Օրգանական գյուղատնտեսություն
Օրգանական (էկոլոգիական, կենսաբանական) գյուղատնտեսությունը գյուղատնտեսության վարման համակարգ է, որի շրջանակում տեղի է ունենում սինթետիկ պարարտանյութերի, թունաքիմիկատների, բույսերի աճի խթանիչների, սննդային հավելումների օգտագործման հիմնավորված նվազեցում: Մշակաբույսերի հանքային սննդառությունն ապահովելու, վնասակար օրգանիզմների դեմ արդյունավետ պայքարի միջոցառումներ կազմակերպելու և ակնկալվող բերքատվությունն ավելացնելու համար օրգանական գյուղատնտեսությունում կիրառվում են ցանքաշրջանառություններ, օրգանական պարարտանյութեր (գոմաղբ, կոմպոստներ, բուսական մնացորդներ, սիդերատներ), հողի նվազագույն մշակման համակարգեր և այլն:
Ըստ IFOAM, օրգանական գյուղատնտեսությունն ուղղված է էկոհամակարգերի, նյութերի և տարրերի կենսաերկրաքիմիական շրջապտույտների կայունացմանը և դրանց օպտիմալացումից ստանում է արդյունք: Օրգանական գյուղատնտեսությունը պարտավոր է երկարաժամկետ հեռանկարում պահպանել առողջությունն ինչպես կոնկրետ օբյեկտների, որոնց հետ ունի անմիջական առնչություն (բույսեր, կենդանիներ, հող, մարդ), այնպես էլ ամբողջ մոլորակի[1]։
2007 թվականի տվյալներով Երկրի շուրջ 30,5 մլն հա հողատարածք մշակվում է օրգանական գյուղատնտեսության սկզբունքներով[2], իսկ 2014 թվականին այդ տարածքները կազմել են 43,7 մլն հա, ինչն էլ իր հերթին կազմում է աշխարհի ընդհանուր գյուղատնտեսական նշանակության հողերի 1%-ը: Օրգանական գյուղատնտեսության նշանակության հողերի 43%-ը վարելահողեր են, 41%-ը՝ արոտավայրեր, 12%-ը՝ բազմամյա տնկարկներ, 3%-ը՝ այլ, իսկ 1%-ի վերաբերյալ տվյալներ չկան[3]։
ՊատմությունԽմբագրել
Դեռևս 1924 թվականին Ռուդոլֆ Շտայները Կոբերվիցում կարդացել է «Գյուղատնտեսական դասախոսություն»՝ շեշտը դնելով կենսադինամիկ երկրագործության վրա:
Անգլիայում 1940 թվականին առաջին անգամ "օրգանական գյուղատնտեսություն" (organic farming) տերմինը օգտագործել է լորդ Նորտբորնը (Lord Northbourn, Walter Ernest Christopher James):
1972 թվականին Վերսալում հիմնադրվել է Օրգանական գյուղատնտեսական շարժման միջազգային ֆեդերացիան (IFOAM), որի նպատակն էր օրգանական գյուղատնտեսության ինֆորմացիայի տարածումն ու ներդրումը աշխարհի բոլոր երկրներում: 1990-ականների սկզբներից համաշխարհային շուկաներում օրգանական գյուղատնտեսության մասնաբաժինը հասել է տարեկան 20%: ԱՄՆ-ում օրգանական արտադրանքի ծավալները 1994 թվականի 1 մլրդ. ԱՄՆ դոլլարից 2003-ին հասել է 13 մլրդ:
Օրգանական երկրագործությունԽմբագրել
Օրգանական երկրագործությունը գյուղատնտեսության վարման յուրահատուկ համակարգ է՝ միտված սինթետիկ պարարտանյութերի, թունաքիմիկատների, աճի խթա-նիչների և նման այլ նյութերի կիրառման հիմնավորված նվազեցմանն ու բացառմանը, ինչպես նաև արհեստական սելեկցիայով ստացված օրգանիզմների գենետիկական անվտանգության ապահովմանը: Օրգանական երկրագործությունն առավելապես ներդաշնակ է բնական էկոհամակարգերին և իրականացվում է տեխնիկական կանոնա-կարգերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Օրգանական երկրագործության նպատակն է բացահայտել տվյալ միջավայրին հատուկ պայմանները և այնտեղ գոյատևող օրգանիզմների փոխհարաբերությունները, որոնք թույլ կտան կազմակերպել էկոանվտանգ գյուղարտադրություն: Ագրոէկոհամակարգերում գյուղատնտեսական բաղադրիչների (երկրագործություն, բուսաբուծություն, անասնաբուծություն, մեղվաբուծություն) միջև ֆունկցիոնալ փոխահարաբերությունների և հետադարձ կապերի ստեղծումն ու կենսաբանական վերահսկման մեխանիզմների ներդրումը հուսալի միջոց են օրգանական գյուղատնտեսության վարման համար[4]։
Օրգանական երկրագործության նպատակներն են`
- պահպանել ագրոէկոհամակարգերի կայունությունը` ապահովելով դրանց դինամիկ զարգացումը,
- հողի արտադրողականության իրացմանը զուգահեռ պահպանել և բարձրացնել դրա բերրիությունը,
- նպաստել միջավայրի կենսաբազմազանության պահպանն ու վերականգնմանը,
- պաշտպանել շրջակա միջավայրը տեխնածին աղտոտումից,
- նպաստել մշակվող բույսերի գենետիկական անվտանգությանն ու բազմազանությանը,
- նվազեցնել նյութաէներգատարողությունը միավոր հողատարածքի վրա,
- խթանել և կայունացնել կենսաբանական ցիկլերը,
- ստանալ էկոտոքսիկոլոգիական նորմատիվներին համապատասխանող սննդամթերք,
- արտադրել երաշխավորված բարձր, էկոլոգիապես անվտանգ և կայուն բերք:
Օրգանական երկրագործության հիմնական սկզբունքներն են`
- առավել լավ հարմարված բույսերի տեսակների և սորտերի ընտրում, ինչպես նաև մարդկանց գործունեությամբ, կենսաբազմազանության պահպանման համար նպաստավոր միջավայրի ձևավորում,
- բնական ճանապարհով (ցանքաշրջանառության կիրառում, օրգանական պարար-տացում, հողատարման դեմ պայքարում` անտառաշերտերի ստեղծում և այլն),
հողի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական կազմի բարելավում, հողի բերրիության պահպանում, բարձրացում,
- գյուղատնտեսական մթերքի վերամշակման այնպիսի եղանակների և տեխնոլոգիաների ընտրություն, որոնք կապահովեն դրանց կենսաբանական արժեքի առավելագույն պահպանումը,
- շրջակա միջավայրի աղտոտման և սինթետիկ նյութերի օգտագործման բացառում, գյուղատնտեսական գործունեության ընթացքում էկոանվտանգ և ռեսուրսապահպան տեխնոլոգիաների կիրառում,
- բուսաբուծության, անասնաբուծության, մեղվաբուծության և գյուղարտադրության բոլոր ոլորտների հնարավոր շղթայում,
- հորմոնների, սինթետիկ խթանիչների, ինչպես նաև գենետիկորեն վերափոխված օրգանիզմների, իոնային ճառագայթման մեթոդների կիրառման բացառում:
Որպես ագրոկենսաբազմազանության մաս՝ օրգանական երկրագործությունում ներառված են հողի կենսաբանական կազմը՝ հատկապես ֆոտոսինթեզող, քեմոսինթեզող, ազոտ ֆիքսող բակտերիաները, (ավտոտրոֆ միկրոօրգանիզմներ), որոնցից սկսվում է հողառաջացումը, օրգանական նյութերը տարրալուծող, հանքայնացնող բակտերիաները, սկները և այլ օրգանիզմներ, որոնք անփոխարինելի նշանակություն ունեն հումուսագոյացման պրոցեսում: Ագրոնոմիական տեսակետից հողում մեծ նշանակություն ունեն նաև անձրևաորդերը, բույսերի կենդանի արմատային համակարգը: Բոլոր նշված գործընթացները ապահովում են ագրոկենսաբազմազանությունում ընդգրկված այլ օրգանիզմների՝ բույսերի, միջատների, կենդանիների աճն ու զարգացումը: Իր հերթին ագրոկենսաբազմազանությունը հանդիսանում է կենսաբազամազանության ձև՝ իր որոշակի առանձնահատկություններով ու ընդհանրություններով:
Օրգանական երկրագործության զարգացմանը խոչընդոտում են`
- ՀՀ-ում և Արցախում անկանոն շահագործվող հանքեր (400 և ավելի), դրա արդյունքում գոյացող պոչամբարներ:
- Մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումներ, ջրային ռեսուրսների աղտոտումներ:
- Ռադիացիոն ֆոնի նորմայից բարձր շեղումներ:
- Ժամանակակից տեխնոլոգիաների և հետազոտությունների սակավություն:
- Սեփականաշնորհված հողատարածքների կտրտվածություն, մինչդեռ օրգանական գյուղատնտեսությունը պահանջում է արտադրության համակարգային լուծումներ` ամբողջական լանդշաֆտների ներառմամբ:
- Օրգանիկ մթերքի կայուն պահանջարկ:
Օրգանական երկրագործությունում բույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարը պետք է վերահսկվեն հետևյալ միջոցառումներով կամ դրանց համակցություններով`
- տեղային պայմաններին համեմատաբար դիմացկուն սորտերի և տեսակների ընտրություն,
- պրոֆիլակտիկ (նախազգուշական) պայքարի միջոցառումներ, որոնք կներառեն բացառապես էկոանվտանգ տեխնոլոգիաներ,
- ցանքաշրջանառությունների կիրառում՝ որպես վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր մոտեցում,
- հողի մշակման այնպիսի համակարգի կիրառում, որը կներառի մեխանիկական պայքար մոլախոտերի և այլ վնասակար օրգանիզմների դեմ,
- վնասատուներին ոչնչացնող բնական գիշատիչների, մակաբույծների պահպանում, և ըստ անհրաժեշտության` ներմուծում ու տարածում,
- էկոհամակարգերի բազմազանության ստեղծման համար բուֆերային գոտիների, ագրոանտառային համակարգերի հիմնում,
- կենսաբանական պատրաստուկների և տարբեր բույսերից, քարի փոշուց, հանքատեսակներից ստացված նյութերի կիրառում,
- ֆիզիկական կամ մեխանիկական վերահսկում` ներառյալ թակարդներ, լույս, ձայն,
- ախտահանում գոլորշով, կենսաբանական պատրաստուկներով:
ՄեթոդներըԽմբագրել
Օրգանական գյուղատնտեսության մեթոդները ներառում են կենսաբանական ներդաշնակման սկզունքների կիրառում:
- արհեստական հումքով և գործարանային երկար մշակում ստացած պարարտանյութերի, պեստիցիդների և հակաբիոտիկների բացառում,
- կենդանական և բուսական մնացորդների կիրառում՝ որպես պարարտանյութ,
- հողի հատկությունների բարելավման համար ցանքաշրջանառությունների ներդրում,
- վնասակար օրգանիզմների դեմ բույսերի պաշտպանության կենսաբանական եղանակների՝ այդ թվում պեստիֆագերի կիրառում,
- երկրագործություն-անասնապահություն փակ շղթայի ձևավորում (բուսաբուծություն — անասնակեր, անասնապահություն — պարարտանյութ)[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ IFOAM: The Principles of Organic Agriculture
- ↑ «first domain name on the Internet!»։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-14-ին։ Վերցված է 2017-07-25
- ↑ Григорук В.В., Климов Е.В. Развитие органического сельского хозяйства в мире и Казахстане, Анкара 2016, 151 с.
- ↑ Երիցյան Ս.Կ., Գրիգորյան Հ.Է. Օրգանական երկրագործության հիմունքներ. — Երևան: Արմավ, 2019. — (Բուհական ուսումնական ձեռնարկ). — ISBN 978‐9939‐78‐022‐1
- ↑ Фюкс, Ральф, 2016, էջ 206