Տփղիսի գրչության կենտրոն

Տփղիսի գրչության կենտրոն, հայ գրչության կենտրոն, որը 10-19-րդ դարերում գործել է Տփղիսում (այժմ՝ Թբիլիսի

Պատմություն խմբագրել

10-րդ դարում Ուխտանես եպիսկոպոսի պատվերով վրացերենից հայերեն թարգմանություն է կատարել Կիրակոս քահանան։ 1073 թվականին Մկրտիչ քահանան ընդօրինակել է Շարակնոց[1]։

13-րդ դարում օտարներից փրկագնվել, նորոգվել ու լրացվել են մի քանի մատյաններ, այդ թվում՝ «Վանենու Աւետարանը» և Վարդան Արևելցու «Պատմության» անավարտ բնագիրը։ 1300 թվականին Ավետարան է պատկերազարդել Զաքարիան (Մատենադարան, ձեռագիր թիվ 5476), իսկ 1304 թվականին մեկ այլ Ավետարան է ընդօրինակել Խաչատուր սարկավագը (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր թիվ 109)։ 1363 թվականին Տփղիսում ընդօրինակված մատյան է ստացել Հովհան Որոտնեցին (Երուսաղեմի մատենադարան, ձեռագիր թիվ 1297)։ 1444 թվականին Ավետարան է նորոգել ու կազմել Կաթողիկե եկեղեցու քահանա Սարգիսը[1]։

Հիշատակվում են նաև Կարապետ Աղթամարցի, Հովհաննես, Դավիթ, Մկրտիչ, Աստվածատուր գրիչները, մանրանկարիչ Մանուելը, որի մատյաններից 4-ը պահվում են Մատենադարանում (ձեռագիր թիվ 5784, 6260, 6806, 7986)[1]։

Տփղիսում գրչության արվեստը նոր վերելք է ապրել 17-րդ դարում։ Մեզ են հասել նորջուղայեցի Մկրտիչ դպիրի և նրա աշակերտներ Միքայելի, Սարգսի, Գրիգորի, Հակոբի ընդօրինակած բազմաթիվ մատյաններ։ 17-րդ դարում ձեռագրեր են ընդօրինակել և ծաղկել նաև Հովհաննես աբեղան, Բարսեղը, Աղամալ Ջուղայեցին, Միքայելը, Սահակ դպիրը և ուրիշներ[1]։

18-րդ դարում հիշվում են Գրիգոր, Մինաս, Դավիթ դպիր, Մելիքսեթ և այլ գրիչներ[1]։

15-18-րդ դարերում Տփղիսում ստեղծված մատյաններից շուրջ 25-ը պահվում են Մատենադարանում։ Տփղիսի գրչության կենտրոնը շարունակել է գործել նաև 19-րդ դարում, թեև Տփղիսում արդեն զարգանում էր հայկական տպագրությունը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 1067. ISBN 978-5-89700-042-5.

Գրականություն խմբագրել

  • ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմող՝ Լ. Խաչիկյան), մաս 1, 2, Երևան, 1955, 1958։
  • Աբրահամյան Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1, Երևան, 1964։
  • Ե-ԺԲ դդ. հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմող՝ Ա. Մաթևոսյան), Երևան, 1988։