Ցախակեռաս թաթարական

բույսերի տեսակ
Ցախակեռաս թաթարական
Ցախակեռաս թաթարական
Ցախակեռաս թաթարական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ցախակեռաս (Lonicera)
Տեսակ Ցախակեռաս թաթարական (L. tatarica)
Միջազգային անվանում
Lonicera tatarica

Ցախակեռաս թաթարական (լատին․՝ Lonicera tatarica), ցախակեռասազգիներ ընտանիքի, ցախակեռասների ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է՝ 1-4 (երբեմն՝ 6) մ բարձրությամբ, սնամեջ ճյուղերով, որոնք ծածկված են շերտերով անջատվող մոխրագույն կեղևով։ Երիտասարդ ընձյուղները մերկ են, մոխրագորշավուն կամ դեղնագորշավուն, ծածկված մանր, սևավուն ոսպնյակներով։ Բողբոջները ձվաձև-կոնաձև են։ Տերևները ձվաձև են, կամ ձվաձև-նշտարաձև, սրածայր, հազվադեպ՝ բութ գագաթով, կլորավուն կամ թեթևակի սրտաձև հիմքով, 3-6 սմ երկարությամբ և 1,5-3 սմ լայնությամբ, կարճ կոթունավոր, վերևի կողմից՝ մուգ կանաչ, ներքևի կողմից՝ բաց կանաչավունից մինչև կապտավուն, երկու կողմից էլ մերկ։ Ծաղիկները ծոցային են, զույգերով, երկշուրթ, մուգ վարդագույնից մինչև սպիտակավուն, ուղղաձիգ, մերկ ծաղկակիրներով, որը միշտ տերևակոթունից երկար է (1,5-2 սմ)։ Բաժակը մերկ է, 5 երկարավուն, սուր ատամիկներով։ Սերմնարանը ազատ է կամ հիմքում սերտաճած, կլորավուն կամ լայն երկարավուն, հիմքում ազատ ծաղկակիցներով։ Պտուղները զույգերով են, ազատ կամ մի փոքր սերտաճած, կարմիր, նարնջագույն կամ դեղին, 1-8 սերմերով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-օգոստոսին։ Դեկորատիվ և սակավապահանջ թփատեսակ է։

Էկոլոգիական խումբը՝ XI: Մշակության հավանական շրջանները՝ 1-32[1]:

Տարածվածություն խմբագրել

Տարածված է միջին և ստորին Վոլգայից, հարավային Ուրալից մինչև Բայկալ, հարավում մինչև կենտրոնական-ասիական լեռնային զանգվածների նախալեռները։

Կիրառություն խմբագրել

 
Թաթարական ցախակեռասի ծաղիկներ Հայաստանում

Մեր հանրապետությունում մշակվում է ամենուրեք։ Ամենատարածված դեկորատիվ թփատեսակն է, որը հավասարապես օգտագործվում է ինչպես անտառային, այնպես էլ դեկորատիվ տնկարկներում։ Ցրտադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, բավականին ստվերատար է և շոգադիմացկուն, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Վիրուսային հիվանդությունների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է պարբերաբար հիվանդ թփերը ոչնչացնել։ Ունի մի շարք այլատեսակներ և պարտիզային ձևեր, որոնց մեծ մասը հանդիպում է մեր հանրապետության բուսաբանական այգիներում, դենդրարիներում և այլ տնկարկներում։ Դրանք աչքի են ընկնում լայն տերևներով (մինչև 10 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ), վառ-կարմիր, սպիտակ, դրսի կողմից վարդագույն, ներսի կողմից՝ բաց վարդագույն կամ դրսի կողմից բաց վարդագույն, ներսի կողմից՝ սպիտակ, խոշոր ծաղիկներով, դեղին պտուղներով (ծաղիկները մաքուր սպիտակ), թզուկ թփերով և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 288։