Վիլյամ Լիլլի (անգլ.՝ William Lilly , մայիսի 11, 1602(1602-05-11)[1], Դայսևորթ, Long Whatton and Diseworth, Նորթ Վեստ Լեստերշիր, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա - հունիսի 9, 1681(1681-06-09)[1], Հերշամ, Elmbridge, Սյուրեյ, Անգլիա), անգլիացի հանրահայտ աստղաբաշխ և օկկուլտիստ։

Վիլյամ Լիլլի
անգլ.՝ William Lilly
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1602(1602-05-11)[1]
ԾննդավայրԴայսևորթ, Long Whatton and Diseworth, Նորթ Վեստ Լեստերշիր, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա
Մահացել էհունիսի 9, 1681(1681-06-09)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՀերշամ, Elmbridge, Սյուրեյ, Անգլիա
ՔաղաքացիությունFlag of England.svg Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագուշակ և գրող
William Lilly Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Լեսթերշիրում ֆերմերների ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Էշբիդելազութչի/Ashby-de-la-Zouch/ դպրոցում, ուր դասական անգլերեն քերականությունից բացի, տիրապետել է նաև լատիներենին։ Երիտասարդ Վիլլյամը երազում էր համալսարանում ուսանելու մասին, սակայն իր ընտանիքի ծանր տնտեսական վիճակի պատճառով ստիպված էր ինքնուրույն ապրուստ հայթայթել։ Տասնյոթ տարեկան հասակում նա տեղափոխվում է Լոնդոն և աշխատանքի անցնում մեծահարուստ Ռայթի ընտանիքում, իբրև գործակատար։ 1627 թվականին Հիլբերտ Ռայթի մահվանից հետո, նա ամուսնանում է իր այրու՝ Հելենի հետ, որի մահվանից հետո՝ 1633 թվին, Լիլլիին մնում է որոշակի ժառանգություն, որն իրեն թույլ է տալիս իր ապրուստը զգալիորեն բարելավվել։ Աստղաբաշխությամբ Լիլլին սկսեց հետաքրքրվել 1632 թվին, երբ նա ծանոթանում է Ջոն Էվանսի հետ, որն "իմաստուն այր էր և մոգությամբ էր զբաղվում"։ Էվանսից նա ստացավ իր առաջին աստղաբաշխական գիտելիքները, որից սակայն շուտով հիասթափվում է և շարունակում է արվեստն ուսումնասիրել ինքնուրույն՝ հավաքելով ժամանակի ամենահարուստ աստղաբաշխական դասական ստեղծագործությունների գրադարանը։ 1634 թվականից նա լրջորեն զբաղվում է աստղաբաշխությամբ և օկկուլտիզմի տարբեր ճյուղերով, մասնավորապես՝ թալիսմաններ կազմում, գուշակություններ անում բյուրեղների միջոցով և այլն։ Այս ամենի հետևանքով Լիլլիի առողջական վիճակը կտրուկ վատթարանում է, և 1636 թվին նա այրում է իր բոլոր հմայական գրքերն ու հեռանում Լոնդոնից։ Մշտապես կատարելագործելով իր աստղաբաշխական գիտելիքները՝ Լիլլին բավականին հմտանում է ժամային/խորար/ աստղաբաշխության մեջ և սկսում քաղաքական կանխատեսումներ անել։ 1641 թվականի սեպտեմբերին նա վերադառնում է մայրաքաղաք և անցնուն մասնավոր աստղաբաշխական պրակտիկայի, որը մեծ հարգանք ու պատիվ է բերում նրան Լոնդոնի հասարակության բոլոր խավերի շրջանում։ 1644-ի ապրիլիլից Լիլլին սկսում է հրատարակել իր աստղագուշակ պարբերականը՝ "Մեռլինուս Անգլիկուս Ջունիորը"/Merlinus Anglicus Junior/, որտեղ փայլուն կերպով կանխատեսում է թագավորական զորքերի պարտությունը Նասեբի ճակատամարտում 1645-ի հունիսին։ Այս կանխատեսումը Լիլլին դասեց Անգլիայի առաջատար աստղաբաշխների շարքը, որի հետ խորհրդակցում և հաշվի էին նստում թե Կրոմվելի ղեկավարած հեղափոխականները և թե պահպանողական ռոյալիստները /նա անգամ մի քանի անգամ բանտարկվել է իր կանխատեսումների պատճառով/։ Կրոմվելի պռոտեկտորատի ժամանակ/1652-58 թթ./ Լիլլիի գործունեությունը հասնում է իր գագաթնակետին՝ նրա պարբերականը տպագրվում էր 30 000 տպաքանակով և թարգմանվում օտար լեզուներով, տարածվելով ամբողջ Եվրոպայով մեկ։ Ծաղկում էր նաև նրա մասնավոր խորհրդատվությունը։ Սակայն, 1660-ի մայիսին թագավորական իշխանության վերականգնումը, բարդ կացության մեջ գցեց Լիլլին։ Նրան կրկին մեղադրանքներ ներկայացրեցին կանխատեսումների համար և մեծ դրամական տուգանք նշանակեցին։ Հատկապես մեծ աղմուկ էր առաջացրել 1666-ի Լոնդոնի մեծ հրդեհի կանխատեսումը, որն արվել էր Լիլլիի կողմից դեռ 1652-ին։ Իշխանությունները մեղադրեցին աստղաբաշխին քաղաքը հրդեհելու մեջ, որը սակայն հետագայում հերքվեց։ Ռոյալիստների բանակում հովանավոր ունենալու շնորհիվ Լիլլիին հաջողվում է հաղթահարել այս բարդությունները և մայրաքաղաքից Հերշամ տեղափոխվել իր սիրելի կնոջ՝ Ռութի հետ։ Այնտեղ նա շարունակում էր հրատարակել իր պարբերականը և սկսում զբաղվել դեղագործությամբ և բժշկությամբ։ Վիլյամ Լիլլին կնքում է իր մահկանացուն 1681-ի հունիսի 9-ին։

Նրա կողմից հավաքված գրադարանն ու ստեղծագործությունները պահվում են Օքսվորդում՝ աստղաբաշխական և այլ օկկուլտ բնույթի գրականության արխիվում։ Լիլլիի հարուստ գրավոր ժառանգության մեջ առանձնանում է նրա եռահատոր "Քրիստոնեական աստղաբաշխությունը"/Christian Astrօlogy/, որի առաջին հրատարակությունը տեղի է ունեցել 1647 թվականին։ Այն դասական աստղաբաշխության լավագույն դասագրքերից է, որը ներառում է աստղաբաշխության ժամային, նատալ և կանխատեսական բաժինները, նրա ծավալը 871 էջ է կազմում։

Այս կապիտալ աշխատությունը գրելիս Լիլլին օգտվել է շուրջ 200 հին և ժամանակակից վարպետների ստեղծագործություններից, սակայն ունենալով նաև իր սեփական հարուստ փորձը, կուրորեն չի կառչել ավանդույթից՝ տալով վերլուծության իր մշակած մեթոդաբանությունը։

 
"Քրիստոնեական աստղաբաշխության" առաջին էջը

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

ՀղումներԽմբագրել