Տարտու-մոսկովյան նշանագիտության դպրոց

Տարտու-մոսկովյան նշանագիտության դպրոց - գիտական ուղղություն խորհրդային հումանիտար գիտության և նշանագիտության ոլորտում։ Հայտնի է մշակույթի, լեզվի, գրականության հետազոտման մեջ ներդրումով։ Գործել է 1960-1980-ականներին։ Հիմնադիրը և առաջնորդն էր Յուրի Լոտմանը։

«Աշխատություններ նշանային համակարգերի վերաբերյալ» գիտական ամսագրի հատուկ թողարկում

Տարտու-մոսկովյան դպրոցի հետ է կապվում մշակույթի նշանագիտության ուղղության հիմնադրումը։ Դպրոցը մոտ էր կառուցվածքաբանությանը (ստրուկտուրալիզմ) և իր հիմքում ուներ ռուսական գեղարվեստական ձևաստեղծման ուղղությունը։

Դպրոցի ակտիվ անդամներից էին անվանի գիտնականներ Բորիս Ուսպենսկին, Վյաչեսլավ Իվանովը, Վլադիմիր Տոպորովը, Ալեքսանդր Պետիգորսկին և այլք։

Պատմություն

խմբագրել

1962 թ․ Մոսկվայում անցավ Նշանային համակարգերի ուսումնասիրության սիմպոզիումը։ Դրա արդյունքում հրապարակված թեզերի ժողովածուն[1] ոգեշնչեց Տարտուի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բանասեր, մշակութաբան և նշանագետ Յուրի Լոտմանին կապ հաստատել Մոսկվայի գործընկերիների հետ․ նրա և սիմպոզիումի մասնակից-գիտնականների հետաքրքրության շրջանակները և կիրառվող մեթոդները իրարից անկախ բազմաթիվ նմանություններ ունեին։ Դեռ 1960-1961 թթ․ Լոտմանը սկսել էր դասավանդել կառուցվածքային պոետիկա, իսկ 1964-ին նա հրապարակեց «Կառուցվածքային պոետիկայի դասախոսություններ» ժողովածուն[2], որը դարձավ նշանագիտության ամենահին գործող գիտական ամսագրի՝ «Աշխատություններ նշանային համակարգերի վերաբերյալ» («Труды по знаковым системам», այժմ՝ «Sign Systems Studies») առաջին համարը[3]։

Արդեն 1964 թ․ Տարտուից ոչ հեռու գտնվող Կեեռիկու հանգստավայրում Լոտմանի և Տարտուի համալսարանի նրա գործընկերների ջանքերով անցավ առաջին Երկրորդական մոդելավորող համակարգերի ամառային դպրոցը, որին ներկա էին մոսկովյան սիմպոզիումի մասնակից գիտնականներից շատերը։ Կոնֆերանսը դարձավ պարբերական և անցնում է երկու տարին մեկ[4]։

Բորիս Ուսպենսկու վկայությամբ, Տարտու-մոսկովյան դպրոցի հիմքում ընկած էր մի կողմից Յուրի Լոտմանի, Զառա Մինցի և Տարտուի համալսարանի նրանց գործընկերների փորձն ու հետաքրքրությունը կառուցվածքաբանությամբ, գրականագիտությամբ և մշակութաբանությամբ, իսկ մյուս կողմից՝ Մոսկվայի գիտնականների աշխատանքը կատուցվածքային լեզվաբանության ոլորտում[5]։

Խորհրդային միության փլուզումից հետո Տառտու-մոսկովյան դպրոցի ավանդույթները շարունակվում են Տարտուի նշանագիտության դպրոցի կողմից, որը գործում է Տարտուի համալսարանի Նշանագիտության ֆակուլտետի շրջանակներում։ Ներկայացուցիչներն են Կալեվի Կուլը, Պետեր Տորոպը, Միխայիլ Լոտմանը և այլք։

Հայաստանում Տարտու-մոսկովյան դպրոցի ներկայացուցիչների գաղափարակից է լեզվաբան, հրապարակախոս Սուրեն Զոլյանը։ Զոլյանը մասնակցել է Երկրորդական մոդելավորող համակարգերի ամառային դպրոցին, ինչպես նաև տպագրվել է «Աշխատություններ նշանային համակարգերի վերաբերյալ» ամսագրում[6]։

Հիմնական գաղափարներ

խմբագրել

Տարտու-մոսկովյան դպրոցի ներկայացուցիչների վրա մեծ ազդեցություն են ունեցել  երկու հայտնի գիտական միավորումներ․ Մոսկվայի լեզվաբանական խմբակը (Московский лингвистический кружок) և ռուսական գեղարվեստական ձևաստեղծման դպրոցը (ОПОЯЗ)։ Ուղղությունը կրել է կառուցվածքաբանության և Ֆերդինանդ դը Սոսյուրի, ինչպես նաև Պրահայի լեզվաբանական խմբակի ազդեցությունը։ Կիբերնետիկայի ազդեցությունը երևում է հատկապես սկզբնական շրջանում դպրոցի ներկայացուցիչների կողմից տեխնիկական տերմենների լայն կիրառման մեջ։

Սակայն դպրոցի գաղափարները աստիճանաբար հեռացել են այս ազդեցություններից և ձևավորել ինքնուրույն ուղղություն նշանագիտության մեջ։ Այս դպրոցի գիտնականները ոչ միայն գրականագետներ և լեզվաբաններ էին, այլև մաթեմատիկոսներ, պատմաբաններ, մարդաբաններ և այլն։ Նրանք նշանագիտական վերլուծության էին ենթարկում ամենատարբեր երևույթները, և նշանագիտությունն ինքնին ընկալվում էր որպես տարբեր ոլորտները միավորող, «հանգուցային գիտություն»[5]։ Ուղղության հիմնական ներդրումը կատարվել է մշակույթի նշանագիտության ոլորտում։

Ուղղության համար առանցքային են տեքստի, սահմանների, երկակի հակադարձությունների, անհատի և հավաքականի հասկացությունները։

Մշակույթի նշանագիտություն

խմբագրել

Որպես ուսումնասիրության դաշտ մշակույթի նշանագիտությունը հիմնադրվել է Տարտու-մոսկովյան դպրոցի շրջանակներում։ Դրա հիմնական նպատակը տարբեր նշանային համակարգերի ֆունկցիոնալ փոխհարաբերությունները ուսումնասիրելն էր։ Մշակույթը հասկացվում էր որպես մարդու և շրջակա աշխարհի միջև հարաբերությունների համակարգ, որով պայմանավորվում է մարդու վարքը և նրա կողմից իրականության մոդելավորումը[5]։

Չնայած որ դպրոցի գիտնականները շատ ավելի վաղ էին սկսել ուսումնասիրել մշակույթը նշանագիտության տեսանկյունից, ուսումնասիրության դաշտի հիմնադրման տարի կարելի է համարել 1973 թ․, երբ Լոտմանը և մի խումբ այլ հետազոտողներ հրապարակեցին դրա մանիֆեստ դարձած հոդվածը՝ «Թեզեր մշակույթի նշանագիտական ուսումնասիրության վերաբերյալ (կիրառված սլավոնական տեքստերի վրա)»։

«Թեզեր մշակույթի նշանագիտական ուսումնասիրության վերաբերյալ (կիրառված սլավոնական տեքստերի վրա)»

խմբագրել

Հոդվածը բաղկացած է ինը թեզերից, որոնք հեղինակել էին դպրոցի հինգ առաջատար ներկայացուցիչներ՝ Յուրի Լոտմանը, Բորիս Ուսպենսկին, Վյաչեսլավ Իվանովը, Վլադիմիր Տոպորովը, Ալեքսանդր Պետիգորսկին։ «Թեզերը» տպագրվեցին ռուսերեն, ապա շատ արագ նաև անգլերեն, դառնալով Լոտմանի՝ անգլերենով լույս տեսած առաջին աշխատությունը։ Հետագայում հոդվածը թարգմանվել է ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, էստոներեն, պորտուգալերեն, իսպաներեն։

«Թեզերը» միավորում են Տարտու-մոսկովյան դպրոցի գիտնականների մոտեցումները տարբեր մշակույթի տեքստերի հետազոտմանը։ Չնայած որ Լոտմանը մինչ այդ էլ օգտագործում էր «մշակույթի նշանագիտություն» տերմինը (1970-ականների սկզբից), հենց «Թեզերը» հիմք դարձան մշակույթի նշանագիտության՝ որպես ուսումնասիրության ոլորտ ճանաչելի դառնալու համար։

Հոդվածը սահմանում էր մշակույթի նշանագիտությունը և մշակույթը տեքստերի միջոցով վերլուծելու Տարտու-մոսկովյան դպրոցի համար բնորոշ մեթոդը։ Տեքստը դիտարկվում էր որպես լայն հասկացողությունը․ տեքստ կարող էր լինել գիրքը, ֆիլմը, երգը և այլն։ Այսպիսի մոտեցումը թույլ էր տալիս դիտարկել մշակույթը որպես տեքստերից կազմված միացություն կամ տեքստերից բաղկացած հիշողության «շտեմարան»։

Սեմիոսֆերա

խմբագրել

Գաղափարը առաջ է քաշել Յուրի Լոտմանը 1984 թ․ հրապարակված «Սեմիոսֆերայի մասին» հոդվածում։ Հետագայում այն դարձել է մշակույթի նշանագիտության առանցքային հասկացություններից մեկը։

Սեմիոսֆերան հաղորդակցության իրականացման պարտադիր նախապայմանն է, այն տարածությունը, որտեղ գոյություն ունի և գործում է լեզուն։ Սեմիոսֆերայից դուրս հնարավոր չէ իմաստի և նշանակերտման գործընթացը՝ սեմիոզիսը։

Սեմիոսֆերան իրենից ներկայացնում է համակարգային մոտեցում իմաստի և նշանակերտման հարցերին, այսինքն դիտարկում է ոչ միայն առանձին նշանի ստեղծումը և կիրառումը, այլև նշանային տարածությունը իր ամբողջության մեջ։

Հավաքական հիշողություն

խմբագրել

Յուրի Լոտմանի և Բորիս Ուսպենսկու հրապարակած «Մշակույթի նշանագիտական մեխանիզմի մասին» հոդվածում, ինչպես նաև Լոտմանի «Հիշողությունը մշակութաբանական տեսանկյունից» հոդվածում առաջին անգամ առաջ է բերվել «հավաքական հիշողություն» տերմինը։ Մշակույթը այստեղ դիտարկվում էր որպես ոչ ժառանգական, հավաքական հիշողություն։ Այս աշխատանքի վրա հիմնվելով է, որ հետագայում գերմանացի գիտնականներ Ալեյդա և Յան Ասմանները ստեղծել են մշակութային հիշողության իրենց տեսությունը[7]։  

Երկրորդական մոդելավորող համակարգեր

խմբագրել

1960-ականներին նշանագիտություն՝ «սեմիոտիկա» տերմինը ողջունելի չէր խորհրդային իշխանությունների կողմից, քանի որ այն կապվում էր պաշտոնական գաղափարախոսության կողմից դատապարտվող ռուսական գեղարվեստական ձևաստեղծման ավանդույթի հետ։ Յուրի Լոտմանը անհանգիստ էր Էստոնիայում անցկացվելիք նշանագիտության ամառային դպրոցի վերաբերյալ իշխանությունների արձագանքի պատճառով։ Գրաքննությունից և սահմանափակումներից խուսափելու համար Տարտու-մոսկովյան դպրոցի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վլադիմիր Ուսպենսկին, առաջարկեց օգտագործել «երկրորդական մոդելավորող համակարգեր» տերմինը։ Առաջնային մոդելավորող համակարգը բնական լեզուն է (քանի որ մոդելավորում է իրականությունը[5]), իսկ այլ նշանային համակարգերը երկրորդական մոդելավորող համակարգեր են (քանի որ կառուցված են բնական լեզվի հիմքի վրա)։

Բոլորովին ոչ գիտական նախապայմաններից ծնված տերմինը հետագայում առանցքային դարձավ դպրոցի մեթոդաբանության համար։

Հիմնական ներկայացուցիչներ

խմբագրել


  • Յուրի Լոտման
  • Բորիս Ուսպենսկի
  • Վյաչեսլավ Իվանով
  • Վլադիմիր Տոպորով
  • Վլադիմիր Ուսպենսկի
  • Բորիս Օգիբենին
  • Ալեքսանդր Պետիգորսկի
  • Յուրի Լևին
  • Ելենա Պադուչեվա
  • Միխայիլ Գասպարով
  • Տատյանա Չեռնիգովսկայա
  • Ալեքսանդր Սիրկին
  • Ալեքսանդր Ժոլկովսկի
  • Անդրեյ Զալիզնյակ
  • Ելեազար Մելետինսկի
  • Իգոր Չերնով
  • Զառա Մինց
  • Բորիս Գասպարով
  • Բորիս Եգորով
  • Դմիտրի Սեգալ
  • Տատյանա Ցիվյան
  • Յուրի Շչեգլով
  • Իսահակ Ռեվզին

Գրականություն

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Симпозиум по структурному изучению знаковых систем. Тезисы докладов. М., 1962». Институт славяноведения Российской академии наук (ИСл РАН). 2012 թ․ մարտի 20. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  2. «Лотман Ю. Лекции по структуральной поэтике - электронная библиотека литературоведения». www.gumer.info. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  3. «Sign Systems Studies». www.sss.ut.ee. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  4. «Tartu Semiotics Summer School». tsss.ut.ee (էստոներեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Сборник (2018 թ․ դեկտեմբերի 20). Ю.М. Лотман и тартуско-московская семиотическая школа (ռուսերեն). Litres. ISBN 9785041073541.
  6. Zolyan, Suren (2015 թ․ հունիսի 10). «Language and political reality: George Orwell reconsidered». Sign Systems Studies (անգլերեն). 43 (1): 131–149. doi:10.12697/SSS.2015.43.1.06.
  7. HumanitiesUU (2017-02-06), NITMES – Cultural Memory, Վերցված է 2019-06-26-ին