Գոյաբանություն

(Վերահղված է Օնտոլոգիաից)

Գոյաբանություն, օնտոլոգիա (հունարեն՝  όν (όντος)- իրական կեցություն և լոգիա), փիլիսոփայական մտահայեցողական ուսմունք իրական կեցության (իրական աշխարհի) սկզբնահիմքերի ու սկզբնապատճառների մասին։ Գոյաբանությունը, ինչպես և ամբողջ փիլիսոփայական մետաֆիզիկան, որի բաղկացուցիչ մասն է եղել, հավակնում է տալու իրական կեցության նկարագիրն այնպես, ինչպես այն կա ինքնին՝ ճանաչող սուբյեկտի մոտեցումից անկախ։ Բայց, ի տարբերություն առանձին գիտությունների, որոնք նույն ինքնին վերցրած իրական կեցության առանձին մասերն են ուսումնասիրում, գոյաբանությունը հավակնում է տալու առհասարակ ամեն մի իրական կեցության նկարագրությունը մտահայեցողական եղանակով՝ ընդհանրական կատեգորիաների միջոցով (Արիստոտել, Մետաֆիզիկա, գիրք Դ, գլուխ Ա, P և գիրք Ե)։ Միջնադարում կեցության մասին ուսմունքն ամբողջովին և գոյաբանական հարցադրումները մասնավորապես միահյուսված էիև աստվածաբանությանը։ Հայ միջնադարյան փիլիսոփայության մեջ այդ առանձնահատկությունը ցայտուն արտահայտություն է գտել մի շարք իմաստասերների, հատկապես Եզնիկ Կողբացու, Հովհաննես Սարկավագի, Հովհան Որոտնեցու հայացքներում։ 7-րդ դարից ի վեր, հատկապես գիտական մտածողությունը հետազոտող իմացության տեսությունից որոշակիորեն տարբերակվեց կեցության մասին տեսությունը՝ մետաֆիզիկան, ու նրա կազմում՝ գոյաբանություն որպես բնափիլիսոփայություն (գերմանացի փիլիսոփաներ Գոկլենիուս, որը «օնտոլոգիա» տերմինի հեղինակն է, առանձնապես Քրիստիան Վոլֆ)։ 19-րդ դարի կեսերին զարգացած բնական գիտությունների կողքին ավելորդ դարձավ գոյաբանության գոյությունը և այն տարբեր դիրքերից քննադատեցին պոզիտիվիզմը, նեոկանտականությունը և հատկապես մարքսիզմը։ Արդի արևմտյան փիլիսոփայության մեջ հին գոյաբանության ավանդույթը շարունակում են միայն կրոնափիլիսոփայական ուղղությունները։ «Նոր գոյաբանությունը» (Ն․ Հարտմանի «քննադատական գոյաբանություն․», Մ․ Հայդեգերի «հիմնարար գոյաբանություն») իրական կեցություն է համարում ոչ թե աշխարհի վերացական-ընդհանրական կառուցվածքն ու սկզբունքները, այլ մարդու առկա, անմիջական գոյության աշխարհը՝ ի հակադրություն մարդկային գործունեության արգասիքների (հասարակական հաստատությունների, նորմերի, ինչպես և գիտության ու տեխնիկայի աշխարհի), որոնք տեխնիցիզմի պայմաններում օտարված են մարդուց։ Դիալեկտիկական մատերիալիզմը մերժում է գոյաբանական մտակառուցումները։ Աշխարհի մասին ամեն մի պնդում կարող է տեղ ունենալ գիտական տեսության մեջ։ Տրամաբանության մեջ «ձևական համակարգի գոյաբանություն», «գոյաբանական նշանակություն» ասելով նկատի ունեն, թե ձևայնացված լեզուն մևկնաբանելիս ինչպիսի օբյեկտների գոյությունն է ընդունվում․ «պլատոնիստական» մեկնաբնությունն ընդունում է վերացական էություններ (դասեր, հատկություններ), իսկ ըստ «նոմինալիստականի» վերացական էությունների մասին բոլոր ասույթները կարող են հանգեցվել կոնկրետ օբյեկտների մասին ասույթների։

Մի փոքրիկ մարդ նստած է կինոդահլիճում՝ մարդու գլխում, դիտելով և լսելով այն ամենը, ինչ ապրում է մարդ արարածը։ Դեկարտյան մատերիալիզմի նկարազարդում, որը պնդում է, որ հնարավոր է գիտակցված փորձի բովանդակությունը պահ առ պահ գտնել մտքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 155