«El mal querer»- ը իսպանացի երգչուհի-երգահան Ռոսալիայի երկրորդ ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին Sony Music-ի միջոցով[1]։ Ալբոմի վրա համատեղորեն աշխատել են նա և Էլ Գինչոն։ Ալբոմի վերնագիրը հայերեն կարող է թարգմանվել որպես «Վատ սիրելը», «Սխալ սերը», կամ «Չար կամքը»։ Թողարկման օրը այն Իսպանիայում հայտնվել է iTunes-ի ալբոմների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, որից հետո այն հայտնվել է նաև տարբեր երկրների չարթերում, ինչպիսիք են Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը։
Լինելով փորձարարական և կոնցեպտուալ ալբոմ, որի թեմատիկան պտտվում է թունոտ սիրային հարաբերությունների շուրջ, այն ոգեշնչված է 13-րդ դարի անանուն վեպից, որը պայմանականորեն կոչվում է «Flamenca», որտեղ խանդոտ և բռնի ամուսինը իր բարետես կնոջն ամուսնությունից հետո փակում է մի բարձր աշտարակում։ Այս ալբոմի շնորհիվ երգչուհուն հաջողվել է տեղ զբաղեցնել բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների ցանկում՝ ըստ Rolling Stone ամսագրի։
«El mal querer»-ը Ռոսալիայի առաջին սոլո ալբոմն է, որի թեման թունոտ սիրային հարաբերություններ են։ Այն բաժանված է գլուխների, այսինքն ամեն մի երգ ներկայացնում է վեպի մի հատվածը (ոչ միշտ հաջորդականորեն)։ Ամեն մի երգ նաև ունի իր երկրորդ՝ համարանշով և համապատասխան գլխի վերնագրով անվանումը (օր․՝ PIENSO EN TU MIRÁ - Cap.3: Celos - թարգմ․ Գլուխ 3-րդ․ Խանդ)։ Վեպում նկարագրվում է կնոջ բռնի հարաբերությունները իր ամուսնու և զավակների հոր հետ, որոնցից կինը հաղթող է դուրս գալիս։ Ալբոմի կոնցեպտուալ ձևավորումը ոգեշնչված է իսպանական Վերածննդի արվեստից, «Ֆլամենկա» վեպից, ֆլամենկո - թրեպ երաժշտությունից, փոփից և ռեփից։ Ալբոմի շապիկին Ռոսալիան է՝ ներկայացված որպես մերկ հրեշտակ, որի ինտիմ մասերը ծածկված են նրա երկար մազերով և երկնքից եկող լույսի շողերով, իսկ սկավառակի գրքույկը պարունակում է Ռոսալիայի մի քանի լուսանկարներ, որոնցով նա մեծարում է Իսպանական արվեստում առկա կիսամերկ կանանց նկարները, վերարտադրելով դրանց պատկերները։
Ալբոմը ընդհանուր առմամբ արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատանքին։ Ալեքսիս Պետրիդիսը The Guardian-ից գնահատում է ալբոմը՝ տալով ամենաբարձր վարկանիշը՝ այն բնութագրելով որպես «ունիկալ և նոր տաղանդի այցեքարտ»։ Նա գովաբանում է Ռոսալիայի ձայնային տվյալները ալբոմին «մեծ թարմություն» հաղորդելու համար՝ նշելով, որ երգչուհու երգելու ոճը «լսելիորեն արմատավորված է այլ երաժշտական ավանդույթի վրա, ի տարբերություն այն սովորական ոճերի, որոնցում կատարում են փոփ վոկալիստները»։
Pitchfork-ը «El mal querer»- ը դասել է, որպես 2018-ի վեցերորդ լավագույն ալբոմ, իսկ նրանց քննադատ Ֆիլիպ Շերբուրնը գովաբանում է ավանդական և ժամանակակից ոճերի համադրումը, ինչպես նաև երգչուհու ձայնը՝ ասելով. «Անկախ նրանից, թե նա կատարելիս շնչասպառ է, թե գոչում է, նա այնպիսի հեղինակավոր ներկայություն է, որին դարեր շարունակ չի հանդիպել իսպանալեզու փոփը՝ ֆլամենկոյի դեսպան, կամ ավելի ճիշտ իր սեփական հետաքրքրաշարժ հիբրիդը հայտնագործողը»[10]։
Բոլոր երգերը գրված են Ռոսալիայի և Էլ Գինչոյի կողմից։ Հիմնական համահեղինակներից է նաև երգչուհու նախկին զուգընկեր, երգիչ Անտոն Ալվարես Ալֆարոն, որը նաև հայտնի է որպես Սե Տանգանա (C. Tangana)։ Նա հանդիսանում է ալբոմի տասնմեկ երգերից ութի համահեղինակ։