Տարիֆային համակարգ

Տարիֆային համակարգ

Նորմատիվային նյութերի ամբողջությունԽմբագրել

 
բանվորներ

ԽՍՀՄ-ում աշխատավարձի կազմակերպման կարևորագույն տարրերից, նորմատիվային նյութերի ամբողջություն, որի օգնությամբ իրականացվում է տարբեր խմբերի և կատեգորիաների աշխատողների աշխատավարձի մակարդակների շերտավորումն ու կարգավորումը՝ կախված նրանց կատարած աշխատանքի որակավորման մակարդակից, պայմաններից, ծանրությունից, լարվածությունից ու պատասխանատվությունից, ինչպես նաև արդյունաբերության ճյուղերի և ձեռնարկությունների առանձնահատկություններից ու ժողտնտեսական նշանակությունից, դրանց տեղաբաշխվածությունից։ Տարիֆային համակարգի հիմքն են կազմում, բանվորների համար՝ տարիֆաորակավորման տեղեկատուները, տարիֆային ցանցերը, տարիֆային դրույքները, իսկ ղեկավար, ինժեներատեխնիկական աշխատողների և ծառայողների համար՝ պաշտոնեական դրույքների սխեմաները և ծառայողների պաշտոնների որակավորման տեղեկատուն։ Տարիֆային համակարգի մեջ են մտնում նաև աշխատավարձի շըրջանային գործակիցները և Հյուսիսում աշխատանքի համար հավելումները։ Բանվորների տարիֆային դրույքները և ծառայողների պաշտոնեական ռոճիկները հաստատում և փոփոխում է ԽՍՀՄ կառավարությունը՝ համաձայնեցնելով արհեստակցական միությունների կենտրոնական խորհրդի հետ։

Աշխատանքի օրինակներԽմբագրել

Տարիֆաորակավորման տեղեկատուն նորմատիվային փաստաթուղթ է, որտեղ աշխատանքի տեսակները, կախված բարդության աստիճանից, բաժանվում են խմբերի։ Տեղեկատուն ունի մի քանի բաժին։ Ընդհանուր մասում տրվում է, թե որ արտադրության համար է այն նախատեսված, բացատրվում են դրա կառուցվածքն ու կառուցման առանձնահատկությունները։ Ցուրաքանչյուր տարիֆային կարգի համար կազմվում են պրոֆեսիաների որակավորման բնութագրեր։ Դրանք, որպես կանոն, բաղկացած են երեք մասից՝ «Աշխատանքի բնութագիր»․ «Պետք է իմանա» և «Աշխատանքի օրինակներ»։ «Աշխատանքի բնութագիրը» բաժնում տրվում է աշխատանքի համառոտ նկարագրությունը, կատարվող արտադրական պրոցեսի բարդությունը, որոշվում է սարքավորումների, ապարատների, մեխանիզմների կարգավորման և սպասարկման ժամանակ կատարողների ինքնուրույնության աստիճանը։ «Պետք է իմանա» բաժինը պարունակում է բանվորների պրոֆեսիոնալ պատրաստվածության ինչպես հիմնական, այնպես էլ ընդհանուր և մասնագիտական գիտելիքների վերաբերյալ պահանջներ։ «Աշխատանքի օրինակներ» բաժնում թվարկվում են ըստ պրոֆեսիաների և տարակարգերի առավել տիպիկ աշխատանքները։ Արդարադատության ձեռնարկություններում տարիֆաորակավորման տեղեկատուների միշոցով աշխատանքները տարիֆավորում և բանվորներին որակավորման կարգ են շնորհում։ 1983 թվականից արդյունաբերության մեջ գործում է միասնական տարիֆաորակավորման տեղեկատու, որը նախատեսված է ինչպես միջանցիկ պրոֆեսիաների բանվորների, այնպես էլ այն բանվորների համար, որոնց պրոֆեսիաները հատուկ են միայն առանձին ճյուղերի։ Միասնական տեղեկատուն բաղկացած է 160 բաժնից, որոնցից յուրաքանչյուրը պրոֆեսիաների որոշակի խումբ է բնութագրում։

Տարիֆային դրույքներն ու տարիֆային ցանցերըԽմբագրել

Տարիֆային ցանցը տարիֆային կարգերի և տարիֆային գործակիցների ամբողջություն է, որոնք ցույց են տալիս աշխատողների աշխատանքի բարդության, նրանց որակավորման միջև եղած տարբերությունները, և, դրանց հիման վրա, իրականացվում է աշխատավարձի շերտավորումը։ Արդյունաբերության ճյուղերի մեծ մասում առավել տարածված են 6 կարգանի տարիֆային ցանցերը։ Տարիֆային դրույքները ցույց են տալիս միավոր ժամանակում (ժամ, օր, ամիս) կատարված պարզ աշխատանքի (առաջին կարգի) վարձատրման բացարձակ չափերը։ Կառավարության կողմից հաստատվելուց հետո դըրանք դառնում են բանվորների վարձատրությունը նրանց որակավորման աստիճանին համապատասխան շերտավորելու հիմք։ Շերտավորումը կախված է արտադրության ճյուղի ժողտնտեսական նշանակությունից, տվյալ ճյուղի համար ընդհանուր աշխատանքի պայմաններից և տիրապետող հերթափոխության գրաֆիկներից։ Առավել բարձր տարիֆային դրույքներ են սահմանվում արդյունահանող արդյունաբերության և գիտատեխնիկական առաջընթացը պայմանավորող ճյուղերի համար։ Ձեռնարկություններում տարիֆային դրույքները շերտավորվում են ըստ վարձատրության ձևերի (գործավարձ, ժամանակավարձ) և աշխատանքի պայմանների։ Առաջինը պայմանավորված է գործավարձային բանվորների աշխատանքի առավել արդյունավետությամբ զանազան ճյուղերում այդ տարբերությունները կազմում են 6,1—7,2%։ Ըստ աշխատանքի պայմանների սահմանված են տարիֆային դրույքների 3 խումբ՝ 1․ նորմալ պայմաններում գտնվող արտադրամասերում և տեղամասերում աշխատողների, 2․ տաք, ծանր և վնասակար պայմաններում կատարվող աշխատանքներում զբաղվածների, 3․ առավել ծանր ու վնասակար աշխատանքում զբաղվածների համար։ Առաջին խմբի դրույքներից երկրորդը բարձր է 10-12, իսկ երրորդը՝ 16-24%-ով։ Տարիֆային դրույքներն ու տարիֆային ցանցերը փոխկապված են։ Օրինակ, ցանկացած տարակարգի տարիֆային դրույքը հաշվարկվում է առաջին կարգի տարիֆային դրույքը տվյալ տարակարգի տարիֆային գործակցով բազմապատկելու միջոցով։

Տարիֆային դրույքներԽմբագրել

Աշխատավարձի շրջանային գործակիցների միջոցով փոխհատուցվում են բնակլիմայական տարբեր շրջաններում կյանքի պայմանների տարբերությունները, ստեղծվում նյութական շահագրգռվածություն երկրի հեռավոր, անբարենպաստ բնակլիմայական և չյուրացված շրջաններում աշխատելու համար։ Շրջանային գործակիցները նոր տարիֆային դրույքներ չեն ստեղծում։ Դրանք կիրառվում են ամսական մինչև 300 ռ․ աշխատավարձի նկատմամբ։ Եթե փաստացի աշխատավարձը գերազանցում է 300 ռ․, ապա շրջանային գործակիցները չեն կիրառվում աշխատավարձի այն մասի նկատմամբ, որը գերազանցում է նշված սահմանային գումարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 615