Քարտեզագրությունը Հայաստանում

Պատմություն խմբագրել

Առաջին քարտեզները խմբագրել

Հայ քարտեզագրությունն անցել է զարգացման երկարատև ուղի։ Հայաստանի տարածքում պահպանվել են հազարամյակներ առաջ պատրաստված որմնանկարային քարտեզագրության պատկերներ։

Ըստ գրավոր հիշատակությունների՝ հայերեն առաջին քարտեզներն ստեղծվել են առաջին ձեռագրերի հետ՝ հիմք ունենալով հունական և հռոմեական քարտեզները։

Միջնադարյան Հայաստանում լայն ճանաչում ստացած «Աշխարհացոյցը» եղել է քարտեզների ժողովրդական, որից մեգ հասել է միայն քարտեզները նկարագրող տեքստը։ Մատենադարանում պահպանվող 13-14-րդ դդ-ի շրջանաձև ձեռագիր քարտեզը կազմված է միջնադարում տարածված եկեղեցական քարտեզների հիմքի վրա։ Այն պատկերում է Եվրոպան Չինաստանին կապող առևտրական ճանապարհները և դրանց մերձակա քաղաքները։

 
Համատարած Աշխարհացույց

Եվրոպական քարտեզագրության մակարդակով (աշխարհագրական աստիճանացանցով) հայերեն առաջին տպագիր քարտեզը «Համատարած աշխարհացոյցն» է (Ամստերդամ,1695, Վանանդեցիներ)։ Հայաստանն ու Մերձավոր Արևելքն ընդգրկող քարտեզներ են հրատարակվել Մխիթարյան միաբանության կենտրոններում (Վենետիկ, Վիեննա19-րդ դ-ի կեսերին կազմվել ու հրատարակվել են նաև մեծածավալ (սեղանի) և փոքրածավալ (գրպանի) աշխարհագրական ատլասներ։ Առավել աչքի է ընկել «Ատլաս Աշխարհացոյց պատկերաց, ըստ արքունի աշխարհագրաց Գաղղիոյ, Անգղիոյ, Գերմանիոյ եւ Ռուսաց» (Վենետիկ, 1849) ատլասը՝ բաղկացած տեքստից (46 մեծադիր էջ) և Փարիզում փորագրված 10 տախտակ-քարտեզներից (յուրաքանչյուրը՝ 2 էջի վրա՝ 60 X 90 սմ)։ Առաջին հայերեն գլոբուսները նույնպես պատրաստել են Մխիթարյանները։ Ա. Այտընյանի հեղինակությամբ կազմվել է «Նոր երկրագունդ» 60 սմ տրամագծով գլոբուսը (Վիեննա, 1850

Նոր քարտեզներ խմբագրել

Հետագա տարիներին կազմվել և տպագրվել են նոր ատլասներ, մասնավորապես՝ «Աշխարհացոյց տախտակները»՝ բաղկացած 21 քարտեզից (Վիեննա, 1860), «Համատարած աշխարհագրութիւնը» (12 քարտեզ, Վենետիկ-Փարիզ, 1862), «Դպրոցական աշխարհագրական ատլասը» (Թիֆլիս, 1906

 
Արևելյան միջերկրածովային երկրները — Հեռավոր Արևելքի հարավարևելյան Բալկանների հետ, 1263 թվականին։

Արևելյան Հայաստանում քարտեզագրության զարգացմանը նպաստել են 19-րդ դարի կեսերին Հարավային Կովկասում ռուսական զինվորականության գեոդեզության ու քարտեզագրության աշխատանքները։ Դրանց հիմքի վրա կազմվել և հրատարակվել են Հարավային Կովկասի և Հայաստանի մի շարք տեղագրային ու ակնարկային հայատառ քարտեզներ (Ա. Խուդաբաշյան, Ք. Պատկանով և ուրիշներ)։

Խորհրդային Միությունում քարտեզագրության աշխատանքները կենտրոնացել են հատուկ գերատեսչությունում՝ ԽՍՀՄ Կառավարությանն առընթեր Գեոդեզայի ու քարտեզագրության գլխավոր վարչությունում (ԳՔԳՎ)։

Հայկական ԽՍՀ-ում սկզբնական շրջանում հանրակրթական նպատակներով պատրաստվել են փոքրամասշտաբ քարտեզներ և ատլասներ։ Այդպիսին էր նաև 1928-ին Թիֆլիսում տպագրված Հ. Էլիբեկյանի դպրոց, հայերեն ատլասը, որը մի քանի անգամ վերահրատարակվել է (1929, 1932, 1934)։ Իրենց բնույթով դպրոցական էին նաև 1930-ական թթ-ի վերջերից մինչև 60-ական թթ-ի սկիզբը լույս տեսած շուրջ մեկ տասնյակ ատլասները, որոնք հիմնականում խորհրդային դպրոց, ծրագրերի հիման վրա ստեղծված ռուսերեն ատլասների հայերեն թարգմանություններ էին։

Քարտեզագրության տեխնիկայի մակարդակով և պարունակած հարուստ տեղեկատվությամբ արժեքավոր են 1932-ին Լենինգրադում (այժմ՝ Ս. Պետերբուրգ) հրատարակված 1։200 000 մասշտաբի «Խորհրդային Հայաստանի քարտեզը» (Խ. Ավդալբեկյան) և 1938-ին Թբիլիսիում հրատարակված 1։300000 մասշտաբի «Հայկական ԽՍՀ ֆիզիկական քարտեզը»։ 1930-ական թթ-ի կեսից ԽՍՀՄ-ում գրաքննության խստացման հետևանքով կրճատվել է քարտեզագրական աշխատանքների ծավալը և փոքրացվել քարտեզների տեղեկատվության տարողությունը։

Քարտեզագրության տարածումն ու զարգացումը խմբագրել

1950-ական թթ-ի վերջին ԽՍՀՄ գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության նախաձեռնությամբ սկսվել են միութենական հանրապետությունների և մարզերի ու երկրամասերի համալիր տարածաշրջանների աշխարհագրական ատլասների ստեղծման աշխատանքները։ Դրանց հիմքում դրվել են Միջազգային աշխարհագրական միության ազգային ատլասների հանձնաժողովի մշակած տիպային ծրագիրն ու հանձնարարականները։

ՀԽՍՀ համալիր ատլասի մշակման աշխատանքները կենտրոնացվել են ԳԱ-ում, որտեղ այդ նպատակով Երկրաբանության ինստիտուտում բացվել է աշխարհագրության բաժին։ Ատլասի կազմման հեղինակային խմբի աշխատանքներն ավարտվել են 1958-60-ին, իսկ քարտեզների հրատարակչական բնօրինակների կազմումը, ձևավորումն ու տպագրությունն իրականացվել են ԳՔԳՎ Մինսկի քարտեզագրական ֆաբրիկայում 1961-ին (գլխավոր գիտական խմբ.՝ Ա. Բ. Բաղդասարյան)։ Ատլասը տպագրվել է հայերեն և ռուսերեն՝ 25 հազար տպաքանակով (20 հազար՝ հայերեն և 5 հազար՝ ռուսական) և բաղկացած է 34 x 35 սմ չափի 115 էջում տեղադրված տարբեր մասշտաբների (1։1 000 000, 1։1 500 000, 1։2 000 000, 1։3 000 000, 1։4 000 000) շուրջ 150 բազմագույն քարտեզներից, որոնք խմբավորված են 5 հիմն, բաժիններում՝ Ներածական, Բնական պայմանների, Բնակչության, Տնտեսության և Պատմության։

 
Խորհրդային Հայաստան

Խորհրդային Հայաստանը քարտեզագրության սեփական արտադրություն չուներ (այստեղ կազմված քարտեզները ձևավորվում ու տպագրվում էին ԽՍՀՄ ԳՔԳՎ համակարգի քարտեզագրության ֆաբրիկաներում)։ ՀԽՍՀ հիշյալ ատլասն իր բովանդակությամբ և մեթոդաբանական ու մեթոդական մոտեցումներով օրինակ է ծառայել այլ հանրապետությունների՝ ավելի ուշ հրատարակած նմանատիպ համալիր ատլասների համար։

ՀԽՍՀ գիտական ու գիտաուսումնական հիմնարկների, ԽՍՀՄ ԳՔԳՎ համապատասխան ստորաբաժանումների և քարտեզագրության ֆաբրիկաների համագործակցության արդյունքում ստեղծվել են «Հայկական ԽՍՀ աշխարհագրական դպրոցական ատլասը» (Երևան-Մոսկվա, հայերեն, ռուսերեն, 1976, գլխավոր խմբ.՝ Ա. Բաղդասարյան) և «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության ատլասը» (Երևան-Մոսկվա, ռուսական, 1984, խմբագրության խորհրդի նախագահ՝ Հ. Թարջումանյան, գլխավոր խմբ.՝ Լ. Վալեսյան)։ Վերջինիս նախագիծը և թեմատիկ քարտեզները ՀԽՍՀ գյուղնախարարության պատվերով մշակել են ՀՊՄԻ-ի ֆիզիկական աշխարհագրության և տնտեսական աշխարհագրության ամբիոնները։ Այն բաղկացած է 6 բաժնից (Աշխարհագրական դիրքը և ընդհանուր բնութագիրը, Բնական պայմաններն ու ռեսուրսները, Գյուղատնտեսության զարգացման սոցիալ-տնտեսական պայմանները, Գյուղատնտեսության վարման գիտատեխնիկական ու տնտեսական մակարդակը, Գյուղատնտեսության ճյուղերը, Գյուղատնտեսության տարածքային կառուցվածքն ու կազմակերպումը), որոնք միավորում են 40 x 29 սմ չափի 190 էջ (346 քարտեզ՝ ընդարձակ բացատրական տեքստերով)։

ԳԱ-ի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխարհագրության բաժնում մշակվել են «Հայկական ՍՍՀ բնական պայմանների ու ռեսուրսների ատլասի» պրակները (գլխավոր խմբ.՝ Ա. Բաղդասարյան)։ Սև-սպիտակ տարբերակով ռուս, լույս են տեսել «Կլիմա» (1975,1։600 000 մասշտաբի 179 քարտեզ) և «Ջրաբանություն» (1990, 1։600 000 մասշտաբի 68 քարտեզ) պրակները։

1986-ին հանրապետության Ագրոարտադրության պետական կոմիտեի Հայհողպետնախագիծ ինստիտուտի, Խարկովի պետական համալսարանի և ԽՍՀՄ ԳՔԳՎ-ի ինժեներագեոդեզական հետազոտությունների և հանույթի հայկական պետական ինստիտուտի համագործակցության արդյունքում հրատարակվել է «Հայկական ԽՍՀ հողային կադաստրի ատլասը» (ռուսական, Մոսկվա-Խարկով-Երևան, խմբագրության խորհրդի նախագահ՝ Ռ. Զաքոյան)՝ բաղկացած 1։750000, 1։50000 և 1։10000 մասշտաբի 64 գունավոր քարտեզներից։ Այն միության հանրապետության հողային կադաստրի հիմնական բովանդակության համալիր քարտեզագրության բացահայտման առաջին փորձն էր։ Ատլասը պարունակում է հանրապետության հողային պաշաղների տեղաբաշխման, կառուցվածքի, որակական հատկանիշների գնահատման և օգտագործման մասին բազմաբնույթ տվյալներ և նախատեսված էր հանրապետության ղեկավար աշխատողների, պլանավորող ու նախագծային հիմնարկների մասնագետների և գիտական աշխատողների համար։

Հատուկ օգտագործման համար հրատարակվել են խոշորամասշտաբ թեմատիկ քարտեզներ (բնակչության, երկրաբանական, երկրաձևաբանական, լանդշաֆտային, հողերի, բուսական և կենդանական աշխարհների և այլն)։

1960-80-ական թթ-ին ստեղծվել են Հայկական լեռնաշխարհի պատմական անցյալին վերաբերող քարտեզներ (Մ. Երեմյան, Թ. Հակոբյան, Բաբկեն Հարությունյան)։ Քարտեզագությունը զարգացել է նաև Սփյուռքում, ֆրանսահայ Ձ. Խանզատյանը կազմել և 1920-ին հրատարակել է 25 քարտեզից բաղկացած «Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնութեան ատլասը», 1920-32-ին՝ Թուրքիայի, Ալժիրի, Պաղեստինի, Մարոկկոյի տնտեսաաշխարհագրական ատլասները, 1960-ին՝ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասը»։

Քարտեզագրությունը Հայաստանի անկախացումից հետո խմբագրել

Անկախացումից հետո Հայաստանում քարտեզագրության աշխատանքները վերսկսվել են 1990-ական թթ-ի 2-րդ կեսին։ 1998-ին լույս է տեսել Ա. Հայրիյանի «Հայաստանի բժշկաէկոլոգիական ատլասը» (ռուսական)՝ բաղկացած ընդարձակ տեքստից և 106 քարտեզ-սխեմայից։ «Մակմիլան Արմենիա» ձեռնարկության նախաձեռնությամբ կազմվել և տպագրվել են «Աշխարհը և Հայաստանը» (2003, պատասխանատու խմբ.՝ Լ. Վալեսյան) և «Հայաստանի պատմություն» (Ա մաս, 2004, հեղափոխական՝ Բ. Հարությունյան) ատլասները։

 
Հայաստանի քարտեզ

Երկրում քարտեզագրության գիտական և արտադրական սեփական կենտրոնների ստեղծման նպատակով ստեղծվել են Հայաստանի Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության («Գեոքարտ») կենտրոնի» թեմատիկ քարտեզագրության բաժինն ու ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ատլասային քարտեզագրության ԳՀ լաբորատորիան։

Քարտեզագրության բնագավառում նշանակալի իրադարձություն էր «Հայաստանի ազգային ատլասի» կազմումը և հրատարակումը (հ. 1-2, 2007-08), որն իրականացրել է «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնը»։ ազգային ատլասի Ա հատորը (նախագահ, ատլասի գլխավոր խմբ.՝ Մանուկ Վարդանյան, պատասխանատու խմբ.՝ ՚421 Լ. Վալեսյան) ամփոփում է 250 քարտեզ և ընդարձակ տեքստեր՝ միավորված 5 հիմն, բաժիններում՝ Ընդհանուր ակնարկ, Բնություն, Բնակչություն, Տնտեսություն և ՀՀ վարչատարածքային միավորներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Բ հատորը (պատասխանատու խմբ.՝ Բ. Հարությունյան) նվիրված է հայոց պատմությանը, հայ մշակույթին և Սփյուռքին։ «Հայաստանի ազգային ատլասի» քարտեզները (1։300000, 1։750000,1։1000000 և 1։1500000 մասշտաբի) ուղեկցվում են գիտական նկարագրություններով, բացատրական տեքստերով, տիեզերքից լուսանկարած պատկերներով, գծապատկերներով ու լուսանկարներով։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։