Վուդի Ալլենն ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, գրող, երաժիշտ է[1]։ Ալլենը գրականության և երաժշտության գիտակ ու ջազային կլարնետիստ է։ Իր շատ ֆիլմերում հանդես է գալիս որպես դերասան։
Նա նկարահանել է ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ ֆիլմեր։ Ունի նաև պիեսներ։ Իր ֆիլմերի համար բազմիցս արժանացել է տարբեր մրցանակների, այդ թվում կինոարտադրության մեջ խոշոր ներդրման համար։ Ստեղծագործությունների հիմնական ժանրը կատակերգությունն է։
Վուդի Ալլենը կինեմատոգրաֆի մեջ ստեղծել է մի նոր ժանր, որը ընդունված է անվանել «ինտելլեկտուալ կատակերգություն»։ Այս ժանրը նա ստեղծել է հոգեբանական դրամաներից ու սրամիտ կատակերգություններից, որոնք պարունակում են իրենց մեջ երգիծանքի ու աբսուրդի տարրեր։ Ալլենը շվեդ մեծ ռեժիսոր՝ Ինգմար Բերգմանի արվեստի երկրպագու է, այդ պատճառով էլ նրա ֆիլմերում կարելի է նկատել Բերգմանի ոճը։
Իր ֆիլմերը կինոփառատոններում ներկայացնելիս նա դրանք հիմնականում չի ներառում մրցութային ծրագրում, ինչով բացառում է իր ֆիլմերի մասին ժյուրիների գնահատականը լսելու կամ ինչ-որ մրցանակների արժանանալու հնարավորությունը։
Իր այդ պահվածքը նա մեկնաբանել է 1974 թվականին ABC News ամսագրին տված հարցազրույցի ժամանակ.
Մրցանակների կոնցեպցիան ընդհանրապես հիմարություն է։ Ես չեմ կարող ենթարկվել այլ մարդկանց քննադատություններին, քանի որ եթե ես ուրախանամ ու ընդունեմ այն, որ նրանք գովում են իմ ֆիլմը և ասում, որ այն արժանի է մրցանակի, ես ստիպված կլինեմ լսել ու ընդունել նաև այն, երբ նրանք հայտարարեն, որ ֆիլմն այնքան էլ ստացված չէ[2]։
Նա ներկա չի գտնվում «Օսկար» կինոմրցանակի մրցանակաբաշխության արարողություններին, անգամ եթե իր սեփական ֆիլմերը ներկայացված են եղել ինչ-որ անվանակարգերում։ Բացառություն է կազմում միայն Նյու Յորքի Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո 2002 թվականի Օսկարի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ նա իր ելույթով կոչ է արել ռեժիսորներին շարունակել Նյու Յորքում ֆիլմեր նկարահանել։ Իր այդ ելույթում նա մասնավորապես ասել է.
Ես ստիպված չեմ ներկայացնել ինչ-որ բան։ Ես ստիպված չեմ ընդունել ինչ-որ բան։ Ես պարզապես պարտավոր եմ խոսել Նյու Յորքի մասին[3]։
Հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց ռեժիսորի այս կոչը, որից հետո ցուցադրվեցին փոքրիկ հոլովակների Նյու Յորքի մասին[4]։
Սակայն, անկախ այս ամենից նրա ֆիլմերից շատերն արժանացել են մի շարք մրցանակների տարբեր անվանակարգերում, իսկ ինքը՝ Ալլենը ունի մեծաթիվ մրցանակներ ռեժիսորական կամ դերասանական աշխատանքի կամ հաջողված սցենարների համար։ Իր ֆիլմերից գրեթե բոլորը ներկայացվել են «Օսկար»-ի կամ այլ կինոմրցանակների անվանակարգերում։ Շատ անգամներ մրցանակների արժանացել են դերասաններ, ովքեր խաղացել են Ալլենի ֆիլմերում։
Մի քանի փաստ Վուդի Ալլենի ճանաչման ու մրցանակների մասին.
Արդեն 1960-ական թվականների Ալլենն ամերիկյան կինոէկրանի հայտնի դեմքերից էր։ Դեռ 1969 թվականին նրա լուսանկարը հայտնվել էր Ամերիկայում մեծ հեղինակություն վայելող «Լայֆ» (1969) ամսագրի շապիկին։
1977 թվականին Վուդի Ալլենի «Էննի Հոլլ» ֆիլմը հաղթել է Օսկարի չորս անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն ֆիլմ։
Ընդհանուր առմամբ Ալլենը չորս անգամ արժանացել է Օսկարի «Էննի Հոլլ», «Հաննան ու նրա քույրերը» և «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմերի համար։ Նա 24 անգամ ներկայացվել է Օսկարի անվանակարգերում. 16 անգամ որպես սցենարիստ, 7 անգամ որպես ռեժիսոր և մեկ անգամ որպես դերասան[5]։ Նա ամենաշատ նոմինացիաներ ունեցող սցենարիստն է։
«Կեսգիշերը Փարիզում» ֆիլմին Օսկար շնորհվելուց հետո Վուդի Ալլենը դարձավ պատմության ամենատարիքով օսկար ստացած սցենարիստը (նա 76 տարեկան էր)[6]։
1978 թվականին Ալլեն արժանացավ Օ՛Հենրիի մրցանակի մեկ տարի առաջ «Նյու Յորքեր» ամսագրում հրապարակած «Դեպք Կուգելմասի հետ» պատմության համար։
Բելգիացի հանրահայտ դոկումենտալիստ Անդրե Դելվոն 1980 թվականին նկարահանել է ֆիլմ նվիրված Վուդի Ալլենին՝ «Վուդի Ալլենին. սիրով Եվրոպայից»։
Ալլենին երկու անգամ շնորհվել է «Սեզար» կինոմրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար. սկզբում 1980 թվականին «Մանհեթեն», այնուհետև 1986 թվականին «Կահիրեի ծիրանագույն վարդը» կինոժապավենների համար։ Եվս յոթ կինոնկարներ տարբեր թվականների ներկայացվել են այս անվանակարգում։
Նույն թվականին նա ստացավ ևս մեկ մրցանակ կինեմատոգրաֆիայում իր մեծ ներդրման համար։ Այս անգամ նրան շնորհվեց Կաննի կինոփառատոնի «Արմավենու ճյուղերի արմավենու ճյուղը»։ Մինչև նա այս մրցանակը շնորհվել էր միայն Ինգմար Բերգմանին 1997 թվականին[8]։
2005 թվականին այս կամ այն կերպ կատակերգական ֆիլմերի արտադրության ոլորտում աշխատող պրոֆեսիոնալների քվեարկության արդյունքում Վուդի Ալլենը բոլոր ժամանակների լավագույն կոմիկների ցանկում զբաղեցերց երրորդ հորիզոնականը, զիջելով միայն Փիթեր Կուկին ու Ջոն Կլիզին[9][10]։
2007 թվականի հունիսին Բարսելոնային Պոմպեու Ֆեբրայի անվան համալսարանը Վուդի Ալլենին շնորհեց փիլիսոփայության դոկտոր honoris causa:
2014 թվականին Ոսկե գլոբուս կինոմրցանակաբաշխության 71-րդ փառատոնի ժամանակ Վուդի Ալլենն արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի կինոինդուստրիայում մեծ ներդրման համար[11]։
↑«Deconstructing Woody». Entertainment Weekly. 2003 թ․ փետրվարի 21. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)(անգլ.)