Փոքրասիական գետնասկյուռ

Փոքրասիական գետնասկյուռ
Փոքրասիական գետնասկյուռ
Փոքրասիական գետնասկյուռ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Կրծողներ (Rodentia)
Ընտանիք Սկյուռանմաններ (Sciuridae)
Ենթաընտանիք Xerinae
Տրիբա Marmotini
Ցեղ Գետնասկյուռներ (Spermophilus)
Տեսակ Փոքրասիական գետնասկյուռ (S. xanthoprymnus)
Միջազգային անվանում
Spermophilus xanthoprymnus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Փոքրասիական գետնասկյուռ (լատին․՝ Spermophilus xanthoprymnus), սկյուռանմանների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Թուրքիայում` Կենտրոնական և Արևելյան Անատոլիայում։ Հանդիպում է նաև Հայաստանում։ Բնակեցնում է հիմնականում Հայաստանի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջանները, Արագածոտնի, Շիրակի և Լոռվա հարավարևմտյան անտառազուրկ տարածքները[1]։

Էկոլոգիա խմբագրել

Բնակեցնում է նախալեռնային կիսաանապատի վերին մասերը, լեռնային տափաստանը, մարգագետնային տափաստանը և երբեմն նաև ենթալպյան գոտու ստորին մասը՝ ծովի մակարդակից 1100–2400 մ բարձրություններում։ Հանդիպում է նաև Փամբակի հովտում և Շիրակի հարթավայրում` դաշտերի ու բանջարանոցների եզրերի մոտ, երբեմն` լքված գյուղերի փլատակներում։

Հիմնականում բուսակեր է, ձմեռման անցնելուց առաջ սնվում է, խիստ ճարպակալում և պահեստում վայրի ու մեծ քանակությամբ հացազգիների սերմեր։ Արեալի տարբեր մասերում ձմեռման տևողությունը կազմում է 6,5-8,5 ամիս, ձմեռումից դուրս է գալիս մարտի սկզբից մինչև ապրիլի վերջը։ Գետնասկյուռի բները լինում են երկու տեսակ` պաշտպանական և բազմացման և գտնվում է մոտ 1,5 մ խորության վրա։ Ցերեկային ժամերին ակտիվ են։ Ձմեռումից դուրս գալուց 5-7 օր հետո սկսվում է զուգավորման ակտիվությունը, որը տևում 10-15 օր։ Ապրիլ-մայիս ամիսներին ծնվում են ձագերը, որոնք 4-6 հատ են[1]։

Պահպանություն խմբագրել

Նեղ արեալային խիստ մասնատված արեալով տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Արեալի սահմաններում ձմեռող բավականին կայուն թվաքանակով տեսակ է։ Միջին թվաքանակն արեալի տարբեր մասերում կազմում է 0,5-19,2 առանձնյակ 1 հեկտարի վրա։ Հայաստանում արեալի մակերեսը կազմում է 350 հազար հեկտար։ Տարածման մակերեսը չի գերազանցում 15-25 հազար հեկտարը, քանի որ բնակեցման վայրերն կրում են մոզայիկ բնույթ և խիստ մասնատված են։

Վտանգման հիմնական գործոնն է գյուղատնտեսական նպատակներով տարածքների յուրացումը։ Արեալի հարավային և կենտրոնական մասերում խոշոր բնակեցման վայրերը կամ լիովին ոչնչացել են, կամ էլ լքվել գետնասկյուռի կողմից։

Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրասիական գետնասկյուռ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրասիական գետնասկյուռ» հոդվածին։