Բացել գլխավոր ցանկը
Չղջիկները մթության մեջ կողմնորոշվելու համար օգտագործում են ուլտրաձայներ

Ուլտրաձայն, անդրաձայն, գերձայն, գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում առաձգական տատանումներ, որոնց հաճախությունը 20 կհց-ից ավելի է։ Մարդու ականջը անդրաձայն չի ընկալում։ Որոշ կենդանիներ (չղջիկներ, ձկներ, միջատներ և այլն) կարող են այն ընկալել և հաղորդել։ Անդրաձայնային տատանումներն առկա են քամու, ջրվեժի, ծովային ալեբախության աղմուկում, ինչպես նաև առաջանում են հաստոցների, հրթիռային և այլ շարժիչների աշխատելու ժամանակ։

Անդրաձայն սովորական ձայնից տարբերվում է ալիքի կարճությամբ, ուստի օժտված է մի շարք առանձնահատկություններով՝ մեծ էներգիայով, խրձաձև խտանալու ունակությամբ և այլն։ Տատանումների հաճախությունից կախված անդրաձայնի բնորոշ հատկություններն են տարասեռ կառուցվածքներից կլանումը, բեկումը, անդրադարձումը։

Ուսումնասիրման պատմությունԽմբագրել

Անդրաձայնն առաջին անգամ ուսումնասիրել է ռուս ֆիզիկոս Պավել Լեբեդևը՝ 20-րդ դարի սկզբին, իսկ գործնականում կիրառվել է ուշ՝ ֆրանսիացի ֆիզիկոս Պոլ Լանժևենի կողմից։

ԿիրառումԽմբագրել

 
12 շաբաթական պտղի ուլտրաձայնային լուսանկարը։
 
Ուլտրաձայնային հետազոտություն Արևելյան Գերմանիայում, 1990

ԲժշկությունԽմբագրել

Գործնական բժշկության մեջ հիմնականում կիրառում են անդրաձայնի փոքր չափաքանակներ, որոնք ակտիվացնում են հյուսվածքներում ներբջջային գործընթացները (սպիտակուցների կենսասինթեզ, կենսաբանական ակտիվ նյութերի առաջացում, ֆերմենտների ակտիվության ուժեղացում և այլն)։ Անդրաձայնի բուժիչ չափաքանակն ունի արտահայտված ցավամոքիչ, անոթալայնիչ, հակաբորբոքային, ներծծող, հակաքորային ազդեցություն, ինչպես նաև խթանում է վնասված օրգանների ու հյուսվածքների վերականգնումը։

Անդրաձայնի ազդեցության գոտում ուժեղանում է մաշկի և լորձաթաղանթների թափանցելիությունը, որը նպաստում է մաշկի միջոցով դեղանյութերի հյուսվածքներ ներմուծելուն։

Անդրաձայնով բուժումԽմբագրել

Բուժման այդ մեթոդը կոչվում է ֆոնոֆորեզ (անդրաֆոնոֆորեզ)։ Ընդ որում անդրաձայնի և դեղանյութերի զուգակցված ազդեցությունն ուժեղացնում է բուժարարողության ազդեցությունը։ Բուժման ընթացքում, հատկապես առաջին բուժարարողության ժամանակ, երբեմն առաջանում են հոգնածության զգացողություն, քնկոտություն, գլխապտույտ, որի մասին պետք է տեղեկացնել բժշկին։ Անդրաձայնային բուժումը խորհուրդ չի տրվում քաղցած վիճակում։

ԱխտորոշումԽմբագրել

 
Ուլտրաձայնային ախտորոշիչ սարք

Օրգանիզմի փափուկ հյուսվածքներ (առանց էական կլանման) թափանցելու և պինդ, տարասեռ կառուցվածքներից անդրադառնալու անդրաձայնի հատկությունը կիրառվում է ախտորոշիչ նպատակներով։ Անդրաձայնային ախտորոշումը լրացնում է ներքին օրգանների հետազոտման հիմնական՝ ռենտգենախտորոշման մեթոդը, իսկ երբեմն դրա նկատմամբ ունենում է էական առավելություններ։

Գործնականում որևէ կողմնակի ազդեցության լրիվ բացակայությունը հնարավորություն է տալիս կատարել մարմնի ցանկացած հատվածի բազմակի անդրաձայնային հետազոտություններ, ինչպես նաև հղիության բոլոր շրջաններում որոշել երեխայի սեռը, դիրքը և գլխի չափերը։ Uային գերզգայուն սարքերով հնարավոր է ստանալ փափուկ հյուսվածքների պատկերը՝ էխոգրաման, սոնոգրաման (սկանոգրամա), հետևել շարժվող օբյեկտներին (սիրտ, արյուն), օրինակ՝ սրտի կծկումների հաճախությանը, խոշոր անոթներում արյան հոսքի արագությանը։

Անդրաձայնով բավականին ստույգ որոշվում են ներքին օրգանների և նրանց մասերի չափերը, ուռուցքների, արյունազեղումների, օտար մարմինների, քարերի առկայությունը, որոնց շնորհիվ մեթոդը լայն ճանաչում է ստացել և ներդրվել է բժշկության շատ բնագավառներում (վիրաբուժություն, ակնաբանություն, մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուռուցքաբանություն, մարզական և տիեզերական բժշկություն և այլն)։

Արդյունաբերական ուլտրաձայներԽմբագրել

Արդյունաբերությունում կիրառվող կամ արտադրությունում կողմնակիորեն առաջացած ցածր հաճախային ձայնածավալի անդրաձայները (20-30 կհց) տարածվում է օդում և ազդում ոչ միայն շփման գոտում, այլև մարմնի ամբողջ մակերևույթի, այդ թվում լսողության օրգանների և անդաստակային ապարատի վրա։ Անդրաձայնի (նույն ընդգրկույթի) ոչ մեծ չափաքանակները, հատկապես, եթե դրանք երկարատև են և բազմիցս կրկնվում են, կարող են աշխատողի վրա ունենալ ընկճող ազդեցություն, որն արտահայտվում է թուլությամբ, քնկոտությամբ, աշխատունակության նվազմամբ և այլն։

Աշխատանքային անվտանգությունԽմբագրել

Ցածրահաճախային անդրաձայները կիրառելիս պետք է հաշվի առնել հիգիենային նորմավորումը և օգտագործել պաշտպանական միջոցներ։ Մարմնի բաց հատվածների միջոցով անդրաձայնի ազդեցությունը բացառելու համար նախատեսվում է արտահագուստ։ Բացի այդ, անդրաձայները կիրառող կամ առաջացնող սարքերը և մեքենաները հատուկ էկրաններով մեկուսացվում են աշխատողներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։