Բուսահորմոններ, ֆիտոհորմոններ (հուն․՝ ֆիտոն - բույս և հորմոններ), բույսերի հորմոններ, ֆիզիոլոգիական ակտիվ օրգանական միացություններ, որոնք փոքր քանակությամբ առաջանում են բույսերի ակտիվ աճող հյուսվածքներում, արմատների, ցողունների գագաթներում, տերևներում և խթանում են նրանց աճն ու զարգացումը։ Տարբերվում են միմյանցից իրենց կառուցվածքով և ազդեցության բնույթով։ Ֆիտոհորմոններին են պատկանում աուքսիները, գիբերելինը և ցիտոկինինները։ Ֆիտոհորմոնները կարգավորում են բույսերի կենսագործունեության շատ պրոցեսներ՝ սերմերի ծլումը, հյուսվածքների և օրգանների տարբերակումը, ծաղկումը, պտուղների հասունացումը և այլն։ Ֆիտոհորմոնները ազդում են որոշակի հաջորդականությամբ, բույսի զարգացման վաղ փուլերում գերակշռում են ցիտոկինինները և գիբերելինները, ավելի ուշ՝ աուքսինները։ Որոշակի խումբ են կազմում աճման բնական արգելակիչները՝ ինհիբիտորները, որոնցից հայտնի է աբսցիզաթթուն, որն արագացնում է տերևաթափը, բույսերի հանգստի վիճակին անցնելը, կանխում սերմերի ծլումը։ Ի տարբերություն կենդանիների հորմոնների, Ֆիտոհորմոնները ավելի քիչ առանձնահատուկ են և հաճախ ազդում են բույսի այն մասերի վրա, որտեղ առաջանում են։

Ընդհանուր նկարագրություն խմբագրել

Առաջանում են հիմնականում բուռն աճման գոտիներում, երբեմն նաև՝ աճն ավարտած հյուսվածքներում։ Սինթեզվելով բույսի մեկ օրգանում կամ զոնայում՝ ազդում են մյուսների վրա՝ դրանով ապահովելով բուսական օրգանիզմի ֆունկցիոնալ ամբողջականությունը։

Տարբեր բուսահորմոններ բույսի աճման ու զարգացման բոլոր կենսընթացների վրա թողնում են մի կողմից միաժամանակյա և տարբեր ազդեցություններ, մյուս կողմից փոխազդում են միմյանց հետ, օրինակ՝ աուքսինը մակածում է էթիլենի սինթեզը և նպաստում ցիտոկինինիսին սինթեզին, իսկ գիբերելինի ազդեցությունն ուղեկցվում է աուքսինի քանակի ավելացմամբ։ Ուստի բույսի համար կարևոր է ոչ թե որևէ առանձին բուսահորմոններիի պարունակությունը, այլ նրանց միջև հարաբերակցությունը (հորմոնային հաշվեկշիռ)։ Գյուղատնտեսության կարիքների համար արտադրվում են գիբերելիններ՝ աուքսինների և ցիտոկինինների նմանակները, և էթիլեն արտադրողներ։ Բուսահորմոններիի և նրանց նմանակների կիրառման բնագավառներն են՝ արժեքավոր սորտերի բազմացումը՝ հյուսվածքների կուլտուրաների աճեցման օգնությամբ տնկաշիվերի արմատակալեցումը, պտուղների թափման նախաբերքահավաքի խթանումը, տերևազրկման և հերբիցիդային ազդեցությունը, խաղողի վազի անկորիզ սորտերի ստեղծումը և լոլիկի բերքատվության բարձրացումը, սերմերի, սոխուկների ու պալարների ծլման խթանումը և այլն։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է բուսահոմոնների 5 տիպ, որոնց քիմիական կառուցվածքն ու կարգավորող ազդեցության մեխանիզմները հիմնական գծերով բացահայտված են՝

  • աուքսիներ,
  • գիբերելիններ,
  • ցիտոկինիններ (խթանիչներ),
  • աբսցիզաթթու,
  • էթիլեն (արգելակիչներ)։

Ենթադրվում է նաև բարձրակարգ բույսերի այլ հորմոնների, օրինակ՝ անտեզինների գոյությունը, որն ապահովում է ծաղիկների փակվելը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։