Ֆիզիոլոգիան Հայաստանում

Հայաստանում ֆիզիոլոգիայի դասավանդումն ու գիտական հետազոտություններն սկսվել են 1920 թվականին, երբ ԵՊՀ բժշկական ֆակուլտետում ստեղծվել են կենդանիների (վարիչ՝ Գ. Մուշեղյան) և մարդու (վարիչ՝ Ա. Հակոբյան) ֆիզիոլոգիայի ամբիոններ։ Կենդանի օրգանիզմում ընթացող ֆիզիոլոգիական շարժընթացների հարցերով զբաղվել են դեռևս Հին Հայաստանում։ 7-րդ դարում հայերեն է թարգմանվել հոցն հեղինակ Նեմեսիոս Եմեսացու (5-րդ դար) «Մարդու բնության մասին» աշխատությունը, որը ժամանակի ֆիզիոլոգիայի հիմնական ձեռնարկներից էր։ 19-րդ դարի վերջերին 20-րդ դարի սկզբներին Սանկտ Պետերբուրգում աշխատել են նշանավոր հայ ֆիզիոլոգներ Վ. Վարդանովը և Լևոն Օրբելին։ Հայաստանում ֆիզիոլոգիական գիտության զարգացման համար վճռական նշանակություն է ունեցել 1943 թվականին Հայաստանի ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի (1959 թվականից՝ ակադեմիկոս Լևոն Օրբելու անվան) ստեղծումը։ Հայաստանում ֆիզիոլոգիական գիտությունն ունի նյարդաֆիզիոլոգիական ուղղվածություն։ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում գործում են մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի մասնագիտական գիտխորհուրդը, ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության հայկական ընկերակցությունը, Ֆիզիոլոգների հայկական ընկերությունը։ Վերջին տարիներին Հայաստանում սկսել են զարգանալ նաև սպորտի ֆիզիոլոգիան, աշխատանքի ֆիզիոլոգիան և այլն։

ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն

խմբագրել

1930 թվականից՝ ֆակուլտետի վերակազմավորումից հետո՝ ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն (մինչև 1936 թվականը՝ վարիչ՝ Ա. Հակոբյան, 1936-1964 թվականներին՝ Գ. Մուշեղյան), առաջին փորձարար, ֆիզիոլոգիական լաբորատորիան (հիմնվել է՝ 1925-1926 թվականներին, ղեկավարել է՝ Էզրաս Հասրաթյանը)։ ԵՊՀ ֆիզիոլոգիայի ամբիոնում ուսումնասիրվել են ճառագայթային էներգիայի ազդեցության մեխանիզմներում նյարդա-հումորալ համակարգերի մասնակցության հարցերը, ինչպես նաև շոկային վիճակների հետ կապված առանձին խնդիրներ (Ս. Հակոբյան), հետագայում՝ վեգետատիվ նյարդ, համակարգի (ՎՆՀ) գործունեության և մթնոլորտային ճնշման փոփոխությունների պայմաններում օրգանիզմների ֆունկցիոնալ հարմարվողականության առանձնահատկությունները (Հ. Բակլավաջյան և ուրիշներ), ծայրահեղ գործոնների ազդեցության պայմաններում ընդերամարմնային ֆունկցիաների կենտրոնական կարգավորման նյարդաֆիզիոլոգիական և նյարղա-քիմիական մեխանիզմները (Ս. Մինասյան)։

ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ

խմբագրել

Հայաստանում ֆիզիոլոգիական գիտության զարգացման համար վճռական նշանակություն է ունեցել 1943 թվականին Հայաստանի ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի (1959 թվականից՝ ակադեմիկոս Լևոն Օրբելու անվան) ստեղծումը։ Այդ տարիներին կազմակերպչական և ստեղծագործ, աշխատանքներում մեծ ավանդ ունեն Օրբելին, Հասրաթյանը, Խ. Կոշտոյանցը, Ս. Շչերբակովը, Գ. Մուշեդյանը, Հ. Ստեփանյանը, որոնց ջանքերով ֆիզիոլոգիան հանրապետությունում ձևավորվել է որպես ինքնուրույն գիտական ուղղություն։ Սկզբնական շրջանում զբաղվել են հիմնականում հանրապետության հանքային ջրերի ֆիզիոլոգիական ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությամբ, որը հիմք է դարձել Երկրում կուրորտաբանության զարգացման համար։

Հետագայում լուրջ աշխատանքներ են կատարվել փայծաղի և ստամոքսաղիքային համակարգի ֆիզիոլոգիայի, ինչպես նաև հղի կանանց շուրջպտղային հեղուկի ֆիզիոլոգիական և կենսաքիմիական որոշ հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ։ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում, հատկապես հետպատերազմյան տարիներից սկսած, աստիճանաբար ձևավորվել է կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) փոխհատուցողահարմարվողական հատկությունների ֆիզիոլոգիական մեխանիզմների ուսումնասիրման ուղղությունը (Է. Հասրաթյան)։ Այդ հիմնախնդրի հետ կապված կարևոր հետազոտություններ են կատարվել նաև ԿՆՀ-ի (հատկապես՝ ողնուղեղի), վնասված ուղիների վերականգնման և խթանման հարցերի վերաբերյալ բացահայտվել են նշված փոխհատուցողական շարժընթացներում գլխուղեղի կեղևի առաջատար նշանակության ֆիզիոլոգիական հիմունքները (Տ. Ուրղանջյան), ինչպես նաև վերականգնման շարժընթացների վրա մի շարք ֆերմենտների խթանիչ ազդեցությունը (Լ. Մատինյան)։ ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնում (1961-1984 թվականներին վարիչ՝ Վ. Գրիգորյան) հետազոտվել են ցնցումային նոպաների զարգացման մեխանիզմները, որոնց շնորհիվ առաջ է քաշվել միգրացիոն տեսություն, փորձարար, եղանակով հայտնաբերվել է ԿՆՀ-ի տարբեր բաժինների, ինչպես նաև սեռական հորմոնների դերը էպիլեպսիայի առաջացման և սահմանափակման մեջ (Վ. Գրիգորյան), բացահայտվել է արյունաստեղծման ֆունկցիայում ուղեղիկի դերը (Է. Աևդրեասյան, Ռ. Ստեփանյան, Վ. Գրիգորյան)։ Զբաղվել են նաև շարժող, ապարատի ֆիզիոլոգիական մեխանիզմների և բարձրագույն նյարդ, գործունեության մեջ գլխուղեղի ենթակեղևային գոյացությունների նշանակության բացահայտման հարցերով (Լ. Ղամբարյան)։

1984 թվականից ֆիզիոլոգիայի ամբիոնի և ԳՀ լաբորատորիայի ղեկավար Դ. Խուդավերդյանը հիմնադրել և զարգացրել է գիտական նոր ուղղություն՝ բնականոն և ախտաբանական պայմաններում կալցիում-ֆոսֆատային փոխանակության կարգավորիչի՝ հորմոնային համակարգի դերը՝ տարբեր օրգանների գործունեության մեխանիզմներում։ Ամբիոնում բացահայտվել է, որ պարաթիրեոպրիվ տետանիայի առաջացման պատճառը շարժողական ակտիվության կարգավորման համակարգում արգելակող մեխանիզմների թոզացումն է ու դրդման շարժընթացների ակտիվացումը, հայտնաբերվել է նեյրոնի գործունեության վրա պարաթհորմոնի ազդեցության մեխանիզմը (Ա. Տեր-Մարկոսյան), ինչպես նաև այդ հորմոնի դերը հիպոթալամուս-հիպոֆիզային համակարգի գործունեության մեջ (Հ. Հասրաթյան)։ Աշխատանքներ են կատարվում նաև գերհույզային իրավիճակներում մոր և պտղի միջև հորմոնալ կարգավորման մեխանիզմների փոխազդեցության, ինչպես նաև պոստնատալ օնտոգենեզում վաղ և ուշ պրենատալ գերհույզի հետևանքների ուսումնասիրության ուղղությամբ։ Լ. Օրբելու անվան ֆիզոլոգիայի ինստիտուտը ԽՍՀՄ ֆիզիոլոգիական գիտական առաջատար կենտրոններից էր, որտեղ զբաղվել են հիմնականում Լ. Օրբելու գիտական ժառանգությունից բխող հիմնարար խնդիրներով, ինչպես նաև ուղեղիկի և նրա ցողունի ուսումնասիրության հարցերով (Ա. Ալեքսանյան, Ա. Քարամյան, Վ. Ֆանարջյան, Լ. Մանվելյան)։

Ինստիտուտում է ստեղծվել բարձր մսաձվատվությամբ հավերի նոր՝ երևանյան ցեղը և ներդրվել գյուղատնտեսության մեջ (Ս. Կարապետյան)։ Հետազոտություններ են կատարվել ՎՆՀ-ի և վարընթաց կարգավորիչ ֆունկցիաների ծայրամասային և կենտրոնական մեխանիզմների բացահայտման (Հ. Բակլավաջյան, Լ. Ներսիսյան), հարթ մկանների ռիթմածին ֆունկցիայի ֆիզիոլոգիայի վերաբերյալ (Ս. Բակունց, Ք. Ղազարյան)։ Ինստիտուտում կարևորագույն ուղղություններից են ուղեղիկի և նրա հետ կառուցվածքային ու ֆունկցիոնալ կապեր ունեցող ուղեղային գործունեության մի շարք ֆիզիոլոգիական մեխանիզմների ուսումնասիրությունները։ Ներբջջային ակտիվության գրանցման լայնորեն կիրառումը հնարավորություն է տվել բացահայտելու և վերլուծելու սինապսային շարժընթացների դերը վերոհիշյալ գոյացությունների ֆունկցիայում (Վ. Ֆանարջյան, Լ. Մանվելյան, Ջ. Սարգսյան, Վ. Սարգսյան)։ Զբաղվել են ողնուղեղի վնասված հաղորդիչ ուղիների պլաստիկության (Լ. Մատինյան, Հ. Նահապետյան, Վ. Չաուշյան-Պապյան), նյարդ, բջիջների հյուսվածաքիմիական բնութագրման (Հ. Չիլինգարյան, Ի. Մելիքսեթյան), մարդու նյարդահոգեֆիզիոլոգիայի (Լ. Վահանյան) հարցերով։

Հետազոտություններ են կատարվել նաև տեսաթմբի առբերիչ և արտատար գործունեության նեյրոնային մեխանիզմների բացահայտման (Հ. Հասրաթյան), գլխուղեղի միջկիսագնղային փոխհարաբերությունների (Տ. Ուրղանջյան), նյարդային շարժընթացների մաթեմատիկական մոդելավորման (Դ. Մելքոնյան, Հ. Մկրտչյան), օրգանիզմի ջերմակարգավորման (Ռ. Հարությունյան), ֆիզիոլոգիական ակտիվ մաքրազատման, չափորոշման և հավաստագրման (Ա. Ոսկանյան), այլընտրանքային ֆիզիոլոգ. եղանակների մշակման (Ռ. Սարգսյան) բնագավառներում։ Աշխատանքներ են կատարվել նաև հանրապետության գիտական այլ կենտրոններում՝ արյունաստեղծման ֆիզիոլոգիայի (Ռ. Հարությունյան), հիշողության մեխանիզմների (Մ. Խանբաբյան), տեսողական համակարգի ֆիզիոլոգիայի (Բ. Հարությունյան-Կոզակ) ոլորտներում։

ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոն

խմբագրել

ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնում ստեղծվել են նոր ուղղություններ՝ բնականոն և ախտաբանական պայմաններում օրգանիզմի մի շարք ֆունկցիաների կարգավորման մեջ կալցիումի դերի վերաբերյալ (Դ. Խուդավերդյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։