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. 9,0 9,1 Langrod, Pedro Ruiz, Eric C. Strain, John G. (2007). The substance abuse handbook. Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 373. ISBN 9780781760454. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 Taira, BR; Singer, AJ; Thode HC, Jr; Lee, CC (Mar 2009). «National epidemiology of cutaneous abscesses: 1996 to 2005». The American Journal of Emergency Medicine. 27 (3): 289–92. doi:10.1016/j.ajem.2008.02.027. PMID 19328372.
  11. 11,0 11,1 Vaska, VL; Nimmo, GR; Jones, M; Grimwood, K; Paterson, DL (Jan 2012). «Increases in Australian cutaneous abscess hospitalisations: 1999-2008». European Journal of Clinical Microbiology & Infectious Diseases. 31 (1): 93–96. doi:10.1007/s10096-011-1281-3. PMID 21553298.
  12. 12,0 12,1 United Kingdom National Health Service 'Abscess'
  13. Churchill Livingstone medical dictionary (16th ed.). Edinburgh: Churchill Livingstone. 2008. ISBN 9780080982458.
  14. Ferri, Fred F. (2014). Ferri's Clinical Advisor 2015 E-Book: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 20. ISBN 9780323084307.
  15. Fischer, Josef E.; Bland, Kirby I.; Callery, Mark P. (2006). Mastery of Surgery (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 1033. ISBN 9780781771658.
  16. 16,0 16,1 16,2 Khalil, PN; Huber-Wagner, S; Altheim, S; Bürklein, D; Siebeck, M; Hallfeldt, K; Mutschler, W; Kanz, GG (2008 թ․ սեպտեմբերի 22). «Diagnostic and treatment options for skin and soft tissue abscesses in injecting drug users with consideration of the natural history and concomitant risk factors». European Journal of Medical Research. 13 (9): 415–24. PMID 18948233.
  17. 17,0 17,1 Kraeutler, MJ; Bozzay, JD; Walker, MP; John, K (2014 թ․ հոկտեմբերի 24). «Spinal subdural abscess following epidural steroid injection». J Neurosurg Spine. 22 (1): 90–3. doi:10.3171/2014.9.SPINE14159. PMID 25343407.
  18. 18,0 18,1 Malik, Ali Irqam; Nelson, Richard L; Tou, Samson; Malik, Ali Irqam (2010). «Incision and drainage of perianal abscess with or without treatment of anal fistula». Reviews. doi:10.1002/14651858.CD006827.pub2.
  19. 19,0 19,1 19,2 Duff, Patrick (2009). «Diagnosis and Management of Postoperative Infection». The Global Library of Women's Medicine. doi:10.3843/GLOWM.10032. ISSN 1756-2228. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին.
  20. «UOTW #66 - Ultrasound of the Week». Ultrasound of the Week. 2016 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  21. Robins/8th/68
  22. Barbic, D; Chenkin, J; Cho, DD; Jelic, T; Scheuermeyer, FX (2017 թ․ հունվարի 10). «In patients presenting to the emergency department with skin and soft tissue infections what is the diagnostic accuracy of point-of-care ultrasonography for the diagnosis of abscess compared to the current standard of care? A systematic review and meta-analysis». BMJ Open. 7 (1): e013688. doi:10.1136/bmjopen-2016-013688. PMC 5253602. PMID 28073795.
  23. Medline Plus 'Abscess'
  24. Green, James; Saj Wajed (2000). Surgery: Facts and Figures. Cambridge University Press. ISBN 1-900151-96-0.
  25. Bergstrom, KG (Jan 2014). «News, views, and reviews. Less may be more for MRSA: the latest on antibiotics, the utility of packing an abscess, and decolonization strategies». Journal of Drugs in Dermatology. 13 (1): 89–92. PMID 24385125.
  26. «The LOOP technique: a novel incision and drainage technique in the treatment of skin abscesses in a pediatric ED». The American Journal of Emergency Medicine. 33 (2): 271–76. 2015. doi:10.1016/j.ajem.2014.10.014. PMID 25435407.
  27. «Incision and loop drainage: a minimally invasive technique for subcutaneous abscess management in children». Journal of Pediatric Surgery. 45 (3): 606–09. 2010. doi:10.1016/j.jpedsurg.2009.06.013. PMID 20223328.
  28. «Incision and drainage v. incision, curettage and suture under antibiotic cover in anorectal abscess. A randomized study with 4-year follow-up». Acta Chirurgica Scandinavica. 150 (8): 689–92. 1984. PMID 6397949.
  29. Tomolillo, CM; Crothers, LJ; Aberson, CL (2007). «The damage done: a study of injection drug use, injection related abscesses and needle exchange regulation». Substance Use & Misuse. 42 (10): 1603–11. doi:10.1080/10826080701204763. PMID 17918030.
  30. Fink, DS; Lindsay, SP; Slymen, DJ; Kral, AH; Bluthenthal, RN (May 2013). «Abscess and self-treatment among injection drug users at four California syringe exchanges and their surrounding communities». Substance Use & Misuse. 48 (7): 523–31. doi:10.3109/10826084.2013.787094. PMC 4334130. PMID 23581506.
  31. Collier's New Encyclopedia, 'Abscess'.
  32. OED, "Carbuncle": 1) stone, 3) medical
  33. «Abscess». Medical Dictionary – Dictionary of Medicine and Human Biology. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարախակույտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 149