Վանկաշեշտական ոտանավոր
Վանկաշեշտական ոտանավոր (սիլաբոտոնիկական) (հունարեն՝ συλλαβή` վանկ և τόνος` շեշտ), տաղաչափական հիմնական համակարգերից մեկը։ Ի տարբերություն վանկական ոտանավորի, վանկաշեշտական ոտանավորի ռիթմը պայմանավորում են ոչ միայն վանկերի հավասար քանակը, այլև շեշտերի կանոնավոր դասավորությունը, ընդ որում, երկրորդ պայմանն ավելի կարևոր է. բանաստեղծն այնպես է ընտրում բառերը, որպեսզի շեշտերն իրար հաջորդեն որոշակի կայուն դասավորությամբ։ Հակառակ դեպքում, եթե անգամ տողերում վանկերի քանակը հավասար լինի, ռիթմ չի առաջանա։ Հենց այդ պատճառով էլ գոյանում են շեշտված և անշեշտ վանկերի համանման խմբեր, որոնք կոչվում են բանաստեղծական ոտքեր։ Յուրաքանչյուր ոտքի մեջ մտնում են մեկ շեշտված և մեկ կամ ավելի անշեշտ վանկեր։ Ըստ այդմ, գոյանում են երկվանկ ոտքեր (յամբ, քորեյ), եռավանկ ոտքեր՝ ստեղն, քողաղոտ, անապեստ։
Բանաստեղծական ոտքի հասկացությունը և ոտքի տեսակների անունները գալիս են անտիկ տաղաչափությունից, որտեղ ոտքը կազմվում էր արտասանությամբ երկար և կարճ վանկերից։ Վանկաշեշտական ոտանավորում արտասանությամբ երկար վանկի տեղը գրավել է շեշտված վանկը, իսկ կարճի տեղը՝ անշեշտ վանկը։
Վանկաշեշտական ոտանավորը բնորոշ է այն լեզուներին (անգլերեն, գերմաներեն), որոնցում բառաշեշտը կայուն տեղ չունի և չափածո խոսքում շատ հաճախ իմաստակերտ նշանակություն է ստանում։ Այս համակարգն առավել համապատասխանում է ռուսաց լեզվին և 18-րդ դարի կեսերից լայն տարածում ստացավ ռուսական պոեզիայում (Պուշկին, Լերմոնտով, Եսենին, Տվարդովսկի և այլն)։
Վանկաշեշտական սկզբունքով բանաստեղծություններ գրվել են նաև հայերենում. յամբական բանաստեղծություններ, որոնց մեջ շեշտերը դրվում են զույգ վանկերի վրա, և անապեստյան բանաստեղծություններ, որոնցում շեշտը դրվում է տողի բոլոր երրորդ վանկերի վրա։ Սակայն հայ պոեզիային առավել բնորոշ է ոչ թե շեշտերի կանոնավոր դասավորությունը, այլ վանկերի հավասար թիվը տողերում և կիսատողերում, այսինքն՝ վանկական ոտանավորը։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 289