Տրդատ Սարգսի Պալյան, (1850, Թալաս, Կեսարիայի մոտ - հուլիսի 2, 1923, Աթենք), բանասեր-մատենագետ, բանահավաք, Հայաստանյայց եկեղեցու եպիսկոպոս։

Տրդատ Պալյան
արմտ. հայ.՝ Տրդատ Պալեան
Ծնվել է1850
Մահացել էհուլիսի 2, 1923(1923-07-02)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Մասնագիտությունբանասեր, մատենագետ, բանահավաք և քահանա

Կենսագրություն խմբագրել

Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Զմյուռնիա, սովորել Ներսիսյան նախավարժարանում։ Ավարտելուց հետո անցել է Երուսաղեմ, ընդունել հոգևորական կարգ, օծվել վարդապետ։

  • 1884-1887 թվականներին եղել է տեղի Սուրբ Հակոբյանց վանքի ավագ թարգմանիչը։
  • 1887 թվականին ընտրվել է Կեսարիայի թեմի առաջնորդ։ Կեսարիայի Ս․ Կարապետ վանքում 1888 թ. բացել է Ժառանգավորաց վարժարան, որը գործել է մինչև 1915 թվականը։

Այն դարձել է Կեսարիայի և շրջակայքի հայության կրթական և մշակութային կենտրոնը։ Վարժարանին կից հիմնել է գրադարան-թանգարան, որտեղ հավաքել է հայ հին ձեռագրեր, հնատիպեր, այլ գրականություն, հին իրեր։ Պալյանը շրջել է Փոքր Ասիայի, Կիլիկիայի, Պաղեստինի հայաբնակ վայրերը, գրի առել հայ ժող․ բանահյուսության նմուշներ։

1910 թվականին հրաժարվել է առաջնորդի պաշտոնից, տեղափոխվել նախ Երուսաղեմ, ապա՝ Մաղնիսա (Զմյուռնիայի մոտ)։

1922 թվականի սեպտեմբերյան հալածանքների ու ջարդերի ժամանակ Զմյուռնիայում բռնագրավել են Պալյանի անտիպ գործերը, հին ձեռագրերը, գրականությունը, իրերը։ Գաղթականության հետ փախել է Աթենք։

1900-ական թվականների սկզբներից թղթակցել է «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Բյուզանդիոն», «Լույս», «Բանասեր», «Արևելյան մամուլ», «Բյուրակն» պարբերականներին՝ հրապարակել բանասիրական հոդվածներ, ձեռագրացուցակներ, մատենագիտական ցանկեր, նյութեր հայոց եկեղեցիների մասին և այլն։

Հայտնաբերել է մի շարք հայ հնատիպ գրքեր և հրապարակել դրանց ցուցակները, կարևոր դեր կատարել Հակոբ Մեղապարտի հրատարակությունների ժամանակը որոշելու գործում։ Առանձին գրքերով հրատարակված ուսումնասիրություններից են․ «Սուրբ երկիր» (հտ․ 1, ԿՊ, 1892 թ.), «Ցուցակ հայերեն ձեռագրաց ի Թուրքիա» (հտ․ 1, տետր 1-2, ԿՊ, 1892-1893 թթ.), «Հայ աշուղներ, Զմյուռնիա» (հտ․ 1-2, 1911-1912 թթ.), «Հայ վանօրայք ի Թուրքիա[1]. մասն Ա. Գաղատիոյ, Սեբաստիոյ եւ Տրապիզօնի կուսակալութեան մէջ եղած վանօրայք», Զմիւռնիա, տպ. Քէշիշեանի, 1914 թ., Ը, 200 էջ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նոր հրատարակութիւնը տե՛ս Տրդատ Եպս. Պալեան, Հայ վանօրայք, (հրատարակութեան պատրաստեց՝ Կարինէ Աւետիսեան), Երեւան, հրատ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, 2008։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրդատ Պալյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 86