Քենեթ Ջորջ Աստոն (անգլ.՝ Kenneth George Aston, սեպտեմբերի 1, 1915(1915-09-01)[3], Կոլչեստր, Միացյալ Թագավորություն[4][5] - հոկտեմբերի 23, 2001(2001-10-23)[3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլային մրցավար, որը առավել հայտնի է նրանով, որ առաջարկել է օգտագործել դեղին և կարմիր քարտերը։

Քեն Աստոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ֆուտբոլային մրցավար և ուսուցիչ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն[1][2]
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 1, 1915(1915-09-01)[3]
Ծննդավայր՝Կոլչեստր, Միացյալ Թագավորություն[4][5]
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 23, 2001(2001-10-23)[3] (86 տարեկան)
Մահվան վայր՝Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Կենսագրություն խմբագրել

Քեն Աստոնը ծնվել է 1915 թվականի սեպտեմբերի 1-ին Կոլչեստրում։ Քեն Աստոնը սովորել է Իլֆորդի միջնակարգ դպրոցում, ապա Էսեքսի Սենտ Լեյքս քոլեջում։ 1935 թվականին ուսուցիչ է դարձել Նյուբերիի դպրոցում։ Բացի ուսուցչական պարտականությունները կատարելուց, մարզել է ֆուտբոլի դպրոցական թիմը[6]։

1936 թվականին Աստոնը ստացել է ֆուտբոլային մրցավարի որակավորում և մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը աշխատել է կրտսեր լիգաներում։ Պատերազմի սկսվելուց հետո նա ոչ պիտանի է ճանաչվել ՌՕՈՒ-ի համար, այդ պատճառով ծառայության է անցել Բրիտանական թագավորական հրետանային գնդում։ 1944 թվականին Աստոնը տեղափոխվել է Բրիտանական հնդկական բանակ, հասել է փոխգնդապետի աստիճանի, ներառվել ռազմական տրիբունալի կազմում[6]։

Հետպատերազմյան տարիներին Աստոնը կրկին դատում էր ֆուտբոլային խաղերը, եղել է առաջինը անգլիացի մրցավարներից, որն սկսել է կրել սև համազգեստ, որը շուտով դարձել է ստանդարտ ֆուտբոլային մրցավարների համար։ Մեկ տարի անց նա առաջարկել է մրցավարի օգնականներին օգտագործել վառ դեղին դրոշներ տանտերերի թիմի գույներով նախկին վիմպելների փոխարեն[7]։

1949-1950 թվականների մրցաշրջանում Աստոնը դարձել է մրցավարի օգնական Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի խաղերում, 1953 թվականին դարձել է մրցավար։ 1960 թվականին նա վարել է Միջմայրցամաքային գավաթի խաղերից մեկը իսպանական «Ռեալի» և Ուրուգվայի «Պենյարոլի» միջև։ 1962 թվականին Աստոնը դատել է աշխարհի առաջնության հանդիպումը մրցաշարի տերերի՝ Չիլիի հավաքականի և Իտալիայի հավաքականի միջև, որը մամուլը անվանել է «Մարտ Սանտյագոյում»։ Երկու թիմերի խաղացողներն էլ իրենց շատ կոպիտ էին պահում, կռիվներ էին սարքում, որոնք ստիպված էին ցրել ոստիկանները, երկու իտալացիների Աստոնը հեռացրել է խաղադաշտից։ Մրցավարի հիշողությունների համաձայն՝ տեղի ունեցածը քիչ էր հիշեցնում ֆուտբոլային խաղը և ավելի շատ նման էր պատերազմի[8]։

1963 թվականին Աստոնը վարել է Անգլիայի Գավաթի եզրափակիչը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթել է «Լեսթեր Սիթիին»։ 1966 թվականին նա ընդգրկվել է ՖԻՖԱ-ի Մրցավարական կոմիտեում, գլխավորել է այն 1970-1972 թվականներին, պատասխանատու է եղել 1966, 1970 և 1974 թվականների աշխարհի առաջնություններում մրցավարների աշխատանքի համար։ Անգլիայի և Արգենտինայի հավաքականների միջև 1966 թվականի աշխարհի առաջնության խաղում գերմանացի մրցավար Ռուդոլֆ Քրայթլայնը խաղադաշտից հեռացրել է արգենտինացի Ռատինին, որը հրաժարվել է անմիջապես լքել խաղադաշտը և, չնայած լեզվական պատնեշին, փորձել է մրցավարից պարզել հեռացման պատճառը։ Մտածելով դրա մասին՝ Աստոնը շուտով առաջարկել է օգտագործել դեղին և կարմիր քարտերը որպես միանշանակ հասկանալի ազդակներ, որոնք նշանակում են խաղացողի զգուշացումը և հեռացումը խաղադաշտից[7]։

Արդեն 1970 թվականի աշխարհի առաջնությունում սկսել են օգտագործվել դեղին և կարմիր քարտեր։ Պրակտիկան տարածվել է նաև այլ մարզաձևերի վրա։ Աստոնի առաջարկած մյուս նորարարությունները եղել են ռեզերվային մրցավարի առկայությունը, որը կարող էր փոխարինել հիմնական մրցավարին, ինչպես նաև ցուցանակների առկայությունը, որոնց վրայի թվերով հստակ նշվել է, թե որ խաղացողներն են փոխարինվում խաղի ժամանակ։ Դրանից բացի, Աստոնն առաջարկել է ոչ ոքի խաղերի արդյունքը որոշել լրացուցիչ ժամանակից հետո այն թիմի օգտին, որի խաղացողները կատարել են քիչ խախտումներ և ստացել ավելի քիչ քարտեր։ Այդ առաջարկը մերժվել է հետխաղային տասնմեկ մետրանոց հարվածների օգտին[7]։

Աստոնը նաև կարդացել է դասախոսություններ անգլիացի մրցավարների համար և աշխատել որպես ավագ հրահանգիչ Ամերիկյան երիտասարդական ֆուտբոլային կազմակերպությունում։ 1994 թվականին նա որպես փորձագետ հրավիրվել է Ջոն Օ'Նիլի՝ Ջոն Ֆաշանի դեմ դատական գործի լսմանը։ Դրանից յոթ տարի առաջ ֆուտբոլային խաղի ժամանակ Ֆաշանը Օ'Նիլին հասցրել էր շատ լուրջ վնասվածք, որը Աստոնը բնութագրել է որպես «Ամենադաժան և վտանգավոր խաղականոնների խախտումը խաղում»։ 1997 թվականին Քեն Աստոնը դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի անդամ[7]։

Քեն Աստոնը մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին կյանքի 87-րդ տարում։ Նա ուներ կին՝ Հիլդան և որդի[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.talkfootball.co.uk/guides/football_rules_yellow_cards.html
  2. http://connection.ebscohost.com/c/articles/31887834/types-errors-by-referees-perception-injustice-by-soccer-players-preliminary-study
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/1360804/Ken-Aston.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.ussoccer.com/news/referee-programs/2001/10/ken-aston-soccer-referee-who-originated-red-card-dies-at-86.aspx
  6. 6,0 6,1 6,2 Glanville, Brian. (2001 թ․ հոկտեմբերի 30). «Obituary: Ken Aston» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Ken Aston» (անգլերեն). The Telegraph. 2001 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  8. «Ken Aston – the inventor of yellow and red cards» (անգլերեն). FIFA.com. 2002 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.