Նեոկանտականություն
Նեոկանտականություն, նորկանտականություն (գերմ.՝ Neukantianismus), Իմանուիլ Կանտի` 18-րդ դարի փիլիսոփայության վերածննդի դրսևորում, սուբյեկտիվ իդեալիստական դպրոցների շարք։ Ծագել է XIX դարի 2-րդ կեսին, Գերմանիայում՝ Կանտի ամենահայտնի աշակերտ Արթուր Շոպենհաուերի կողմից, «Ետ դեպի Կանտը» լոզունգի ներքո։ Նեոկանտական դպրոցներին բնորոշ է Կանաի փիլիսոփայական ուսմունքի մեկնաբանումը մատերիալիզմի տարրերից հրաժարման ոգով՝ գլխավորապես կապված «ինքնին իրի» մեկնաբանման հետ։
Առաջինը ձևավորվել է ֆիզիոլոգիական դպրոցը (Ֆրիդրիխ Լանգե)։ Օգտագործելով զգայարանների ֆիզիոլոգիայի (Յոհաննես Մյուլլեր, Հերման Հելմհոլց) տվյալները՝ այս դպրոցի ներկայացուցիչները գիտակցության ձևերի ապրիորիությունը համարում էին ճանաչող սուբյեկտի ֆիզիոլոգիական և հոգեբանական կազմակերպման արդյունք։ Նեոկանտականության այս տարատեսակը ամբողջովին զարգացել է ֆիզիոլոգիական իդեալիզմի գաղափարների հունով։ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի բուրժական փիլիսոփայության զարգացմանը նպաստել են Նեոկանտականության բադենյան և մարբուրգյան դպրոցները։ Բադենյան դպրոցի (Վիլհելմ Վինդելբանդ, Հայնրիխ Ռիկկերտ և այլք) հետազոտություններում կարևոր տեղ է գրավել բնության և մշակույթի մասին գիտությունների տարբերակման խնդիրը։
Զարգացվել է գիտությունները ոչ թե ըստ առարկայի, այլ ըստ մեթոդի տարբերակելու գաղափարը, բնության մասին գիտություններին հատուկ է «ընդհանրացնող» կամ «նոմոթետիկ» (օրենք սահմանող) մեթոդը, իսկ մշակույթի մասին գիտություններին՝ «անհատականացնող» կամ «իդեոգրաֆիկ» (առանձնահատուկը նկարագրող) մեթոդը։ Ըստ այդմ բխեցվում էր, որ պատմական գիտությունները և բարոյական փիլիսոփայությունը չունեն ընդհանուր գիտական օրենքներ սահմանելու ունակություն։ Բադենյան դպրոցը առաջադրել է պատմական գիտությունների համար արժեք հասկացության նշանակության հարցը՝ հակադրելով այն ճշմարտությանը, իսկ պատշաճը՝ գոյություն ունեցողին։ Արժեքը դիտարկվել է իբրև գոյություն չունեցող, սակայն նշանակություն ունեցող մի բան, որպես մշտապես անհասանելի իդեալ։
Մարբուրգյան դպրոցի ներկայացուցիչները (Հ․ Կոհեն, Պաուլ Նատորպ, Էռնստ Կասիրեր և այլք) առանձնակի ուշադրություն են դարձրել տրամաբանա-մաթեմատիկական և բնագիտական հասկացությունների իմացաբանության վերլուծությանը։ Հրաժարվելով «ինքնին իրը» որպես զգայությունների աղբյուր ըմբռնելուց՝ այս դպրոցը ձգտել է իմացությունը զտել զգայական բովանդակությունից և այն հանգեցնել հասկացությունների կառուցման զուտ տրամաբանական պրոցեսի։ Դպրոցի ներկայացուցիչները ժխտել են հասարակական զարգացման օրենքների օբյեկտիվ բնույթը և պնդել, որ սոցիալական նպատակները և իդեալները պետք է ունենան բացառապես բարոյական հիմնավորում։ Ելնելով դրանից, նրանք առաջարկել են մարքսիզմը լրացնել նեոկանտականությամբ և զարգացրել են «բարոյական սոցիալիզմի» ըմբռնումը։ 20-րդ դարի 30-ական թվականներին նեոկանտականության ազդեցությունը նվազել է, և այն դադարել է գոյություն ունենալ որպես ինքնուրույն հոսանք։ Արժեքի նեոկանտական տեսության ազդեցությունը ներկայումս գլխավորապես նկատվում է բուրժական մարդակենտրոն փիլիսոփայության որոշ դպրոցներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 227)։ |