Օլիմպիադա Էպիրացի

Մակեդոնիայի արքա Փիլիպոս II-ի կինը

Օլիմպիադա (հին հուն․՝ Ὀλυμπιάς, լատ.՝ Olympias, մոտ. մ. թ. ա. 375, Պասսարոն, Յանինա, Էպիրուս, Հունաստան[1] - մ. թ. ա. 316, Պիդնա), Էպիրոսի արքայադուստ, Մակեդոնիայի արքա Փիլիպոս II-ի կինը, Ալեքսանդր Մակեդոնացու մայրը:

Օլիմպիադա Էպիրացի
Roman - Medallion with Olympias - Walters 592 - Obverse.jpg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մոտ. մ. թ. ա. 375
Ծննդավայր Պասսարոն, Յանինա, Էպիրուս, Հունաստան[1]
Վախճանի օր մ. թ. ա. 316
Վախճանի վայր Պիդնա
Քաղաքացիություն Vergina Sun.svg Հին Մակեդոնիա
Հայր Նեոպտոլեմոս I Էպիրացի[2]
Ամուսին Փիլիպոս II Մակեդոնացի[2]
Զավակներ Ալեքսանդր Մակեդոնացի[2][3] և Կլեոպատրա Մակեդոնացի[2]

Որդու մահից հետո Օլիմպիադան մ.թ.ա. 317 թվականին գրավել է իշխանությունը Մակեդոնիայում և սկսել է թագավորել իր թոռան՝ Ալեքսանդր IV-ի` Ալեքսանդր Մեծի որդու անունից: Սակայն հաջորդ տարի տապալվել ու մահապատժի է ենթարկվել դիադոքս Կասանդրոսի կողմից:

ԿենսագրությունԽմբագրել

Մակեդոնիայի թագուհիԽմբագրել

Օլիմպիադան Էպիրոսի Նեոպտոլեմոս I արքայի դուստրն էր: Հայրը իրեն համարում էր կիսաառասպելական հերոս Աքիլլեսի սերունդներից: Մինչ ամուսնությունը կրել է Միրթալլա անունը, իսկ հարսանիքից հետո Փիլիպոսը նրան տվեց Օլիմպիադա անունը` ի պատիվ սպորտային մրցումների: Կյանքի վերջում նա կրկին փոխեց անունը և կոչվեց Ստրատոնիկա [4]:

Ըստ Պլուտարքոսի՝ Փիլիպոս II-ը առաջին անգամ Օլիմպիադային հանդիպեց Էգեյան ծովում գտնվող Սամոֆրակիա կղզում խորհրդավոր հոգևոր ծիսակատարության՝ միստերիայի ժամանակ: Նեոպտոլեմոսը կարճ է կառավարել: Նրանից հետո Էպիրոսի արքա դարձավ եղբայրը՝ Արրիբան, որն էլ մ.թ.ա.359 թվականին զարմուհուն կնության տվեց Փիլիպոսին: Մ.թ.ա. 356 թվականին ծնվեց նրանց որդի Ալեքսանդրը, որին վիճակված էր դառնալ Ալեքսանդր Մեծ, իսկ հետո՝ դուստր Կլեոպատրան: Ըստ լեգենդի՝ Ալեքսանդրի հայրը ոչ թե Փիլիպոսն էր, ում վանում էր Օլիմպիադայի սերը օձերի նկատմամբ, այլ Զևսը, որը տիրացել էր Օլիմպիադային կայծակի ժամանակ: Ինքը՝ Ալեքսանդրը, քաղաքական նկատառումներով աջակցում էր լեգենդի գոյությանը, բայց հենց Փիլիպոսին էր համարում հայր:

Փիլիպոսի փոփոխական վերաբերմուքի և Օլիմպիադայի խանդի պատճառով տարիների ընթացքում ամուսինների հարաբերությունները վատթարացան:

Շրջադարձային եղավ Փիլիպոսի ու երիտասարդ գեղեցկուհի Կլեոպատրայի ամուսնությունը մ.թ.ա. 337 թվականին: Կլեոպատրան, Փիլիպոսի յոթերորդ ու վերջին կինը, մակեդոնական ազնվատոհմիկ ցեղից էր։ Փիլիպոսը մինչ այդ էլ էր կնության վերցնում ուրիշ կանանց, սակայն նրանք չէին կարող ազդել փառասեր թագուհու դիրքի վրա իրենց՝ սոցիալական կարգավիճակի պատճառով: Օլիմպիադան մեկնեց հայրենիք՝ Էպիրոս: Մեկ տարի անց Փիլիպոս II-ը սպանվեց և նա վերադարձավ Մակեդոնիա: Հետագայում, օգտվելով Ալեքսանդրի բացակայությունից, Օլիմպիադան կարգադրեց դաժանորեն սպանել իր մրցակից Կլեոպատրային ու նրա նորածին դուստր Եվրոպային: Ըստ Պավսանիուսի՝ Օլիմպիադան նրանց կենդանի եփեց կաթսայում [5]:

Ալեքսանդրի արշավանքների ընթացքում Օլիմպիադան մշտապես գրում էր նրան ու, օգտագործելով Ալեքսանդրի վրա ունեցած իր մեծ ազդեցությունը, սևացնում, զրպարտում էր շրջապատող մարդկանց, այդ թվում նաև մակեդոնական կառավարիչ Անտիպատրոսին: Սակայն Ալեքսանդրը թույլ չէր տալիս մորը ազդել պետական գործերի վրա:

Նախքան Ալեքսանդրի մահը մ.թ.ա. 324 թվականին կամ ավելի վաղ, Օլիմպիադան Անտիպատրոսի հետ վեճերի պատճառով մեկնեց Էպիրոս, որտեղ իրեն զգաց լիիրավ թագուհի, և որտեղից դուրս մղեց դստերը՝ Կլեոպատրային, Էպիրոսի զոհված արքայի այրուն:

Պայքար մակեդոնական գահի համարԽմբագրել

Ալեքսանդրի մահից հետո մ.թ.ա. 323 թվականին Մակեդոնիան մնաց Անտիպատրոսի ձեռքում: Օլիմպիադան իշխում էր Էպիրոսում, մինչ մեծանում էր թոռը (Կլեոպատրայի որդին)՝ թագավորության օրինական թագաժառանգը:

Իր մյուս թոռանը՝ Ալեքսանդր IV-ին, աջակցություն ապահովելու համար Օլիմպիադան դաշինք կնքեց Փոլիփերքոնեսի հետ, որը պետք է դառնար մ.թ.ա. 319 թվականին մահացած Անտիպատրոսի իրավահաջորդը: Ալեքսանդր IV-ը Մակեդոնիայի թագավոր էր հռչակվել անմիջապես ծնվելուց հետո (Ալեքսանդր Մակեդոնացու մահից մեկ ամիս անց) Փիլիպոս Արիդեոսի՝ Ալեքսանդր Մակեդոնացու կրտսեր եղբոր հետ միասին: Մակեդոնիայում այդ ժամանակ իշխում էր անգործունակ Փիլիպոս Արիդեոսի կինը՝ Էվրիդիկան: Փոլիփերքոնեսը, խրվելով խնամակալության համար պայքարի մեջ Անտիպատրոսի որդի Կասսանդրոսի հետ, փախել էր Էպիրոս:

Մ.թ.ա. 317 թվականին, երբ Կասսանդրոսը իր բանակով պաշարել էր Աթենքը, Օլիմպիադան Փոլիփերքոնեսի հետ էպիրական զորքով ներխուժեց Մակեդոնիա: Մակեդոնացի զինվորները, տեսնելով Օլիմպիադային ու նրա թոռանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու որդուն, հրաժարվեցին ենթարկվել Էվրիդիկային և առանց կռվի անցան նրանց կողմը: Շուտով Փիլիպոս Արիդեոսն ու նրա կին Էվրիդիկան ձերբակալվեցին ու բանտ նետվեցին: Մակեդոնացիները ճանաչեցին թոռան անունից Օլիմպիադայի թագավորելու իրավունքը, և կարճ ժամանակով նա անսահմանափակ իշխանություն ձեռք բերեց Մակեդոնիայում: Օլիմպիադան սկսեց հաշվեհարդար տեսնել Կասսանդրոսի կողմնակիցների հետ, մահապատժի ենթարկվեցին նրա եղբայրը ու մոտ հարյուր այլ անվանի մակեդոնացիներ: Ինչպես նշել է պատմիչ Յուստինոսը՝ «Նրանով, որ նա իրագործեց անվանի մարդկանց մեծ կոտորած երկրով մեկ, ինչպես կատաղած մի կին, ոչ թե թագուհի, ժողովրդի հավատարմությունը վերածեց ատելության»[6]: Օլիմպիադայի հրամանով հավատարիմ փռուգիացիները դանակահարեցին թոռան մրցակից Փիլիպոս Արիդեոսին, իսկ նրա կին Էվրիդիկային ստիպեցին կախվել [7]:

ՊարտությունԽմբագրել

Օլիմպիադայի պարտության և մահապատժի մասին առավել մանրամասն գրել է Դիադորոս Սիցիլիացին [8]:

Կասսանդրոսը շտապ վերադարձավ Պելոպոնեսից ու պաշարեց Փիդնա քաղաքը, ուր թաքնվել էր Օլիմպիադան: Փոլիփերքոնեսը պաշարվել էր Հունաստանի արևմուտքում Կասսանդրոսի զորավարի կողմից: Նա ուղարկեց թագուհու հետևից փոքր առագաստանավ ու սուրհանդակ նամակով, որում հորդորում էր փախուստի դիմել[9]: Կասսանդրոսը բացահայտեց ու խափանեց փախուստի ծրագիրը: Օլիմպիադան երկար ու անօգուտ սպասում էր խոստացված փրկությանը:

Փիդնայի պաշարումը երկարեց: Ամրոցում կային Օլիմպիադային հավատարիմ զինվորներ ու մի քանի մարտական փղեր: Օգնության փորձեց հասնել թագուհու ազգական Էպիրոսի արքա Էակիդոսը, սակայն Կասսանդրոսի զորավարը փակեց լեռնանցքները և կասեցրեց նրա հետագա առաջխաղացումը: Այդ ժամանակ Էակիդոսի հպատակները ապստամբեցին Էպիրոսում և տապալեցին թագավորին: Որպես խնամակալ (ռեգենտ) Կասսանդրոսը Էպիրոս ուղարկեց իր զորավարներից մեկին: Նրա մյուս գեներալը կարողացավ կաշառել Փոլիփերքոնեսի զինվորներին ու նրան թողեց առանց զորքի: Փիդնա ամրոցում մարդիկ սկսեցին մահանալ սովից, սատկեցին բոլոր փղերը ու ձիերի մեծ մասը: Պաշարվածների մեջ նկատվեց նույնիսկ մարդակերություն: Փիդնայից ու մակեդոնական այլ քաղաքների կայազորներից, բացառությամբ Պելլայի, շատ զինվորներ անցան Կասսանդրոսի կողմը:

Կորցնելով փրկության հույսը՝ մ.թ.ա. 316 թվականի գարնանը Օլիմպիադան, մտածելով, որ Փոլիփերքոնեսը դավաճանել է, հանձնվեց Կասսանդրոսին անձնական անվտանգության պայմանով: Թագուհու հրամանով հավատարիմ մնացած զորքերը դադարեցրեցին դիմադրությունը:

Օլիմպիադայի մահըԽմբագրել

Օլիմպիադայի կյանքը խոստացան խնայել, սակայն ավելի ուշ դատի տվեցին կառավարման ժամանակ թափված արյան համար: Ժողովրդական ժողովը նրան հեռակա մահապատժի դատապարտեց: Դիադորոս Սիցիլիացու հաղորդմամբ՝ Կասսանդրոսը առաջարկեց Օլիմպիադային փախնել Աթենք՝ խոստանալով նավ տրամադրել: Մակեդոնիայի նոր տիրակալը վախենում էր Ալեքսանդր Մեծի մոր սպանության մեղադրանքից: Օլիմպիադան հրաժարվեց, գերադասելով կանգնել ժողովրդի դատարանի առջև:

Իմանալով մակեդոնացիների տրամադրությունների փոփոխականությունը՝ Կասսանդրոսը չէր ուզում թույլ տալ նոր դատ: Նա ուղարկեց 200 հատուկ ընտրված զինվորներ՝ Օլիմպիադային սպանելու հրամանով: Զինվորները ներխուժեցին թագուհու տուն, բայց չհամարձակվեցին ձեռք բարձրացնել Ալեքսանդր Մակեդոնացու մոր վրա: Օլիմպիադային քարկոծելով սպանեցին իր կողմից մահապատժի ենթարկած մարդկանց ազգականները [10]: Կասսանդրոսի հրամանով, ով կորցրել էր եղբորն ու շատ ընկերների Օլիմպիադայի կառավարման ժամանակ, արգելվեց նրա հուղարկավորությունը:

Դիադորոսի խոսքերով.

  Այսպիսին էր Օլիմպիադայի վախճանը, ով ձեռք բերեց մեծագույն արժանապատվություն իր ժամանակի կնոջ համար, լինելով Էպիրոսի թագավոր Նեոպտոլեմոսի դուստրը, Էպիրոսի թագավոր Ալեքսանդրի քույրը, ով արշավել էր Իտալիա, Փիլիպոսի կինը, ով ամենահզորրն էր Եվրոպայի իշխողների մեջ և Ալեքսանդրի մայրը, ում գործերը մեծագույն ու փառավոր էին [11]:  


ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Олимпиада Эпирская — в Smith's Dictionary of Greek and Roman Biography and Mythology

Արտաքին հղումներԽմբագրել

  • Olympias from Livius on ancient history by Jona Lendering