Արտաշես Մաթևոսյան (հայագետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Մաթևոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտաշես (Արտուշ) Սիմոնի Մաթևոսյան (մարտի 23, 1922(1922-03-23), Տուֆաշեն, Հայաստան - փետրվարի 3, 2004(2004-02-03)[1], Երևան, Հայաստան), հայագետ, պատմաբան, աղբյուրագետ, ձեռագրագետ, պատմական գիտությունների թեկնածու։

Արտաշես Մաթևոսյան
Ծնվել էմարտի 23, 1922(1922-03-23)
Տուֆաշեն, Հայաստան
Մահացել էփետրվարի 3, 2004(2004-02-03)[1] (81 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան, հայագետ և աղբյուրագետ
Հաստատություն(ներ)Մատենադարան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1951)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Երեխա(ներ)Կարեն Մաթևոսյան

Կենսագրություն խմբագրել

Արուճում դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Վաղարշապատի մանկավարժական ուսումնարանում (1937-1940), ապա զորակոչվել բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1947-1951 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, ապա ասպիրանտուրան։ 1959 թվականից աշխատանքի է ընդունվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ուր աշխատել է մինչև կյանքի վերջը։ Շուրջ 20 տարի աշխատելով ձեռագրատանը, վարել է Մատենադարանի գլխավոր ավանդապահի պաշտոնը և խորությամբ ուսումնասիրելով հայերեն ձեռագրերը, դարձել այդ ոլորտի առավել ճանաչված մասնագետներից մեկը։

Գիտական աշխատանք խմբագրել

1970 թվականին պաշտպանել է դիսերտացիա «Մեծոփավանքի գրչության կենտրոնը» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, այնուհետև ԽՍՀՄ ԲՈՀ-ից ստացել է ձեռագրագետի (կոդիկոլոգ) կոչում։ Կազմել է աշխարհի բոլոր հայերեն ձեռագրերի համահավաք քարտարան (ամփոփում է շուրջ 50 000 քարտ), դրա հիման վրա՝ հայ գրչության կենտրոնների քարտեզ (ցուցադրվում է Մատենադարանի գլխավոր ցուցասրահի մուտքի մոտ)։ Զբաղվել է հայ գրչության կենտրոնների (Մոկաց Սարի Ս. Գևորգ, Մեծոփավանք, Քաջբերունիք, Լիմ, Հաղբատ, Սանահին, Անի, Գլաձոր, Երևան և այլն), հնագույն և հայտնի մատյանների (Լազարյան Ավետարան, Էջմիածնի Ավետարան, Վեհամոր Ավետարան, Վեհափառի Ավետարան, Մողնու Ավետարան, Թարգմանչաց Ավետարան, Հեթումի Ճաշոց և այլն) ուսումնասիրությամբ։ Անդրադարձել է մաշտոցյան գրերի ստեղծման, գծագրական հորինվածքի, գրատեսակների խնդիրներին։ Հայագիտական բացառիկ նորություն էր Կորյունի «Մաշտոցի վարքում» երկու կից թղթերի տեղերի շփոթման հետևանքով առաջացած թյուրիմացության բացահայտումը։ Ա. Մաթևոսյանին հաջողվել է նախ վերականգնել Կորյունի մատյանի նախնական օրինակի մանրակերտը, ապա բացահայտել դեռևս V դարում մատյանի կազմման ժամանակ տեղի ունեցած երկու թղթի սխալ տեղադրումը, որը նաև իմաստային անհամապատասխանություն է առաջացրել։ Այս հայտնագործության շնորհիվ պարզ դարձավ, որ այսպես կոչված Դանիելյան գրերը ոչ մի դեր չեն կատարել հայոց գրի ստեղծման պատմության մեջ։ Գիտական նորություններ էին նաև Ա. Մաթևոսյանի ուսումնասիրություններն Անանիա Շիրակացու «Քննիկոնի» և Մովսես Խորենացու պատմության Չորրորդ գրքի վերաբերյալ։

Հրատարակել է «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ Ե - ԺԲ դդ » ժողովածուների առաջին երկու հատորը՝ V-XII և XIII դարեր, հայերեն հնագույն թղթե ձեռագիրը (981 թ.) երկու ստվար հատորով և այլն։

Դասախոսական աշխատանք խմբագրել

Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում դասավանդել է ձեռագրագիտություն, հնագրություն, հայ դպրոցների պատմություն։ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը 1997 թ. նրան արժանացրել է Հայ Եկեղեցու «Ս. Սահակ և Ս. Մեսրոպ» շքանշանին։

Աշխատություններ խմբագրել

  1. Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն (հեղինակակից՝ Ս. Արևշատյան), Երևան, 1984։
  2. Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դար, կազմեց՝ Ա. Մաթևոսյան, Երևան, 1984։
  3. Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Ե-ԺԲ դար, աշխատասիրությամբ Ա. Մաթևոսյանի, Երևան, 1988։
  4. Կորիւնի Մեսրոպ Մաշտոցի Պատմութեան ձեռագրի մի թղթի տեղափոխութիւն, Վենետիկ 1990։
  5. Կորյուն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, Երևան, 1994։
  6. Մովսես Խորենացու «Հայոց պատմության» Չորրորդ գիրքը, Երևան, 1995։
  7. Մեծոփավանքի գրչության կենտրոնը, Ս. Էջմիածին, 1997։
  8. Հայերեն ձեռագրերի հիշատակարանները միջնադարյան հայ մշակույթի ուսումնասիրության սկզբնաղբյուր, Երևան, 1998։
  9. Մատեան գիտութեան և հաւատոյ Դաւթի քահանայի (առաջաբան, նմանահանություն), Երևան 1995։
  10. Մատեան գիտութեան և հաւատոյ Դաւթի քահանայի (ուսումնասիրություն), Երևան, 1999։
  11. Գրիգոր Ծերենց Խլաթեցի (Հեղինակակից՝ Ս. Մարաբյան), Երևան, 2000։
  12. Վազգեն Վեհափառի Ավետարանը (հեղինակակից՝ Տ. Իզմայլովա), Երևան, 2000։
  13. Էջմիածնի Ավետարանը (հեղինակակից՝ Հայդե և Հելմուտ Բուշհաուզեններ), Վիեննա, 2001։
  14. Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԴ դար, մասն Ա (1301-1325 թթ.), կազմողներ՝ Լ. Խաչիկյան, Ա. Մաթևոսյան, Ա. Ղազարոսյան, Երևան, 2018, 640 էջ։
  15. Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԴ դար, մասն Բ (1326-1350 թթ.), կազմողներ՝ Լ. Խաչիկյան, Ա. Մաթևոսյան, Ա. Ղազարոսյան, Երևան, 2020, 610 էջ։
  16. Աշխատություններ. պատմաբանասիրական և ձեռագրագիտական ուսումնասիրություններ, (կազմող և խմբագիր Կ. Մաթևոսյան), «Մատենադարան» հրատ., Երևան, 2022, 522 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Մաթևոսյան (հայագետ)» հոդվածին։