Օխտը դռնի վանք, վանք Լեռնային Ղարաբաղի հանրապետության Հադրութի շրջանում։ Գտնվում է Մոխրենես գյուղից 3,5 կմ հյուսիս-արևմուտք, Յուղուսեն լեռան լանջին։

Օխտը դռնի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԼեռնային Ղարաբաղ գ․ Մոխրենես
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ
 Seven Doors monastery Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Վանական համալիրը, բաղկացած է եղել երեք հիմնական շենքերից։ Գավիթը լրիվ ավերակ է, մյուս շենքից մնացել են միայն գետնամերձ պատերի մասերը, իսկ երրորդը՝ եկեղեցին, դեռ կանգուն է, թեև՝ վատ պահպանված վիճակում է։ Գավթի, ինչպես նաև մյուս օժանդակ կառուցվածքների ավերակները գտնվում են եկեղեցուն կից, նրա հյուսիսարևմտյան կողմում։ Հիմնական հուշարձանի՝ եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն ճարտարապետական ձևերի, զարդաքանդակների և ծավալատարածական հորինվածքի դիտարկումը թույլ է տալիս այն դասելու վաղ միջնադարյան հուշարձանների շարքը։

Օխտը դռնի վանքի եկեղեցու գմբեթատակ տարածությունը շրջափակված է երկու մետր հավասար բացվածքով և մոտավորապես հավասար խորությամբ չորս պայտաձև աբսիդներով և իրենց բացվածքով դեպի դահլիճի կենտրոնն ուղված 3/4 անկյունագծային խորշերով։ Այդ խորշերը չունեն ավանդատուն անցնելու միջանցքի նշանակություն, այլ ունեն զուտ դեկորատիվ բնույթ։ Եկեղեցու արտաքին ձևը նրա ներքին հորինվածքի արտահայտությունն է։ Այն իրենից ներկայացնում է մի վարդյակ՝ չորս մեծ և չորս փոքր կիսաբոլորակ թերթերով։ Խորանների ու խորշերի միջև կիսաբոլորակ տեսքով որմնամույթերն են, որպիսիք չեն հանդիպում այդ տիպի մյուս հուշարձաններում։ Գմբեթակիր կամարների արանքում, որմնախորշերի վերևում պահպանվել է քարե շարվածքը, որից կարելի է ենթադրել, թե գմբեթի թմբուկը եղել է ութանկյուն՝ չորս մեծ, չորս փոքր կողերով։ Առանցքային խորանների և 3/4 խորշերի եզրակամարները հենվում են որմնամույթերի խոյակների վրա։ Խոյակներն ութն են։ Արևելյան խորանի որմնամույթերի երկու խոյակը քանդակազարդ են՝ յուրահատուկ զարդագոտիով։ Եկեղեցին, նման լինելով 7-րդ դարում կառուցված քառակոնխ տիպի տաճարներին, ինքնատիպ է, և ներառում է քրիստոնեական առաջին պաշտամունքային կառույցներին բնորոշ ճարտարապետական որոշ տարրեր։

Եկեղեցին ամբողջապես շարված է անտաշ և կոպտատաշ քարերով։ Պատերը հաստ են՝ 105-135 սմ, որոնք, ինչ խոսք, ևս հնաոճ որմնասյուններ են, չեն զատվում և սերտորեն համաձուլված են խորանների շարվածքի հետ և կազմում են վերջինի շարունակությունը։ Առհասարակ եկեղեցու ամբողջ կառուցվածքից երևում է, որ հետագա դարերում վերանորոգումների չի ենթարկվել, դրա համար էլ հատակագիծը և հիմնական կտրվածքը մնացել են անփոփոխ։ Մուտքը բացվում է արևմտյան խորանից։ Այն իր բացվածքով արևմուտք-արևելք առանցքից 30 աստիճան դեպի հարավ է ուղղված։ Դռան (լայնությունը՝ 106 սմ) բարավորի միակտոր քարը պահպանվում է։ Եկեղեցին դռան կողմից շատ է քայքայված և դռնից վերև ոչինչ չի պահպանվել։ Փոքր-ինչ բարվոք վիճակում են հարավային և արևելյան կողմերի պատերը, իսկ հյուսիսային աբսիդի մասում շենքը կանգուն է մինչև թմբուկի տակը՝ տրոմպներից ներքև։ Միակ պահպանված լուսամուտը բացվում է հյուսիսային աբսիդից։ Այն արտաքին մասում քանդված է։ Դռան և լուսամուտի երեսակալները զարդաքանդակված չեն․ երիզված են հասարակ տաշած քարով։ Եկեղեցին ներսից ծեփված է եղել կրաշաղախով, որից միայն տեղ-տեղ պատառիկներ են նկատվում։

Եկեղեցու երկրորդ հարկաբաժինը գմբեթն է, որի ծանրությունը բաշխվել է առանցքային պայտաձև կամարների և անկյունագծային հենախորշերի վրա։ Գմբեթը, դժբախտաբար, լրիվ փլվել և թափվել է աղոթասրահի ներսը։ Փլվածքի վրա հողի շերտ է գոյացել։ Դռան բացվածքից երևում է, որ դահլիճի հատակը գտնվում է շուրջ մեկ մետր հաստությամբ փլվածքի ու հողաշերտի տակ։ Վանքում չեն պահպանվել վիմագիր առձանագրություններ բացի ավելի ուշ ժամանակաշրջանի պատկանող երկու խաչքարերից, որոնցից մեկը գտնվում է եկեղեցու բեմի խորքում՝ լուսամուտի տակ, իսկ մյուսը՝ բակում, մի քանի տասնյակ մետր դեպի հարավ-արևմուտք, ավերված մատուռի ներսում։ Առաջին խաչքարը 10-12-րդ դարերի ոճով է, պարզ տեսք ունի։ Խաչի թևերը վերջանում են գնդիկներով։ Խաչի թևերի վերին մասում՝ վազի ոստեր են, ծայրերից կախված ողկույզներով։ Ներքին հատվածում խաչքարն ունի անթվակիր հետևյալ արձանագրությունը․ «Յիշեայ քս ած զԱշոտ և ողորմեայ»։

Վանական տարածքում գտնված մյուս խաչքարը, որը քանդակագործության հիանալի օրինակ է, ունի թվագրություն և լավ պահպանված արձանագրություն։ «Հ․ թվ։ ՆՂԳ (1044թ․)։ Զկանդիլին մի (աբ) ով սուրբ Տերունի բարեխաւսե առ քս»։ Խաչքարը Արցախի տարածքում մինչև այսօր հայտնի ամենահին թվագրվածն է և կերտվել է Ամարասի հովտում պահպանված Ղազարի խաչքարից 47 տարի շուտ՝ 1044 թվականին։ Օխտը դռնի վանքը, գտնվելով Դիզակի վարչական կենտրոն Դողի և եպիսկոպոսանիստ Գտչավունքի մոտերքում, բնականաբար եղել է Դիզակի իշխանների հովանավորության տակ։ Վանքից մի քանի կիլոմետր հեռու են գտնվում նշանավոր Քթիշ Գոոոզ բերդերը, որոնք հիշվում են Թովմա Արծրունու պատմության մեջ, արաբական նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի առընչությամբ։ Վանքի մոտերքում են գտնվում վանական աղբյուրը և «Քրոջ գերեզմանը»։ Ընդարձակ բնակատեղին, իր ավերված շենքերի հետքերով, հին հանգստարանով, խաչարերով հանդերձ սփռված է անտառի մեջ, Զկռատափի հարևանությամբ, և տեղացիները հնավայրը կոչում են Շինատեղ[1]։

Գրականություն խմբագրել

  • Շահեն Մկրտչյան․ Լեռնային Ղարաբաղի Պատմաճարտարապետական հուշարձաններ, Երևան, 1985

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մոխրենիսի «Օխտը դռնի» վանք. Էջմիածին. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)