Ֆուտբոլը Հայաստանում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ֆուտբոլը Հայաստանում առավել ժողովրդականություն է վայելում։ Առաջին հայկական խմբերն ստեղծվել են Կոստանդնուպոլսում, Իզմիրում («Պալթալիման»՝ 1904 թվականին, «Տորք», և այլն)։ Հայաստանում ֆուտբոլի խմբեր են գործել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Վաղարշապատում, Երևանում։ Ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև տեղի է ունեցել 1920 թվականին Երևանի անգլիական այգում։ ՀԽՍՀ-ում ֆուտբոլի առաջին միջազգային մրցախաղը տեղի է ունեցել 1930 թվականին. Երևանում հանդիպել են քաղաքի հավաքականը և Գերմանիայի բանվորական միության թիմը։ 1939 թվականից անցկացվել է հանրապետական առաջնություն, նույն թվականից «Սպարտակը» (1937-1954 թվականներին՝ «Դինամո», 1963 թվականից՝ «Արարատ») մասնակցել է համամիութենական առաջնություններին։ Հայկական ֆուտբոլը մեծ նվաճումներ է ունեցել 1970-ական թվականներին. 1971 թվականին ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնությունում Երևանի «Արարատը» առաջին անգամ դարձել է արծաթե մրցանակակիր, իսկ 1973 թվականին (մարզիչ՝ Նիկիտա Սիմոնյան)՝ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ 1975 թվականին «Արարատի» ֆուտբոլիստները երկրորդ անգամ նվաճել են ԽՍՀՄ գավաթը։ ԽՍՀՄ առաջնություններում հանդես են եկել նաև «Շիրակ», «Լոռի», «Կոտայք», «Նաիրի», «Արաքս» և այլ թիմեր։ Հայ ֆուտբոլիստներից ԽՍՀՄ հավաքականում հանդես են եկել 15-ը (1-ինը՝ Լևոն Իշտոյանը)։ Խորեն Հովհաննիսյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է 37 խաղի, խփել 8 գնդակ, իսկ Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը (երկուսն էլ՝ 1976) և Խորեն Հովհաննիսյանը (1980) դարձել են օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ։ 1992 թվականին հիմնադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը նույն թվականին անդամագրվել է ՖԻՖԱ-ին, 1993 թվականին՝ ՈՒԵՖԱ-ին։ 1992 թվականից անցկացվում են Հայաստանի Հանրապետության առաջնությունը և «Անկախության» գավաթի խաղարկությունը։ Վերջին շրջանում առաջատարներից են «Միկա», «Բանանց», «Փյունիկ» թիմերը։ 1992 թվականին ստեղծվել է ֆուտբոլի ազգային հավաքականը, որը մասնակցում է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի մրցաշարերին։ Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրափուլի խաղերում իր ենթախմբում (6 թիմ) զբաղեցրել է երրորդ տեղը։ 1994 թվականից Հայաստանի ակումբային թիմերը մասնակցում են Եվրոպայի գավաթների խաղարկություններին։ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում հաջողությամբ հանդես են եկել աշխարհի (1998), Եվրոպայի (2000) չեմպիոններ հայազգի ֆուտբոլիստներ Յուրի Ջորկաեֆը և Ալեն Պողոսյանը։ Հայ ֆուտբոլիստներ են ընդգրկված նաև տարբեր երկրների ակումբային թիմերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |