Աբեղյաններ
Աբեղյաններ (նաև` Աբեղեանք, Աբեղունի), հայկական նախարարական տոհմ Մեծ Հայքում, իշխել են Աբեղեանք գավառում։ Ըստ Մովսես Խորենացու, Աբեղյանների նախարարությունը հիմնել է Մեծ Հայքի արքա Վաղարշակը՝ տոհմի նահապետ Աբեղին արքունիքի սպասարար և գահավոր կարգելով։
Աբեղյաններ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | Մեծ Հայք |
Տիրույթներ | Աբեղյանք |
Ծագում | Աբեղ |
Տիտղոսներ | Արքունիքի սպասարար և գահավոր նախարար |
Հիմնադիր | Աբել Աբեղյան |
Մեծագույն ներկայացուցիչ | Գազրիկ Աբեղյան |
Հիմնում | մ.թ.ա. 3-րդ դար |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Հայ հեթանոսություն, Հայ Առաքելական եկեղեցի |
Կրտսեր ճյուղեր | երկրորդ Աբեղյաններ |
Մովսես Խորենացին Արտաշես Ա-ի մահվան կապակցությամբ հիշատակում է Աբեղյանների տողմից ոմն Աբեղի՝ առաքված Երիզայի Անահիտի (Արտեմիս) մեհյանը՝ կուռքերից արքայի համար բժշկություն և արևշատություն խնդրելու։
Ըստ Գահնամակի Աբեղյանները զբաղեցրել են երկու բարձ, որը տոհմի մեծության և երկրի քաղաքական կյանքում խաղացած կարևոր դերի ապացույց է։ Ըստ Մովսես Խորենացու զբաղեցրել են 7-րդ բարձը։ Ներսեսի վարքում, 85-րդ բարձում հիշատակվում է Աբեղունիներ նախարարական տոհմը, որ հավանաբար հենց Աբեղյանների տոհմն է, քանի որ այնտեղ բացակայում է նրանց ազգանունը։ Ըստ Սահակ Պարթևի մեզ հասած Գահնամակի Աբեղյանները զբաղեցրել են երկու գահը՝ 27-րդ և 37-րդ[1]։ Ըստ Զորանամակի Աբեղյանները ենթարկվում էին Գուգարաց բդեշխին և նրանց զորքը բաղկացած էր 300 հեծյալից[1]։
4-րդ դարից Աբեղյանները կորցնում են իրենց քաղաքական դերը։ Աբեղյանների նահապետ Գազրիկը հիշվում է որպես Վարդանանց պատերազմի մասնակից և Վարդան Մամիկոնյանի զինակից, Աբեղյանների երկրորդ տոհմից՝ Արտենը, որպես Վասակ Սյունու զինակից, իսկ Գրիգոր Աբեղյան իշխանը՝ 544 թվականի Դվինի ժողովի մասնակից։ Աբեղյանները նաև հիշատակվում են Վասպուրականում, որպես Արծրունիներին ենթակա իշխաններ[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Մովսես խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968.
- Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890.
- «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 615.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 24)։ |