Փառքի բլուր (Յալթա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փառքի բլուր (այլ կիրառումներ)
«Փառքի բլուր» (ռուս.՝ Холм Славы), հուշահամալիր Ղրիմի Յալթա քաղաքում, որը կառուցվել է Ռուսաստանի քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների ժամանակ ընկած հերոսների պատվին։ Հավերժական կրակը վառվել է 1967 թվականի նոյեմբերի 6-ին Սևաստոպոլի Մալախով կուրգանի Հավերժական կրակի բոցից[1]։
Փառքի բլուր | |
---|---|
Փառքի բլուրը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1967 |
Երկիր | Ռուսաստան և Ուկրաինա |
Բնակավայր | Յալթա |
Շինության ձև | հուշահամալիր |
Ներկա վիճակ | Կանգուն |
Memorial to the heroes of the Civil War and the World War II in Yalta Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելԴարսան բլրի մոտ, որտեղ «Յալթա - Գորկա» ճոպանուղով կարելի է հասնել Յալթայի առափնյա փողոցից, վեր է խոյանում Փառքի բլուրը, որի գագաթին 1967 թվականին, Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի առթիվ, ստեղծվել է հուշահամալիր։ Այն անմահացրել է քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների այն հերոսների խիզախությունը, որոնց անուններն անքակտելիորեն կապված են Յալթայի պատմության հետ։ Հուշահամալիրը երկաթբետոնե մեծ օղակ է, որը երեսպատված է ինկերմանյան քարով։ Օղակի ներքին կողմում փորագրված են խորհրդային բանակի զինվորների, Սևծովյան նավատորմի նավաստիների, պարտիզանների և ընդհատակյա գործիչների ռելիեֆային պատկերները։ Կենտրոնում վառվում է Հավերժական կրակը։ Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետներ Վ. Ա. Պետերբուրժցևը, Ա. Վ. Ստեպանովը, Ա. Ա. Պոպովը[1]։
1973 թվականին բլրի գագաթին տանող աստիճանների հիմքի մոտ տեղադրվել է գրանիտով երեսպատված ստելա, որը դարձել է հուշահամալիրի բաղկացուցիչ մասը (հեղինակն է Պ. Ա. Ստարիկովը)։ Ստելայի վրա փորագրված են այն մարդկանց անունները, որոնք քաղաքացիական պատերազմի ընթացքում պայքարել են Ղրիմում խորհրդային իշխանության հաստատման համար և մարտերում պաշտպանել են հեղափոխության ձեռքբերումները։ Նրանցից են Դ. Ի. Ուլյանովը, Մ. Վ. Ֆրունզեն, Վ. Կ. Բլյուխերը, 1917 թվականին Յալթայի բոլշևիկյան կազմակերպության ղեկավար Յ. Տարվացկին, հեղինակավոր բոլշևիկ, 1918 թվականին Գուրզուֆի հեղափոխական կոմիտեի առաջին նախագահ Ի. Ի. Պոդվոյսկին։ Այստեղ հավերժացված են 1920 թվականին սպիտակգվարդիականների կողմից տանջամահ արված ընդհատակյա գործիչներ Յ. Ա. Դրաժինսկու և Յ. Օ. Բրոնշտեյնի, 1919 թվականին Յալթայի հեղափոխական կոմիտեն գլխավորած քաղտաժանակիր Ն. Մ. Սոսնովսկու և ՌԿԿ(բ) Յալթայի ընդհատակյա կոմիտեի նախագահ, 1919-1920 թվականներին գործած պարտիզանական ջոկատի կազմակերպիչ Պ. Մ. Օսլովսկու անունները[1]։
Հուշահամալիրի օղակի ներսի կողմում, ռելիեֆային պատկերների կողքին, փորագրված են «Խորհրդային բանակի մարտիկներին», «Սևծովային նավաստիներին», «Պարտիզաններին և ընդհատակյա գործիչներին» գրությունները, որոնք հիշեցնում են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հաստատակամությունը և քաջությունը[1]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Холм Славы». Վերցված է 2019 Հունվար 24-ին.